Դպրոցներն օպտիմալացնում են, իսկ սննդի անվտանգության ծառայությունը՝ ուռճացնում

Դպրոցներն օպտիմալացնում են, իսկ սննդի անվտանգության ծառայությունը՝ ուռճացնում

Մինչ դպրոցներում, տեսչություններում եւ կառավարության համակարգում օպտիմալացում է ընթանում, եւ բյուջեի ծախսերի կրճատման հրամայական է դրված, Սննդի անվտանգության պետական ծառայությունում հաստիքներ են ավելանում։ Աշխատողների թիվն ավելացել է 60-ով՝ 280 հոգուց դառնալով 340: Գումարային տեսքով այդ 60 հաստիքները պետական բյուջեի վրա կարժենան մոտ 150 մլն․ դրամ: ՍԱՊԾ պետի խորհրդականների թիվն է ավելացվել՝ 2-ի փոխարեն այժմ նրան խորհուրդ կտա երեք անձ, որոնցից եւ ոչ մեկը սննդի մասնագետ չէ։ Մեկը ներկայում մեր կառավարման համակարգում մեծ պահանջարկ վայելող «գազավիկների» դասից է՝ Եղիշե Մարգարյանը, որը գազի սպասարկման գրասենյակի նախկին աշխատող է, հետո «Բելիսս» ընկերություն բացեց եւ ՀԷՑ-ի մատակարարներից էր դեռեւս Գլադունչիկի ժամանակներից։ Վիկտոր Միքայելյանը վերջին տարիներին «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում է աշխատել, իսկ երրորդը՝ Հովհաննես Նավասարդյանը, բանկային մասնագետ է, Արդշինբանկի, Զարգացման հայկական բանկի եւ Կենտրոնական դեպոզիտարիայից եկած։ Ի դեպ, ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը, գալով պաշտոնի, փոխել է ծառայության պաշտոնի անձնագրերի մեծ մասը՝ վերացնելով մասնագիտական կրթություն ունենալու պահանջը: Նպատակը՝ որպեսզի ոչ մասնագետները կարողանան զբաղեցնել քաղաքացիական ծառայության պաշտոններ: 



Ներքին աուդիտի վարչությունն է «բազմացել», գրեթե եռապատկվել, 4 հաստիքի փոխարեն 11 աշխատող կա այստեղ։ Պետն Իշխան Կարապետյանի կուրսեցի Արայիկ Քուրդյանն է: Աշխատողները բողոքում են, որ նա «ՍԱՊԾ-ի Ստալինն» է։ Նրա հիմնական ֆունկցիան հներից ազատվելն է։ Պարզ չէ, թե ինչ իմաստ ունի ներքին աուդիտի այսքան բազմամարդ ստորաբաժանում ունենալը, եթե պետական հիմնարկներում պարբերաբար ստուգումներ են անցկացնում ՀՀ վերահսկիչ պալատը, նախագահի եւ վարչապետի վերահսկողության ծառայությունները, ֆինանսների նախարարության տեսչությունը, Ազգային անվտանգությունը։ ՍԱՊԾ արտաքին կապերի բաժինն է կրկնապատկվել, 4 հաստիքը 9-ն է դարձել։ Օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ համագործակցության բաժինն ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժինը, փաստորեն, նույնանման գործառույթներ են իրականացնում։



«Փոքրիկ ծառայության ինչի՞ն է պետք մինի արտգործնախարարություն ստեղծել իր ներսում»,- հարցնում են միմյանց ՍԱՊԾ աշխատողները։ «Ռիսկերի կառավարման վարչությունը դարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ռիսկերի կառավարման վարչություն: Այստեղ բլեֆն այն է, որ «տեղեկատվական տեխնոլոգիաներ» բառը խցկելով «ռիսկերի կառավարման վարչության» մեջ՝ հնարավոր եղավ փոխել պաշտոնի անձնագրերը, եւ Իշխան Կարապետյանի նախկին հիմնարկ «Նատֆուդ» ՍՊԸ-ի համակարգչային մասնագետ Գեղամ Սիմոնյանը կարողանում է դառնալ վարչության պետ: Համակարգչային մասնագետին Հայաստանի սննդամթերքի անվտանգության կառավարման ռիսկերի վարչության պետ են նշանակել»,- գանգատվում է ոլորտի մասնագետներից մեկը։ Այս նոր, ուռճացված ՍԱՊԾ-ում 25 հաստիքով երկու նոր բաժին է ստեղծվել՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման ու նմուշառման եւ լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման։ Վերջինը կատարում է անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատորիայի ֆունկցիաները, որը գտնվում է ծառայության ենթակայության տակ, եւ այն հանգիստ կարող էր չլինել։



ՀԳ Նշված փաստերի կապակցությամբ ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ հաստիքների նշված քանակը մոտավորապես ճիշտ է, բայց իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ կան, ինչպես, օրինակ, ծառայության անձնագրերի փոփոխությունը։ «Կառուցվածքային փոփոխությունները բերել են գործառույթների բարելավման, որոնց պատճառով կոնկրետ շահեր են շոշափվելու, եւ կան դժգոհ մարդիկ»,- մեր տեղեկատվության «պատճառները» բացահայտեց մամուլի պատասխանատու Նվարդ Առաքելյանը՝ խոստանալով ավելի մանրամասն պարզաբանում տալ առաջիկայում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ