Խոցելի որոշում

Խոցելի որոշում

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ հանրային ուշադրության կենտրոնում են հայտնվում կրթական խնդիրները։ Ընդ որում՝ տարեցտարի դրանք չեն պակասում, չեն հստակեցվում, այլ խորանում են ու ավելի խճճվում։ Այս տարի որոշվեց 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր։ Կողքից հետեւողներին կարող է թվալ, թե սա մեծ առաջընթաց է․ կրթության նկատմամբ հասարակական հոգածության ակնհայտ դրսեւորում։ Սակայն, մասնագետների կարծիքով, այս որոշումն ավելի քան խոցելի է երկու հիմնական պատճառով։ Նախ, որովհետեւ մեր ավագ դպրոցն այդպես էլ չի կայացել, եւ հասկանալի չէ, թե բարձր դասարաններում մեր երեխաներն ինչ են սովորում, եւ ինչ է տալիս նրանց եւս երկու-երեք տարի դպրոցում անցկացնելը։ Այն էլ մի տարիքում, որը լավագույնն է սովորելու, զարգանալու համար, իսկ մենք ընդամենը փորձում ենք նրանց պահել դպրոցի պատերի ներսում, որտեղ բովանդակությունը բացակայում է։ Եվ երկրորդ պատճառը զուտ սոցիալական է։ Եթե մեզանում աշխատանքային իրավունքի նվազագույն տարիքը համարվում է 14 տարեկանը, իսկ դա նշանակում է, որ մարդն իրավունք ունի 14 տարեկանից սկսած աշխատելու, ապա ի՞նչ իրավունքով ենք նրան զրկում այդ հնարավորությունից։ Ինչ է՝ պետությունը պարտավորվո՞ւմ է կերակրել այդ ընտանիքներին, որտեղ աշխատելու տարիքի երիտասարդներ կան, որոնք պատրաստ են եւ ուզում են իրենց վրա վերցնել ընտանիքի սոցիալական հոգսը։ Իսկ եթե չի պարտավորվում, ապա ի՞նչ իրավունքով է նրանց զրկում կերակրող ձեռքից՝ վերջինիս պարտադրելով նստել դպրոցական նստարանին եւ ստանալ իրեն պետք չեկող գիտելիքներ։ Ուրիշ բան, եթե մենք երեկոյան կամ հեռակա դպրոցների համակարգ ունենայինք, որտեղ կկարողանային 16-17 տարեկանները կրթվել՝ չկտրվելով աշխատանքային պրոցեսից։ Այնպես որ, ինչպես միշտ, հիմա էլ վերջից ենք սկսել։