Զինծառայողին սխալ արյուն են ներարկել՝ 5 օրից մահացել է

Զինծառայողին սխալ արյուն են ներարկել՝ 5 օրից մահացել է

Վերջերս Վայքում ցավալի դեպք գրանցվեց՝ մահացավ պայմանագրային զինծառայող, Ջերմուկի բնակիչ Վահե Մարգարյանը: Ընտանիքը կարիքի մեջ էր, եւ Վահեն զինվորականի աշխատավարձով չէր բավարարվում՝ ծառայությունից ազատ ժամանակ աշխատում էր դաշտում, ծիրան էր հավաքում: Հենց այնտեղ էլ տրակտորի տակ է մնացել:



Հարեւանի անչափահաս երեխան մոտակայքում կայանած տրակտորի ղեկին է նստել և չկարողանալով կառավարել մեքենան, վրաերթի է ենթարկել զինծառայողին։ Վահեն մնացել է տրակտորի կցանի և ծառի արանքում։ Երբ կցանը քաշել են, տեսել են, որ որովայնը և ոտքը վնասված են։ Հիվանդանոցում հայտնաբերել են նաև ողերի կոտրվածք, զինծառայողը շատ արյուն է կորցրել: Հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխվելուց 5 օր անց նա մահացավ Մուրացանի կլինիկայում:



Այժմ նրա հարազատները մտադիր են դատարան դիմել բժիշկների դեմ, քանի որ վստահ են, որ տղայի մահվան պատճառը ոչ թե նրա ստացած կոտրվածքներն էին, ինչպես նշված է քննիչի եզրակացության մեջ, այլ սխալ արյան փոխներարկումը, որն արվել է Վայքի հիվանդանոցում:



«Վայքի հիվանդանոցում իմ եղբորը երկրորդ խմբի արյուն ներարկեցին,- պատմում է Վահեի քույրը՝ Մարիամ Մարգարյանը։- Վիրահատության ժամանակ հանկարծ հիշեցին, որ պետք է արյուն ներարկել: Ինչպես միշտ՝ արյուն չկար: Հիվանդանոցում ոչ մի բան չկար․ թելից, բամբակից, բինտից բռնած՝ մեզնից էին ուզում: Արյունն էլ` զինվորներին տեղյակ պահեցին, որ եթե պետք լինի, շտապեն, տան։ Հետո եղբորս ընկերոջից վերցրեցին, ասեցին՝ սա բավական է։ Բայց, չգիտես ինչու, որոշեցին, որ երկրորդ կարգի է պետք, հետո պարզվեց, որ եղբորս արյան խումբը երրորդն է: Արյուն տալու ժամանակ նա սկսեց ցնցվել, մեզ բացատրեցին, թե կոմայից է դուրս գալիս, դրա համար է ցնցվում: Վայքում էլի է այդպիսի դեպք եղել, երբ որ սխալ արյուն են ներարկել»։ Հիվանդին ծանր վիճակում տեղափոխել են Երեւան: Ճանապարհին սրտի կանգ է ունեցել, մի կերպ հասցրել են Մուրացանի հիվանդանոց եւ այստեղ, հետազոտելուց հետո, հարազատներին հայտնել, որ Վահեին նրա արյան հետ անհամատեղելի արյուն են ներարկել: «Մեզ ոչ մի թուղթ չեն տվել ո՛չ Մուրացանի հիվանդանոցում, ո՛չ Վայքի: Նույնիսկ բժիշկների հեռախոսները չէին տալիս, վախենում էին: Ես հասկանում եմ, որ բժիշկը բժշկին չի գցի, բայց մենք վստահ ենք, որ Վահեն կոտրվածքներից չի մահացել, նրան սպանել են բժիշկները, սխալ արյունն է եղել պատճառը: Ու ոչ մեկը մեր դուռը չի ծեծել, չի ասել՝ է՞ս ինչ եղավ: Եթե թշնամու գնդակից ընկած լիներ եղբայրս, հիմա խրախուսումներ էին տվել, իսկ թշնամուն քննադատել էին, բայց հայի ձեռքով է գնացել, ու ծածկում են ամենը»:



Վայքի ԲԿ տնօրեն Ռոբերտ Ասլանյանն իրոք ծածկում է ամենը: Նա խուսափում է մեկնաբանել իր հիվանդանոցի խայտառակ վիճակը, չի ընդունում, որ Վահեի մահվան պատճառն իր բժիշկների գործողություններն են, հիվանդանոցի վատ վիճակը: Տնօրենը չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Վահե Մարգարյանի անունը լսելով՝ շուտասելուկի նման արտասանեց՝ ես արձակուրդում եմ, եւ անջատեց բջջայինը:



ՀԳ. Վահեի որդին բանակային է, ծառայում է Թալիշում, առաջնագծում: Նրանից բացի, տանը երեք երեխա էլ կա: Վահեի առաջին կինը զույգ տղաներին թողել է հոր խնամքին՝ հեռացել: Նրանց Վահեն էր մեծացնում: Հետո նա ամուսնացել է, եւս երկու երեխա ունեցել: Հիմա 4 զավակները մնացին առանց կերակրողի, երիտասարդ այրու ուսերին, վարձով տան մեջ: Վահեից հետո ընտանիքը, հավանաբար, կմնա փողոցում, քանի որ վարձու տանիքի համար փող չունի: Վահեի մոր լացի ձայնը դրսից անընդհատ լսվում է: Շենքի կողքով անցնել չի լինում:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ