Կա երկու Արթուր Աղաբեկյան՝ պատերազմի եվ խաղաղ օրերի

Կա երկու Արթուր Աղաբեկյան՝ պատերազմի եվ խաղաղ օրերի

ԼՂՀ նախագահը որեւէ տարեդարձ, առիթ բաց չի թողնում հերթական մեդալներն ու կոչումները հանձնելու համար․ նա մայիսի 8-ին մի խումբ լրագրողների, պաշտոնյաների, պատգամավորների մեդալներ էր տվել։ Օգոստոսի 31-ին էլ զինծառայողներին, ազատամարտիկներին, չինովնիկներին պարգեւատրելու առիթը ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձն էր։ Մտահղացումն ուղղված է պատերազմական իրավիճակում գտնվող ժողովրդին։ Իրականում այս անձինք պարգեւատրվում են Արցախում մնալու ու պայքարելու համար։ Բայց գաղափարն այնպես է իրագործվում, որ արդյունքում ո՛չ արցախցիներն են գոհ մնում պարգեւատրվողների ընտրությունից, ո՛չ էլ ոչ արցախցի ժողովուրդն է տեղը տեղին իրազեկվում տոնական միջոցառումների մասին։ Անգամ ԼՂՀ նախագահականն իր պաշտոնական կայքում չի հրապարակում բոլոր պարգեւատրվածների անունները։ 



Նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը բացատրում է․ «Պարգեւատրվողներն այնքան շատ են, որ բոլորի անունները հրապարակելը նպատակահարմար չէ»։ Նա մեզ խորհուրդ տվեց անունների ցանկը որոնել «Ազատ Արցախ» թերթում, բայց «Ազատ Արցախի» էլեկտրոնային տարբերակը չի աշխատում։ Ի դեպ, այս թերթը, որն անգամ նորմալ կայքէջ չունի, ԼՂՀ ամենաիշխանական լրատվամիջոցն է, եւ մրցանակաբաշխությունների ժամանակ ամենաշատը սա է մեդալներ ստանում։ Թերեւս, ԼՂՀ եւ ՀՀ ԶԼՄ-ները մի պարգեւատրվողի անուն տիրաժավորեցին՝ ԼՂՀ նախկին փոխվարչապետ, գեներալ լեյտենանտ, «Մարտիկ» հիմնադրամի հիմնադիր նախագահ Արթուր Աղաբեկյանի։ Նա միակն է, ով ԼՂՀ անկախության կապակցությամբ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումն է ստացել եւ, համապատասխանաբար՝ «Ոսկե արծիվ» շքանշան։ «Արցախի հերոս» կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսական հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար, ուստի Արցախում կարծիքներ են հնչում, թե արժեզրկել են «հերոսի կոչումը»՝ ում ասես, տալիս են։ Հիշեցնենք, որ Արցախի հերոսի կոչում ունեն նաեւ Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը, Զորի Բալայանը, Ժաննա Գալստյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը, Մանվել Գրիգորյանը, Վիտալի Բալասանյանը, Մովսես Հակոբյանը, անգամ Պարգեւ արքեպիսկոպոսը։ Թե հատկապես ինչ բացառիկ ծառայություններ է մատուցել Արթուր Աղաբեկյանն Արցախին, եւ ինչու նրան հերոսի կոչում տվեցին, հարցրինք Արցախի բնակիչներին։
Մհեր Պետրոսյան, ՀՀ եւ ԼՂՀ մարտական խաչի ասպետ․ «Ես ամեն ինչից հոգնել եմ, ինձ համար հետաքրքիր չէ, թե ում ինչ կոչում են տալիս։ Արթուր Աղաբեկյանը պատերազմի մասնակից է, եթե դա հաշվի առնենք, ապա, իհարկե, կարելի էր նրան պարգեւատրել։ Ինչ մնում է նրա գործերին պատերազմից հետո՝ պատերազմից դուրս ինչ է արել, ապա՝ ոչ, չէր կարելի»։



- «Ոսկե արծիվ» ստացել են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը։ Առհասարակ, ո՞ւմ են տալիս, իշխանավորների՞ն, մեծահարուստների՞ն։



- Շատ խորը թեմա է։ «Ոսկե արծիվ» ստացածներին՝ եթե ոչ բոլորին, ապա մեծ մասին անձամբ գիտեմ, մյուսներին խորը ուսումնասիրել եմ։ Դա տալիս են ոչ նրանց, ովքեր ազգի համար ծառայություններ են մատուցել։ Իմ կարծիքով, դրանով պարգեւատրում են ռուսներին ծառայություն մատուցածներին։ Կրկնում եմ՝ դա իմ անձնական, գուցե սուբյեկտիվ կարծիքն է։



Վաչագան Զաքարյան, ազատամարտիկ, նախկին վաշտի հրամանատար․ «Արթուր Աղաբեկյանին հասնում էր, այդ կոչումը նրան վաղուց պետք է տային, ուշ են տվել։ Իհարկե, խոսքս պատերազմական օրերի Արթուրի մասին է, նա արիներից ամենաարին էր։ Բայց այդ մեդալները դեռ մինչեւ Արթուրն արժեզրկված են։ Օրինակ, կարծում եմ, «Արցախի հերոս» պետք է Արթուր Մկրտչյանն ստանար, Իգոր Մուրադյանը, բայց չստացան»։



Արթուր Խաչատրյան, նախկին ազատամարտիկ, հաշմանդամ․ «Արցախի հերոսի կոչումը տալիս են իշխանություններին մատուցած ծառայությունների համար։ Արթուր Աղաբեկյանը մարտի դաշտում ավանդ ունի, իհարկե, բայց եթե դրա համար են տալիս, թող ավելի շուտ տային, ոչ թե հիմա։ Արցախի հերոս ստացել են գեներալ Մանվելը, Զորի Բալայանը․ սկզբունք չկա։ Միակ սկզբունքն իշխանությանը ծառայելն է։ Պարգեւ սրբազանն ինչո՞ւ է ստացել «Արցախի հերոս»։ Հոգեւոր կյանքն ի՞նչ կապ ունի հերոսության հետ, իմ կարծիքով, մարդը բացառիկ արիություն պետք է ցուցաբերի, սխրանք կատարի, որ Արցախի հերոս դառնա։ Պետք է 94-95 թվականներին տային, այդ մրցանակներն ուշացած են։ Մարդիկ են ստացել, ովքեր МВД-ում, ազգային անվտանգությունում են «հերոսություններ» արել։ Իշխանություններն արժեզրկել են այդ կոչումները, Արցախում կան իսկական հերոսներ, ովքեր գնահատված չեն, անտեսված են ապրում»։



ՀԳ․ Արցախում շատերն են կարծում, որ կա երկու Արթուր Աղաբեկյան՝ պատերազմի եւ խաղաղ օրերի։ Հիշեցնենք, որ Արթուր Աղաբեկյանը փոխվարչապետի պաշտոնում մեծ դժգոհություններ է առաջացրել, մասնավորապես՝ իր փակ, ոչ հրապարակային գործունեության, կոռուպցիոն երեւույթների համար։ Անցյալ տարի Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, օրինակ, ուսումնասիրել էր Աղաբեկյանի ղեկավարած «Մարտիկ» հիմնադրամի հաշվետվությունները եւ եկել եզրակացության, որ տարիների ընթացքում կուտակված մայր գումարների տոկոսներն ամենեւին էլ չեն ծառայել կանոնադրական նպատակին՝ բանակի հզորացմանը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ