Բոլոր տառապանքները քեզ հայրենիք են տալիս

Բոլոր տառապանքները քեզ հայրենիք են տալիս

***
Մեր սարերը, մեր լեռները, մեր գագաթները պիտի մեզ պաշտպանեն: Մեր լեռներն են մեր ամենամեծ հարստությունը: Գալու են բախվեն էդ քարին: Ձյուն եկավ, սարերն իրենք իրենց պաշտպանում են, թուրքը ստիպված սարից կիջնի: Մենք չկարողացանք պաշտպանել մեր սարերը, իրենք են մեզ պաշտպանում: Երեք գագաթ էր գրավել Նժդեհը եւ էդ երեք գագաթով երեք բանակ ջախջախեց: 

***
Ազգի համար կարեւորը ազգային գեները պահելն է: Հուրախություն մեզ, մեր ազգը դրանք պահել է` իբրեւ երաշխիք դեպի գալիքն ուղեւորվելու: Բերեմ երկու օրինակ, պարզելու համար, թե որն է մեր ազգի բնույթը: Ղարաբաղում, Շահումյանի շրջանում, Ղարաչինարում ադրբեջանցիների հետ ունեցած բախումից հետո հայ տղաները նկատում են չորսի բացակայությունը: Փնտրել են, գտել գլուխները կտրած: Ինն ադրբեջանցու բռնել, բերել են: Ի՞նչ անել: Հենց իրենց՝ ադրբեջանցիներից հինգին ասել են՝ կտրեցեք այս չորսի գլուխները եւ դուք ազատ եք: Հինգը տեղնուտեղը չորսի գլուխը կտրել են: Տեսա՞ր, մերոնք չկարողացան, իսկ նրանք կարողացան: Հա, է, մերոնք թշնամու գլուխ էին կտրելու, նրանք` հարազատի: Վերջում ազատ են արձակել հինգին՝ էն չորսի գլուխները տալով եւ ասելով` մեր վրա կգցեք, կասեք՝ հայերն են արել: Մեկ ուրիշ իրական դեպք հիշեմ․թուրքի ձեռքով սպանված հայ տղայի ծնողներին են հանձնում մի ուրիշ թուրքի եւ ասում` լուծեցեք ձեր վրեժը: Երկու օր հետո հայ ընտանիքը բերում է թուրքին եւ վերադարձնում մեր տղաներին, ասելով` չկարողացանք սպանել, դուք ինչ ուզում եք, արեք: Էն էլ ասեմ, որ էդ երկու օրը կերակրել են թուրքին: Մեր ազգը սա է, էս հատկանիշները ազգի մեջ դարերով չեն փոխվել: Էլի կան այսպիսի դեպքեր․ վերջերս էր, բռնել էին երկուսին, մեկին հանձնել զոհված հայ տղայի ծնողներին` մատաղ անելու... Հայ կինն ասել է` տարեք աչքիս առաջից. «Իբր քիչ է դարդս, սրան էլ բերել եք»:

***
Թուրքի վերաբերմունքն ես ուզում հասկանալ: Պարզ բան է. թուրքն էդպես է վարվում, որ հետո ասի` մենք հարեւաններ ենք, բարեկամներ ենք, պիտի ասի` եղել ենք ու կանք, արի հրաժարվենք քո պահանջատիրությունից: Է, հա, ո՞վ բան ասաց, թուրքն էլի թուրք է մնում: Պանթուրքիզմը Ռուսաստանում է ստեղծվել, տեղափոխվել Թուրքիա: Ո՞րն է պանթուրքիզմի գաղափարը` հայ է, պիտի սպանես: Բայց թե ի՞նչ անես, էդ են քո հարեւանները: Գերմանիան էսօր Ֆրանսիայի հետ լավ չէ՞, բայց չէ՞ որ երեկվա թշնամիներն են: Վատն էն է, որ ճակատագրով շրջապատված ու շրջափակված ենք վայրի ցեղերով: 

***
Իսկ այն ամենը, ինչ ադրբեջանցիք չեն կարողանում յուրացնել, ոչնչացնում են: Ահա թե ինչպիսի ժողովրդի հետ է կապված մեր հարցը, ժողովուրդ, որ դարեր շարունակ եղել է մեր հակառակորդը, մեր թշնամին: Անվերջ մեր տափաստանը վերցրել, քշել, քշել, բերել՝ էս քարե կղզուն է հասցրել, հիմա սա է իրեն հարկավոր: Ուզում է էստեղ էլ չլինենք:

***
Թերեւս էն ժամանակ էս բարդությունները չկային, քոչվոր ժողովուրդ էր: Բայց էդ մարդը սովորեց տուն շինել, սովորեց հաց թխել, մեզնից, իհարկե, արդյունաբերություն ունեցավ, Բաքվի պես վիթխարի քաղաք ունեցավ, յուրացրեց պարսիկ գրողներին, յուրացրեց աշխարհում ինչ որ կա, դարձրեց իրենը, ռուսերեն սովորեց, դարձավ ահագին հնարամիտ ու զարգացած, ասել է թե` ավելի կատաղի, քան առաջներում էր: Զինվեց աշխարհի ամենավերջին զենքով, հիմի զինված է, քո դեմ կանգնած: Էդ ասացի, հոշոտելու, սպանելու վայրենի բնազդի մասին ասացի արդեն: Զինված, արյուն թափելու պատրաստ, բայցեւ եվրոպական քաղաքակիրթ մարդու դիմակ հագած:

***
Պիտի որ լավ լինի մեր վիճակը, եթե դրսից չխանգարեն: Ղարաբաղի խնդիրն է մեր առջեւ: Լուծումը չեմ տեսնում: Եթե քաղաքական ճանապարհով լուծենք, թուրքն էլի իր հարցերը լուծելու է, մարզը վերցնելու է: Քանի՜ Ղարաբաղ է վերցրել, ձուլել, խառնել, քշել: Էստեղից խփել՝ նշանակում է մեր դեմ հանել ամբողջ իսլամական աշխարհը: Համաշխարհային պատերազմ կսկսվի:

***  
Վայելողն ամեն ինչ անում է իր համար, ամեն բան կարող է օգտագործել: Մեկը ազգ չի ճանաչում, ոչինչ չի ճանաչում իր շահից այն կողմ, իսկ մյուսը զոհում է իրեն Ղարաբաղում: Մեր լավագույն  տղաներն են զոհվում: Էս է ցավը:

***
Ես հավատում եմ, որ մենք մեր ձեռքով կերտելու ենք մեր ապագան, կերտելու ենք այնպես, ինչպես մենք ենք ուզում: Անպայման: Թուրքն էլ գիտե, որ մենք մեծ հավատ ունենք մեր հաղթանակի հանդեպ, գիտե նույնիսկ, որ իր մերկացած սրից շատ ավելի զորավոր է մեր լուսավոր հավատը:

***
Ժամանակ առաջ զրուցում էինք, ես ասացի` Ղարաբաղն էս շարժման նույնիսկ զանգը չէ, զանգի լեզվակն էլ չէ, պարանն է լեզվակի: Հիմա էլ նույնն են ասում, Ղարաբաղը առիթ է Ադրբեջանի իսլամական մեծ շարժման համար: Ուզում է մեծ Ադրբեջան ստեղծի, միացնի Հարավային Ադրբեջանը, Հյուսիսային Իրանը, որտեղ 10 միլիոն ադրբեջանցի են, իրենց ասելով` աղվանների ցեղ է, նույն լեզվով են խոսում: Կողքն էլ Թուրքիան է: Գնալ միանալ են ուզում: Գնաց, հետն էլ Ղարաբաղը պիտի տանի, Նախիջեւանը պիտի տանի: Նպատակները շատ ավելի մեծ են: Կենտրոնը գիտե: Դա մեր գործը չէ: Խորհրդային զորք մտավ էս օրերին էնտեղ՝ կնշանակի շատ ավելի լուրջ վիճակ է, քան մենք պատկերացնում ենք: Ո՛չ Ղարաբաղի հարց է միայն, ո՛չ էլ իշխանություն գրավելու, մեծ շարժում են ուզում սկսել աշխարհի դեմ, կենտրոնը կոնկրետ 1918 թվականից գտնվում է Բաքվում: Պա՛րզ է:

***
Մենք ենք մեր օգնականները։ Մեր հույսը մեր ինքնապաշտպանությունն է։ Մենք կարող ենք մեզ պաշտպանել, թույլ տան՝ մենք մեզ պաշտպանենք․ այսքան բան։ Մենք չենք կարողանում աշխարհի ժողովուրդներին հասցնել-ասել՝ շատ սիրելի բարեկամներ, երկու մշակույթ են դեմ-դիմաց, կանգնած է վայրենի, բարբարոս մի ցեղ, ազերի կոչված, 14-րդ դարում Կովկաս թափանցած մի ցեղ, եւ չեմ իմանում՝ քանի հազար տարի այս հողի վրա ապրած հայ ժողովուրդ, որ մշակույթ է ստեղծել, ամեն ինչ ստեղծել է։ Չենք կարողանում հասկացնել, որ էդ երկու մշակույթների կռիվն է, դրանք կրող ժողովուրդներն են դեմ-դիմաց կանգնած՝ մեկը՝ իր սպանելու մոլուցքով, մյուսը՝ ապրելու իրավունքով։ 

***
Առհասարակ, ընդունված է ասել՝ հայերը միաբան չեն։ Հայերը միաբան չեն եղել, երբ միաբանություններ են ունեցել տարբեր տեղերում, ենթարկվել են տարբեր երկրների, հակասություններ են ունեցել։ Եղել են խանություններ, եղել են մելիքություններ, եղել են նախարարություններ, որոնք միմյանց դեմ են ելել։ Հիմա դու կարո՞ղ ես Հայաստանում ցույց տալ երկու շրջան, որ իրար դեմ լինեն։ Ոչ։ Եթե այդպես է, ուրեմն եկեք ասենք, որ մենք միաբան ենք։ Միաբան չլինել չենք կարող։ Ահա թե ուր եմ ես հասնում։ Մենք հիմա ավելի միաբան ենք, ամբողջ ենք, անխառն ժողովուրդ ենք, մեր մեջ ուրիշ տարրեր չկան։ 

***
Դու փորձե՞լ ես․ աղվեսը բնից հանել չի լինի, օձը, մուկը չես կարող բնից հանել։ Ինչ է, ադրբեջանցին պիտի գա, թեկուզ նորագույն զենքով, սպիտակ խալաթ հագած, զրահավորված՝ պիտի հանի՞ ինձ իմ տնից։ Հնարավոր բան չէ։ Իզուր են կարծում, թե երբեւիցե այս մեթոդով հաղթել կլինի հայ ժողովրդին։ Պիտի ասեմ՝ երբեք մենք այսքան ուժեղ չենք եղել։ Նայենք մեր պատմությանը, չեմ ասում՝ Տիգրան Մեծի կամ Բագրատունիների ժամանակաշրջաններին․ այս կողմ գանք։ 

***
Կարծիք կա, թե իբր մենք երբեք այսպիսի վիճակում չենք եղել, այսքան թույլ չենք եղել։ Չհոխորտան ադրբեջանցիները, իրենք շատ են, իրենց բարեկամները շատ են, զենքը շատ է։ Այս դեպքում ուժը զենքը չէ, ուժը քանակը չէ, ուժը հարստությունը չէ, ուժը նավթը չէ, ուժը ծովը չէ։ Երբ նրանք աշխարհի առջեւ ցույց տվեցին իրենց մարդասպանի դանակը, պարզվեց, որ շատ ավելի թույլ են, քան մենք կարող ենք երբեւիցե լինել։ Ասել է թե՝ բարոյապես նրանք ընկած ժողովուրդ են։ Թող իմանան, որ մենք անհամեմատ ուժեղ ենք, որովհետեւ մեր տունն ենք պաշտպանելու, իսկ պաշտպանությունը կռվի մեծագույն ձեւն է։ 

*** 
Երեխայի մեջ հարկավոր է ամեն բանից առաջ տիրոջ զգացում սերմանել եւ ասել՝ այս հողը քոնն է։ Առանց հողի հայրենիքի զգացողություն չես կարող ունենալ։ Հայրենասիրության այբուբենը հայրենի հողի վրա տուն շինելը եւ էդ տան մեջ ապրելն է։ Ինչ ուզում ես արա, տուն եւ էդ տանն ապրող մարդ։ Ուրիշ կերպ հայրենիք չի լինում։ Մեր ժողովրդական էպոսում էլ հայրենիքից հետո ժառանգության հարցն է․ մարդ պիտի լինի, որ տեր կանգնի հայրենիքին։ Տեր կանգնող մարդն է հարկավոր։ Բոլոր տառապանքները քեզ հայրենիք են տալիս։ Տառապանքն ինքնին հայրենիք է։

***
Վերջը լավ կլինի, մենք չենք լինի։ Ես ու դու չենք լինի։ Փոխվելու է, լավ է լինելու։ Հեմինգուեյն ասել է՝ մահը սարսափելի չէ, եթե մտածես, որ ամեն ինչ լավ է լինելու։

1988-92թթ.

Ներկայացված են հատվածներ «Համո Սահյան. Երկեր․ Հատոր չորրորդ. Մտորումներ ժամանակի խնդիրների մասին» գրքից, Երեւան, 2014: 
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ