Հանրապետության նախագահն առաջնորդվում է ոչ թե ենթադրություններով, այլ՝ ռեալ իրավիճակով. ՀՀ նախագահի աշխատակազմ

Հանրապետության նախագահն առաջնորդվում է ոչ թե ենթադրություններով, այլ՝ ռեալ իրավիճակով. ՀՀ նախագահի աշխատակազմ

Նոյեմբերի 16-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ ուղերձով, որով խոսեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման, երկրի կառավարումն ազգային համաձայնության կառավարությանը հանձնելու անհրաժեշտության, ազգային միասնականության անհրաժեշտության մասին։ 

Այս թեմայով «Հրապարակը» գրավոր հարցեր էր ուղարկել նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչություն, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև։

-Նոյեմբերի 16-ին հանդես եկաք ուղերձով, որով նշեցիք վարչապետի հրաժարականի, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու, պետության կառավարումն ազգային համաձայնության կառավարությանը հանձնելու անհրաժեշտութունը։ Ինչո՞ւ այդ օրը որոշեցիք այսպիսի հայտարարություն անել, երբ արդեն համաձայնագիր էր հաստատված, որով ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվում ԼՂՀ տարածքի մեծ մասը, այդ թվում՝ Շուշին։

-Հանրապետության նախագահն Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ, հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգությունները, անհապաղ նախաձեռնում է քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։

Այդ խորհրդակցություններն ու դրանց շրջանակում ունեցած հանդիպումները Հանրապետության նախագահն ամփոփել է ուղերձով, որում բառացիորեն ասել է՝ «ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները»: Այսինքն՝ նախագահն ուղերձով իր դիտարկումները ներկայացրել է նախաձեռնած հանդիպումներն ավարտելուն պես:

-Դուք, պատերազմում տեղի ունեցող զարգացումներից տեղյակ չե՞ք եղել։ Ինչո՞ւ ավելի վաղ հանդես չեկաք երկրի կառավարումը «ազգային համաձայնության կառավարությանը» կամ «Պաշտպանության կոմիտեին» կամ այլ կոլեգիալ մարմնի հանձնելու մասին ուղերձով։ Այս մասին բազմաթիվ հայտարարություններ և առաջարկություններ են եղել տարբեր քաղաքական ուժերի, գործիչների կողմից։
 

-Քաղաքական ուժերն ու կուսակցությունները հայտարարություններ կամ առաջարկություններ կարող են անել այն ժամանակ, երբ իրենք ցանկանան կամ նպատակահարմար գտնեն:

Հանրապետության նախագահը որևէ կուսակցության կողմից չէ, իսկ իր դիտարկումները հնչեցնում է համակողմանի գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը:

-Որքանո՞վ էիք տեղեկացված պատերազմական իրավիճակից։ Երբ ամեն ինչն արդեն ծայրահեղ ծանր էր, ինչո՞ւ գործուն քայլեր չկատարեցիք, որպեսզի բեկում մտնի։

-Հանրապետության նախագահը թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակներում գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում:
Այն դեպքերում, երբ Հանրապետության նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստերին, նա մշտապես իր կարծիքը բարձրաձայնել է: Պատերազմի օրերին նախագահն Արցախի թեմայով նաև հեռախոսազրույցներ է ունեցել իր որոշ գործընկերների հետ, ինչպես նաև աշխատանքային այց կատարելով Բրյուսել և Փարիզ՝ հանդիպում-քննարկումներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի,  Եվրոպական խորհրդի նախագահի  և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, դրանց ընթացքում մանրամասնորեն անդրադարձել սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, դրանում Թուրքիայի ներգրավվածությանն ու ռազմաքաղաքական օժանդակությանը: Իրավիճակին նախագահն անդրադարձել է նաև միջազգային տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներին:
Հանրապետության նախագահը գործել և շարունակելու է գործել իր սահմանադրական լիազորությունների շրջանակում՝ առավելագույնս օգտագործելով օրենսդրությամբ ընձեռված հնարավորությունները, ինչպես նաև իր անձնական կապերը՝ ի շահ երկրի ու ժողովրդի:

-Ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմել, եթե Ձեր ուղերձով մատնանշված քայլերը չկատարվեն:

-Հանրապետության նախագահն առաջնորդվում է ոչ թե ենթադրություններով, այլ՝ ռեալ իրավիճակով: