Եթե դավաճան էինք, պետականության թշնամիներ, ինչո՞ւ էիք «հալածանքի շրջանում» մեզ հետ հարաբերվում
Երկու օր է՝ Մայր Աթոռ-Իմքայլականներ ծավալված բանավեճի ընթացքում կողմեր շարունակում են փոխադարձաբար մեղադրանքներ հնչեցնել։ «Հրապարակի» խնդրանքով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը ևս կարծիք հայտնեց։
-Սրբազա՛ն, Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու Ամենայն հայոց կաթողիկոսի կոչից հետո կոշտ գնահատականներ հնչեցին, եկեղեցին խնդրեց չքաղաքականացնել և խոսքը դիտել ամբողջության մեջ, Շիրակի թեմի առաջնորդն էլ իր խոսքում չխնայեց և հայտարարեց, որ պետական պաշտոնյան իրավունք չուներ փողոցում պպզածի բառապաշարով խոսել։
-Բոլորդ էլ տեղյակ եք, տեսել եք, ծանոթ եք Վեհափառ հայրապետի հայտարարությանը, հստակ նշված է, որ բացարձակ որևէ ցանկություն չկա որևէ կերպով խառնվել արդարադատության գործընթացներին կամ խոչընդոտել։ Եվ միևնույն ժամանակ, նաև համավարակի համատեքստում, անդրադառնալով բոլորին, ովքեր գտնվում են կալանքի մեջ և ռիսկային խմբում են, մատնանշվել է նաև Ռոբերտ Քոչարյանի պարագան։ Այսինքն՝ այս ողջ համատեքստից կտոր-կտոր մեկնաբանություններ անելը առհասարակ, և դրանում դավադիր հետքեր փնտրելը, ինչը որոշ մարդիկ փորձում են անել, անընդունելի է։ Երկրորդ պարագան, որ ավելի պախարակելի է, այն է, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա, յուրաքանչյուր մարդ կարող է համաձայնել, չհամանաձայնել Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորին, խնդրանքին, կոչին, վերլուծել այն, որևէ կերպով և նույնիսկ քննադատել։ Բայց հատկապես պետական պաշտոնյա կողմից անհարգալից ու անբարեկիրթ կերպով Ամենայն հայոց կաթողիկոսի մասին խոսելը մեղմ ասած անընդունելի է ամբողջովին։ Արդեն հարցը նույնիսկ ո՛չ Ռոբեր Քոչարյանը է և ո՛չ էլ կալանավորները, հարցն այդ խնդրից դուրս է։ Մարդիկ պետք է կարողանան հասկանալ, որ իրենք պետական, քաղաքական գործիչներ են և կարողանան իրենց կրքերն ու զգացմունքները զսպել։ Հիմա հակառակ կողմից էլ մարդիկ անպարկեշտ կերպով արտահայտվե՞ն․․․ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Եվ նաև հետագայի այն «արդարացումները», որ իբր, արդարադատության վրա ճնշումներ են գործադրվում։ Բացարձակ, ճնշման հարց չկա, կարող են ընդունել, կարող են՝ ոչ։ Եվ ակամայից ուղղակիորեն խնդիրը քաղաքականացնելն ու քաղաքական դաշտ տեղափոխելը սխալ է։ Ընդամենը բարոյական, բարոյագիտական հարթության մեջ պետք է դիտարկվեր։ Եվ այս ամենը փորձել մեղսագրել եկեղեցուն ու Ամենայն հայոց կաթողիկոսին, սա կրկնակի, եռակի սխալ է։
Իսկ Նավասարդ սրբազանի գործի հետ կապված․ Մայր աթոռն արդեն իսկ հայտարություն արել է, որ մարդու անմեղության կանխավարկածի հարցը պետք է հարգել և ավելորդ շահարկումների տեղիք չտալ։ Թե հիմա ի՞նչ կլինի ապագայում, ինչպես իրադարձությունները կդասավորվեն, թող արդարադատությունը որոշի ինչ ճանապարհով որ կլինի։
Բայց արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունենալ և այս ճանապարհով ազդակներ ուղարկել բոլորին, որ ոչ ոք իրավունք չունի այս թեմայով խոսել կամ խնդիրը արծարծել․․․ ես չգիտեմ՝ որևէ բանական մարդ կարո՞ղ է նման բան պնդել։
-Սրբազան, ստիպված եմ իրենց մեջբերել, որ ասում են՝ այս կապույտ գլխարկով մարդը (նկատի ունեն Գարգեին Բ-ին) , լռել է Մարտի մեկի դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ կային։
- Ամենայն Հայոց կաթողիկոսը որևէ մեկի պահանջով թելադրված, թե այսպես է պետք լինի, այնպես, չի կարող առաջնորդվել։ Եվ եթե նույնիսկ իրենց ասածն ընդունենք որպես «ճշմարտոթյուն», լավ, այն ժամանակ «լռել է», դուք ասում եք՝ մենք փոխել ենք, մարդկանց իրավունք ենք տվել խոսելու, որ մենք ուզում ենք, որ մեր եկեղեցին, խոսի, արտահայտվի, է, ձեր ուզածն է։ Հիմա ինչո՞ւ եք խառնվել, ի՞նչ է պատահել։ Մանավանդ, որ քաղաքական ենթատեքստ գոյություն չունի, և եթե նույնիսկ գոյություն ունենար, ուրեմն այդ ձևո՞վ պետք է հարաբերվեք։ Այդ կերպո՞վ, հայխոյախառն խոսքերո՞վ, անհարգալից վերաբերմունքո՞վ։ Ուրեմն մեր երկրում բարեկիրթ խոսակցություն, երկխոսություն, անգամ՝ բանավեճ, հնարավոր չէ՞ ունենալ։ Կամ պետք է հայհոյենք կամ պետք է գովերգե՞նք։ Իրավունք չկա՞ որևէ կերպ քննարկում ունենալու։ Բանական երկխոսություն ունենալու։ Չհամաձայնվելու, ո՞վ է ասում , որ բոլորը պետք է բոլորի հետ համաձայն լինեն։ Եվ հետո՝ Մարտի մեկի հետ կապված․ բազմաթիվ կալանավորներ են եղել, նրանց այցելություններ են եղել, և հենց Ամենայն հայոց կաթողիկոսի գիտոթյամբ և օրհնությամբ։ Ավելին՝ իրենք են խնդրել, որպեսզի Հայրապետը միջնորդի իրենց ազատ արձակման հետ կապված, և ես որքան տեղյակ եմ՝ շատերն ուղղակի վաղաժամկետ էլ ազատվել են։ Դա պատահակա՞ն է եղել,: Իրենցից ոմանք էլ արժանապատվություն ունեցել են գալու ու շնորհակալություն հայտնելու։ Ես չեմ ուզում սա բացահայտել ու խոսել, ոչ էլ պաշտպանության կարիք ունենք այն իմաստով, որ հարձակվում են, մենք էլ պաշտպանվում ենք, սա ոչ մի տեղ տանող աղմուկ է։ Այսօր մենք մեր երկրում բազմապիսի՝ ներքին ու արտաքին խնդիրներ ու մարտահրավերներ ունենք, մենք պետք է կարողանանք լծվել ու լուծել այդ հարցերը։ Մենք չենք կարող անպտուղ վիճաբանությամբ ու հայհոյախոսությամբ լցնել մեր կյանքը և առաձ չշարժվել։ Վերջապես պետության շահ գոյություն ունի և բացարձակ արժեքներ, որոնք անփոխարինելի են:
-Դե կներեք, իրենք էլ ասում են, որ բենթլիասեր Կճոյանը չի կարող բացարձակ արժեք լինել։
-Որևէ մեկի մասին կարծիք հայտնելու համար ո՞վ է ում դատավոր կարգել այս կյանքում։ Մարդիկ էլ կան, որ հակառակն են պնդում, հիմա ի՞նչ անենք։ Որևէ մեկի չափորոշիչներով, վերաբերմունքով ու որոշումներո՞վ ենք որևէ մեկս շարժվելու։ Այսինքն՝ որևէ մեկի կերպարն ու նկարագիրը որոշելը տրված է ինչ-որ մեկի՞ն։ Սկսում ենք անձերին քննե՞լ, ի՞նչ ենք անում, այդպե՞ս է լինելու մեր կյանքը։ ․․․Հիսուսի խոսքն է՝ ով անմեղ է, թող առաջինն ինքը քար նետի։ Եթե անմեղների ու արդարների շրջապատում ենք գտնվում ու տեղյակ չենք, ուրեմն լավ․․․
-Հեգնում եք, իշխանության ներսում ու առհասարակ՝ անմեղներ չկան։
-Ես չեմ հեգնում, ես ասում եմ իրականությունը։ Այո, չկան, ոչ մի տեղ։ Անմեղ կա, մեկն է՝ Աստված։ Հիմա բոլորը անսխա՞լ են։ Հիմա, բոլորի քաղաքական և այլն ճանապարհը քննարկե՞նք, վերլուծե՞նք։ ։ Սա՞ է մեր կյանքը, մենք ավելի մեծ, ավելի կարևոր հարցեր չունե՞նք։ Եվ մենք բողոքելու խնդիր չունենք, ինչի՞ պետք է բողոքենք, ո՞ւմ, բոլորն էլ հայ եկեղեցու անդամներ են, գոնե նրանք, ովքեր հռչակում են, որ են․․․
Եվ երկրորդ․ մի ժամանակ ընդդիմադիրներ էին, բոլորի հետ հարաբերություններ ունեինք, բոլորի՛անխտիր: Ամենադժվար ժամանակում գտնվող ամենաակտիվ ընդդիմադիրներ,որոնք այսօր որոշ իմաստով իշխանության մեջ են նաև, կամ՝ տարբեր մակարդակների վրա են․․․ էդ մեր մտերիմները չէ՞ին, եկեղեցու անդամները չէ՞ին էն օրերին, որ կոչվում է՝ «հալածանքի շրջան»․․․ այն ժամանակ ինչու՞ էին մեզ հետ հարաբերվում, եթե մենք դավաճան էինք, պետականության թշնամիներ էինք, պետության հակառաորդներ։ Այն ժամանակ ինչու՞ էին ակնկալում, որ մենք իրենց այցելենք, իրենց համար խոսենք, ամենադժվար պայմաններում, կալանավայրերից մինչև թաքնված լինելու հանգամանքը։ Ամենաակտիվ ընդդիմադիրները, կլինեն քաղաքացիական պայմանագրից, կլինեն ՀԱԿ-ից, որևէ շերտի ընդդիմադիրներ։ Եթե այդպես կուսակցականացման ու քաղաքականացման խնդիր է դրված,, թող կանգնեն խոսեն դրա մասին։ Իրենք իրենց բացահայտեն։ Բավական է՝ գլուխները թաքցնելով ապրեն։ Թող ելնեն, խոսեն, ասեն հարաբերվե՞լ ենք այս մարդկանց հետ, բարեկամություն ա՞րել ենք, հա՞ց կիսել ենք միասին թե՞ ոչ։ Հենց այդ տարիներին, նախքան հեղափոխությունը եղած ժամանակաշրջանի մասին է: Հետևաբար, ես հրավիրում եմ խաղաղության և ինքնաքննության հուսալով, որ բանականությունն ու մեր պետության ու ժողովրդի առաջնային շահը կհաղթի:
Կարծիքներ