Խոսե՞լ միջազգային կառույցների հետ, թե՞ արհամարհել

Խոսե՞լ միջազգային կառույցների հետ, թե՞ արհամարհել

Մայիսի 1-ից Հայաստանում իշխանությունների դեմ պայքարի ելած դիմադրության շարժման նախաձեռնողներն իրենց ներսում բուռն քննարկումներ են ունեցել՝ միջազգային կառույցների, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների հետ աշխատելու, նրանց հետ երկխոսության մեջ մտնելու, շարժման ընթացքի, իշխանությունների պահվածքի մասին իրազեկելու հարցերի հետ կապված։ Իշխանություններին եւ հատկապես Նիկոլ Փաշինյանին Արեւմուտքի դրածո ներկայացնող ընդդիմադիրների գերակշիռ մասը հակված է եղել այդ կառույցների, դիվանագետների հետ չաշխատել, չհարաբերվել՝ դա համարել են անիմաստ աշխատանք, որովհետեւ նրանց եւ գործող իշխանությունների շահերը  համընկնում են, ու միամտություն կլինի ակնկալել որեւէ աջակցություն, լինի դա թեկուզ դատապարտող հայտարարությունների տեսքով կամ որեւէ այլ կերպ։

Ավելին, արդեն մի քանի շաբաթ է՝ Հայաստանում փողոցային պայքար է ընթանում, ոստիկանները բիրտ ուժ են կիրառում, մինչդեռ միջազգային կառույցները լռում են։ Իսկ որ առավել տարօրինակ է՝ երբեմն հանդես են գալիս ցուցարարներին ուղղված կոչերով։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, որը ցուցարարներին կոչ արեց «զերծ մնալ բռնությունից եւ հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը», հստակ ցույց տվեց, որ իրենց ձեռնտու իշխանություն է այսօր Հայաստանում գործում։

Սակայն ընդդիմության մեջ եղել է նաեւ տեսակետ, որ բոլոր դեպքերում աշխատանքներ տանելը ճիշտ է, եւ մարդու իրավունքների երբեմնի պաշտպան, ջատագով ներկայացող կառույցներին ու երկրներին պետք է փաստեր մատնացույց անել, ստիպել, որ առերեսվեն իրականության հետ։ Պետք է կոնկրետ դեպքերով ցույց տալ, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունները գրեթե չեն տարբերվում նախկին մերժվածներից, ու ցուցարարների նկատմամբ գործադրվում են նույն ռեպրեսիաները եւ մի բան էլ ավելին, քան Սերժ Սարգսյանի օրոք էր։ Այս թեւի հույսն այն է եղել, որ Արեւմուտքն իր որդեգրած արժեքների՝ ժողովրդավարության, խաղաղ հավաքների սկզբունքի վրայով շատ բացահայտ չի անցնի։

Քննարկումների արդյունքում, այնուամենայնիվ, նժարը թեքվել է երկրորդ տեսակետի կողմը։ Հիշենք, որ նախօրեին՝ պայքարի 10-րդ օրը, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հարթակից դիմեց Հայաստանում հավատարմագրված «բոլոր» դեսպանություններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նշելով, որ «վարչապետի աթոռը զբաղեցնող անձն» այլեւս չի կարող ներկայացնել հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը․ «Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը եւ տեղի ունեցող զարգացումները ձեւավորել են Ն. Փաշինյանի հրաժարականի եւ հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։ Այս պահանջը հիմնավորված եւ թելադրված է Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարեւոր օրակարգերն ամբողջությամբ ձախողելու պատճառով։ Խնդրում ենք վերոշարադրյալի մասին հայտնել ձեր մայրաքաղաքներ եւ կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաեւ հաշվի առնել ձեր ամենօրյա աշխատանքում»։

Ամեն դեպքում, ընդդիմությունը փոքր խումբ է ձեւավորել, որը նամակներ, դիմումներ է հղում միջազգային կառույցներին։ Այդ խմբում են պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը, Էլինար Վարդանյանը եւ Աննա Մկրտչյանը։