Հուսանք, որ կնպաստեմ Փաշինյանի վարկանիշի փոշիացմանը․ Անուշ Լալայան

Հուսանք, որ կնպաստեմ Փաշինյանի վարկանիշի փոշիացմանը․ Անուշ Լալայան

Գիշերը ժամը 00։38-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, մասնագիտությամբ հաշվապահ Անուշ Լալայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում նա վարտիքով փակում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ պաստառի վրա պատկերված լոգոն։

Անուշ Լալայանը դեռևս 2018 թվականին աչքի էր ընկել ներքնաշորերով արագաչափերը փակելով՝ մասնակցություն ունենալով «թավշյա հեղափոխությանը»։

«Հրապարակի» հետ զրույցում Լալայանն ասաց, որ ակցիայից անցել է ընդամենը մի քանի ժամ, բայց արդեն անանուն ֆեյքերի գրոհի է ենթարկվել։ «Ինձ վիրավորանքներ են հնչեցնում, իմ արժանապատվությունը նվաստացնող, անգամ արդեն ստացել եմ մի քանի սպառնալիքներ, ահա և այս է մեր իշպանությունների իսկական դեմքը», - նշեց նա։


- Ինչո՞ւ որոշեցիք վարտիքով ակցիա իրականացնել՝ փակելով ՔՊ լոգոն։ Կարելի՞ է ենթադրել, որ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը մտնում է նախընտրական քարոզարշավի, ընտրական պայքարի մեջ։

- Իմ ակցիան ոչ մի կապ չունի «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ, այն չեմ համաձայնացրել ոչ մեկի հետ, ես եմ ակցիայի իրականացման՝ թե՛ ձևի, թե՛ ոճի և թե՛ մեսիջի հեղինակը: Քաղաքացիական այդ սիմվոլիկ ակցիան իրականացրել է բացառապես քաղաքացի Անուշ Լալայանը՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով Նիկոլ Փաշինյանի և իր խմբի կործանարար գործողությունների դեմ: Ես վարտիքով ազդարարել եմ Նիկոլ Փաշինյանի մահաբեր իշպանության վախճանը, ինչպես ժամանակին ավետել էի նախկին իշխանությունների մայրամուտը։

Ուզում եմ ավելացնել, որ ինձ հետ համակարծիք են նաև բոլոր այն մարդիկ, ովքեր առանց որևէ հետին մտքի կամ շահի եղան համաժողովրդական թավշյա այդ հեղափոխության ակտիվ մասնակիցներ, սակայն հիմա իրենց խաբված են զգում։ Ես իմ պարտքն էի համարում նախընտրական այս շրջանում իմ ակցիայով ինքնախոստովանական մեսիջ ուղղել ոգևորելու նաև այն մարդկանց, ովքեր ինձ պես ապրում են հիասթափության խորը ճգնաժամ:

- Սրանո՞վ եք սահմանափակվելու, ի՞նչ սպասել հետագայում։ Կարելի՞ է համարել, որ սրանով իշխանափոխության սկիզբ եք ազդարարում, ինչպես 2018-ին էր։

- Հուսանք, որ այս ակցիայով ես կնպաստեմ Փաշինյանի՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի փոշիացմանը:

- Իսկ ո՞ր ուժին եք նախապատվություն տալիս։ Ո՞րն է, ըստ Ձեզ, կարող ստեղծված իրավիճակը շտկել, Հայաստանի մեջ և շուրջ ճգնաժամը վերացնել։

- Բարեբախտաբար այս ընտրություններին մասնակցում է քաղաքական մի ուժ, որը որ խոհեմության և լրջանալու կոչեր է անում, որը որ զերծ է պոպուլիզմից և իրերը կոչում է իրենց անուններով: Ես իմ ձայնը տալու եմ հենց այդ քաղաքական ուժին․ չէ՞ որ նա վերջում, գրողը տանի, ճիշտ դուրս եկավ:

- Նկատի՞ ունեք «Հայ ազային կոնգրեսին»։ Ձեր կուսակցությունը 2018-ին «Հանրապետություն» կուսացկության հետ «Մենք» դաշինքով էր մասնակցել։ Ի՞նչ փոխվեց ձեր հարաբերություններում։

- Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ իմ կուսակցության թե՛ ղեկավարության և թե՛ անդամների հետ։ Մեզ մոտ պահպանվում է փոխադարձ հարգանքն ու վստահությունը։ Ես շարունակում եմ կրել «Ազատ դեմոկրատների» որդեգրած լիբերալ համոզմունքները։

Քանի որ ցավոք մեր կուսակցությունը չի մասնակցում այդ ընտրություններին, ապա ես որպես քաղաքացի իմ ընտրությունը կատարելու եմ ՀԱԿ-ի օգտին։ Իմ այդ ընտրությունը նույնպես անձնական որոշում է, և ուղղորդված չէ ոչ մեկի կողմից:

Ի դեպ, ուզում եմ անպայման ասել, որ ակցիայից անցել է ընդամենը մի քանի ժամ, բայց արդեն անանուն ֆեյքերի գրոհի եմ ենթարկվել։ Ինձ վիրավորանքներ են հնչեցնում, իմ արժանապատվությունը նվաստացնող, անգամ արդեն ստացել եմ մի քանի սպառնալիքներ։ Ահա և այս է մեր իշխանությունների իսկական դեմքը։

- Իսկ Արամ Սարգսյանի, «Հանրապետություն» կուսակցության գործունեության մասով ի՞նչ կասեք՝ հաշվի առնելով, որ Սարգսյանն աջակցում է իմքայլականներին, Նիկոլ Փաշինյանին, չի բացառում նրանց հետ հնարավոր կոալիցիայի ձևավորումը։

- Անկեղծ ասած, Արամ Սարգսյանի հայտարարություններին և քաղաքական ծրագրերին ծանոթ չեմ, այդ պատճառով չեմ կարող մեկնաբանել: