Հայտնի՞ է, թե ում «տղերքն» են եղել Էրեբունի համայնքում  կրակողները

Հայտնի՞ է, թե ում «տղերքն» են եղել Էրեբունի համայնքում  կրակողները

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Էրեբունի համայնքում տեղի ունեցած կրակոցների՝ թվով երեք դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, հրազենով կրակոցներ են արձակվել Երևան քաղաքի Բուռնազյան փողոցում գտնվող արտադրամասի պատուհանի ուղղությամբ՝ վնասելով երկշերտ ապակիներից մեկը և պատին ամրացված տեսախցիկը: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Մեզ հայտնի դարձավ, որ կրակոցների հեղինակները Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի մերձավորներն են եղել, և հին հաշիվներ են ցանկացել մաքրել։ Այս պահի դրությամբ չկան տվյալներ, թե անձամբ Վարդանյանն այնտեղ եղե՞լ է, թե՞ ոչ, մեր աղբյուրը փոխանցեց՝ «Իր տղերքն են եղել»։

Հիշեցնենք, որ  դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ:

Բացի այդ, ՔԿ տվյալներ են ստացվել նաև 2019 թ. նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկի առաջին հարկում  գտնվող բնակարանի և 2019 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող գրասենյակի ուղղությամբ հրազենից կրակոցներ արձակելու վերաբերյալ:

Նշված դեպքերի առթիվ ևս Ոստիկանությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինված միջադեպերի առերևույթ կազմակերպչի և մասնակից անձանցից մի քանիսի ինքնության վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, որ վերջիններս, հնարավոր է, իրենց բնակության վայրերում պահել են զենք և զինամթերք:

Հարուցված քրեական գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ որոշում է կայացվել՝ վերոհիշյալ թվով երեք քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ, մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, որի ընթացքում  հայտնաբերված առարկաների վրա  առկա են եղել հրազենային վնասվածքներ, հայտնաբերվել և առգրավվել են կրակված փամփուշտների գնդակների չորս բեկորներ, վնասված տեսանկարահանող սարք, կրակված փամփուշտի գնդակների մնացորդներ, թվով 25 կրակված 5/39 տրամաչափի փամփուշտների պարկուճներ: Հայտնաբերվել է նաև «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենա՝ հրազենային վնասվածքներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ բոլոր հանգամանքները պարզելու, դեպքերին մասնակցություն ունեցած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

ՔԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Վարդանյանը գործով դեռևս չի հարցաքննվել։

Մենք փոորձեցինք պարզաբանում ստանալ նաև Արամ Վարդանյանից, սակայն, վերջինիս հեռախոսահամարը մշտապես անհասանելի էր։