Կգա արդյոք Հասան Ռոհանին հոկտեմբերին Երեւան․ Փաշինյանը հրավիրել է, բայց ․․․․

Կգա արդյոք Հասան Ռոհանին հոկտեմբերին Երեւան․ Փաշինյանը հրավիրել է, բայց ․․․․

Ինչպես հայտնի է, հունիսի 10-ին, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջեւ հեռախոսազրույց։ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում այս հեռախոսազրույցի մասին ընդամենը մի քանի տողանոց, ստանդարտ ու ոչինչ չասող հաղորդագրություն է հրապարակվել, հետեւյալ բովանդակությամբ․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ»:

Մինչդեռ, նույն հեռախոսազրույցի մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքում բավական ընդարձակ հաղորդագրություն է հրապարակվել, որտեղ, եթե ընդհանուր կամ բովանդակային իրար մոտ ձեւակերպումները հանենք, ապա մի կարեւոր ինֆորմացիա կա, որի մասին հայկական կողմը խնամքով լռում է։ Սա այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Հասան Ռոհանիին մասնակցելու հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, ինչին Ռոհանին սիրալիրությամբ պատասխանել է, որ հույս ունի, որ կկարողանա գալ, ինչը դիվանագիտական լեզվով կարելի է մեկնաբանել՝ թեական պատասխան։