Սա արդեն պետականության դեմ է, այդ մարդը ե՞րբ պետք է պատասխան տա

Սա արդեն պետականության դեմ է, այդ մարդը ե՞րբ պետք է պատասխան տա

«Մշակույթի նախարարությունը ստում է, Աբրոյանը եւ փոխնախարար Տիգրան Գալստյանը, իհարկե, ժամանակին՝ Մակունցի գլխավորությամբ, սուտ լուրեր են տարածում կամ չեն տիրապետում գործընթացին: Ստացվում է, որ մշակույթի նախարարությունը քաղաքի ամենամեծ ներդրումային ծրագիրը՝ մոտ 150 մլն դոլար արժողությամբ, որը գործնականում իր բոլոր օրենսդրական գործընթացներով գնում է, սաբոտաժի են ենթարկում»,- ասել է նախօրեին «Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանը «Հայ ձայնը՝ այսօր» հաղորդաշարի եթերում։  

«Էսքիզային ծրագիր կա, որը հաստատվել է մշակույթի նախարարության, այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից, առաջին լոտի էսքիզային նախագիծը ստորագրված է Արեւ Սամուելյանի կողմից։ Բոլոր հուշարձանները պետք է ապամոնտաժվեին մինչեւ փոսորակի փորելը եւ տեղափոխվեին, որը չարվեց։ Սրմաքեշը 2015-ին վճարել էր ամբողջ գումարը, եւ կառավարությունը պարտավորություն էր վերցրել ամբողջ տարածքը մաքրել՝ իրացնել»,- ասում է Վարդանյանն ու ընդգծում, որ Արամի 23-ը կառավարության որոշմամբ ապամոնտաժվող՝ տեղափոխվող հուշարձանների ցուցակի մեջ է, եւ այն, ինչ կատարված է, արված է օրենքի տառին համապատասխան․ «Ես մշակույթի նախարարության հետ որեւէ բանակցության կամ համաձայնեցնելու կարիք չունեմ, որովհետեւ նախագիծը, որ արվում է, գալիս, մի էտապի է հասնում, որ համաձայնեցվում է մշակույթի նախարարության հետ, եւ հետո նախագիծը գնում է քաղաքապետարան՝ համաձայնեցման։ Սա էլ իր գործընթացն ունի, երբ կհասնենք հերթական այդ էտապին, ես կտանեմ մշակույթի նախարարություն, եթե, իհարկե, հուշարձանները կլինեն մշակույթի նախարարության կազմում: Օրենքն ինչպես կպահանջի, ես այդպես էլ կանեմ, ես օրենքի մարդ եմ»։  

Ըստ նրա, բոլոր էտապներում մշակույթի նախարարության համաձայնությունը եղել է, այս նախագիծն անցել է բոլոր մասնագիտական ոլորտներով՝ քաղաքաշինական խորհուրդ, ճարտարապետական կոմիտե։ «Բոլոր համաձայնեցումները կան, այսօր մշակույթի նախարարությունում նստած են 2 հիվանդ մարդ եւ զբաղված են սաբոտաժով։ Իսկ Հեքեքյանը սեփականության վկայական ստացել է 2013-ին, եւ նրա բարձրացրած աղմուկն արհեստական է, քանի որ այս՝ «Հին Երեւանի» գործընթացը սկսվել է 2005-ից։ Մեկը լինի, իրեն դատի տա, որովհետեւ ինքն ապօրինի գործունեություն է ծավալում»,- ասել է նա ու հավելել, որ նախագծի կուրատորը Նարեկ Սարգսյանն էր, որը ոչ թե իրեն է օգնել, այլ իր վրա դրված պարտավորությունն է կատարել։ 

Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը չի ուզում պատասխանել այդ վիրավորանքներին․ «Դա անպատկառ տեսակի արտահայտման ձեւ է, ես չեմ ուզում բառակռվի մեջ մտնել, այդ մարդը պետական կառույցում է աշխատել, եւ չգիտեմ՝ պետության համար մի բան արե՞լ է, թե՞ ոչ»։ 

Այն, որ բոլոր էտապներում մշակույթի նախարարության համաձայնությունը եղել է, Աբրոյանն առաջարկում է Վարդանյանին պաշտոնական գրություն ներկայացնել․ «Թող ասի՝ ինչն են համաձայնեցրել։ Հիմա քրեական գործ է ընթանում, ու այդ քրեական գործով նույնիսկ 2015-ի գրություն են ուզում մեզանից՝ «Հին Երեւան» ծրագրից բխող խնդիրների վերաբերյալ։ Ավելին՝ 15-ին նախագծային առաջադրանքում Հասմիկ Պողոսյանը 2 թերթ դիտողություններ է ուղարկել Նարեկ Սարգսյանին։ Մարդն ինչքան անպատկառ պետք է լինի, որ կանգնի՝ այդտեսակ բաներ ասի, առավել եւս՝ անձնական բնույթի։ Ես չգիտեմ՝ նա երբ պետք է պատասխան տա, բայց սա պետականության դեմ է, եւ այդ մարդուն կարելի է համարել հայ ազգի դավաճան»։   

Վարդանյանը հղում է անում էսքիզային ծրագրին, որը հաստատվել է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից․ «Նկատի ունի 2013-ի ծրագիրը, որը չէր կարող հիմք հանդիսանալ, որովհետեւ 2014-ին, կառավարության որոշմամբ, գործառույթը դրվեց քաղաքաշինության նախարարության վրա, որպեսզի այդ նախագիծն իրականացվի։ Հասմիկ Պողոսյանը հաստատել է մի գլխավոր նախագիծ, որով «Հին Երեւանը» պետք է գլխավոր հատակագծով հավաքվեր, որտեղ նշված է եղել 3 հարկ, ոչ ավելի։ 2014-ին այդ ծրագիրը փոխեցին, եւ Աֆրիկյաններն էլ մտցրեցին այդ ծրագրի մեջ, կառավարության որոշում են հանել, որից հետո նախագիծը պետք է ընթացք ստանար։ Բայց դրանից հետո նախագիծ չի հաստատվել։ Այսինքն՝ Հասմիկ Պողոսյանի ստորագրածը վավեր չէ եւ ավելին՝ ժամկետանց է, դրանից հետո կառավարության որոշում է դուրս եկել, որը նոր դրույթներ է սահմանել, այսինքն՝ չէր կարող գործել Հասմիկ Պողոսյանի ստորագրած փաստաթուղթը»։ 

Աբրոյանն ընդգծում է՝ «Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետն ինքն իրեն հակասում է, քանի որ իր խոսքի վերջում ասում է, որ երբ հարցը հասնի մշակույթի նախարարությանը, ապա այդ ժամանակ էլ կբերի կհամաձայնեցնի․ «Այսինքն՝ ինքն իրեն հակասում է ու իր հարցին պատասխանում է իր իսկ մերժումով»։ 

Ինչ վերաբերում է հարցին, որ Արամի 23-ը կառավարության որոշմամբ ապամոնտաժվող հուշարձանների ցուցակի մեջ է, ապա․ «Աֆրիկյաննների դեպքից հետո հենց Աֆրիկյան տան օրինակի վրա, ԱԺ-ի նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություն կատարվեց, որ այլեւս այդ օրենքի հիմքով հուշարձան չտեղափոխվի։ Միայն տեղափոխեն այն հուշարձանները, որոնք այդ օրենքին համապատասխան են, եւ քանի որ օրենքում փոփոխություն կատարվեց, օրենքի հիմքով այլեւս հուշարձաններ չեն տեղափոխվում․ դա օրենքի պահանջ է։ Մենք 2014-ից այդ փաստաթուղթը շրջանառում ենք, որ անվավեր ճանաչվի տեղափոխման այդ գործընթացը, եւ բոլոր կառույցները դրական էին տալիս, բացի քաղաքապետարանից եւ քաղշինկոմիտեից։ 2015-ից կառավարության այս որոշման տվյալ դրույթը չի գործում, հազար անգամ դա բացատրել ենք նույն Լեւոն Վարդանյանին, քաղաքապետարանին, քաղշինկոմիտեին։ Պատկերացրեք՝ Սահմանադրությամբ մի բան է գրված, իսկ դպրոցի տնօրենը մի այլ բան է ասում, ո՞ւմ որոշումն եք հիմք ընդունում, պարզ չէ՞․ ավելի բարձր իրավական ակտը։ Իսկ աշխատանքային գծագրեր, որոնք հիմք կարող են հանդիսանալ այսօրվա աշխատանքների իրականացման համար, չկան»։ Ապա հավելեց․ «Հեքեքյանը փորձում է վիճարկել գերակա շահի հանգամանքները, եւ դա կապ չունի Լեւոն Վարդանյանի ոչ իրավական գիտակցման հետ։ Սեփականության իրավունքը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է եւ գերակա է գրեթե բոլոր իրավունքներին եւ սեփականության իրավունքը բեկանելի է միայն օրենքով»։