Խորհրդարանն այնպես է ձեւավորվել, որ ընդդիմությունը նույն իշխանությունն է

Խորհրդարանն այնպես է ձեւավորվել, որ ընդդիմությունը  նույն իշխանությունն է

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը բավարարված չէ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հատկապես եթե դիտում ենք իշխանություն-ընդդիմություն տեսանկյունից․ «Այսօր խորհրդարանը այնպես է ձեւավորվել, որ ընդդիմությունը փաստորեն իշխանությունն է, որովհետեւ մնացածները ինչպես իրենք ներկայացան դասական ընդդիմություն են։ Բայց ընդդիմության դասականը ո՞րն է, ընդդիմությունը նա է, որ այսօրվա ոգին կրելով վաղվա պահանջներ է առաջ քաշում։ Կարծում եմ՝ ամեն դեպքում բոլոր կարգի ակնկալիքները մնում է Նիկոլի կուսակցությունից, որովհետեւ ընդդիմություն ես այնտեղ չեմ տեսնում։ Այդ ուժն իր մեջ կրում է եւ ընդդիմությունը, եւ իր ասելիքը, դրա համար ի սկբանե իմ դժգոհությունն այն էր, որ չէի ուզի մեր վարչապետը կուսակցապետ դառնար եւ իր թիմով ձեւավորեր իշխանությունը, այլ խորհրդարանական ընտրություններին մասնակցեր՝ ազգընտիր սերուցք ձեւավորելով, որովհետեւ խնդիրը ստանդարտ չի եւ նոր երկիր, նոր արժեհամակարգ, նոր քաղաքակրթական որակ պետք է փորձեինք առաջ քաշել։ Մենք այսօր պետք է առաջնորդվենք մեծ գերխնդիրներով։ Այդ առումով մի կուսակցություն ավել, 3 կուսակցություն պակաս, միակ դրական պահը նա է, որ այդ կարկառուն, տնաքանդ կուսակցությունները չմտան խորհրդարան»,-ասում է նա ու նկատում, որ ինչքան էլ ծայրահեղ է թվում, բայց կուզեր, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտնվեր խորհրդարանում։ 

«Միակ վտանգը, որ տեսնում եմ, դա ազգային դաշտը խորհրդարանում ուժեղացնելու եւ ձեւավորելու խնդիրն է եւ խնդիրը ոչ թե այդ քաղաքականության ակնկալիքներն են, այլ ուղղակի հավասարակշռելու ու մի քիչ ազգային արժանապատվության խնդիր կա։ Ամեն դեպքում ես կուզենայի նրանց տեսնել, որովհետեւ եթե դաշնակները այդ հարցում լրիվ հուսախաբ են արել, գոնե նման մի ուժ, այս դեպքում հանձինս «Սասնա ծռերի» կուզեի տեսնել խորհրդարանում»։ 

Չալիկյանը կարծում է, որ երկիրը առաջ է մղում ոչ թե խորհրդարանը կամ իշխանությունը, այլ ժողովուրդն իր պահանջներով եւ ակնկալիքներով․ «Ես խորհրդարանից առանձնապես մեծ սպասելիքներ չունեմ, միակ հաճելի սպասումը նա է, որ կարծում եմ՝ այս փողի, շահի վրա հիմնված հարաբերությունները վերջապես անցյալում կմնան, այսինքն կքանդվի այդ համակարգը, բայց ինչ համակարգ կստեղծվի՝ ես խիստ կասկածներ ունեմ, դրա համար իմ ակնկալիքն այն է, որ այս ամեն ինչից հետո,  այն ուժերը, որոնց մեջ կար որեւէ ազգաշահ գործունեության ակնկալիք, վերջին հաշվով կձեւավորեն նոր երկիր կայացնող ուժեր։ Եւ այս դեպքում խնդիրը ոչ թե խորհրդարանին, իշխանությանը, հեղափոխությանը դեմ գնալն է, այլ ճիշտ հակառակը՝ փորձել ի վերջո հեղափոխության իրական ակնկալիքները, որը գեղեցիկ, հզոր երկրի պատվերն է կրում իր մեջ, կայացնել համահայկական դաշտում»։

Այն, որ ազգաբնակչության մասնակցության տոկոսը ցածր է եղել՝ մոտ 48 տոկոս, ըստ Չալիկյանի ունի 2 բացատրություն․ «Մեկը այն էր, որ վերջին հաշվով որեւէ բան փոխել անիմաստ էր, որովհետեւ Նիկոլը պիտի անցնի, իսկ այնտեղ դրան որպես հակակշիռ մի նոր արժեհամակարգ առաջարկող որեւէ ուժ չկար։ Այսինքն Նիկոլը անկախ իմ ձայնից պետք է անցնի եւ ես այնտեղ ուրիշ ասելիք չունեմ, եւ 2-րդը թվաբանության ոլորտից է, որովհետեւ տարիների ընթացքում ձեւավորվել էր ուռճացված մի թիվ եւ կարծում եմ այն բնակչությունը, որը իբրեւ թե պետք է մասնակցեր, անգամ այդ բնակչությունը չկա։ Այնպես որ, այս ամենով հանդերձ 70 տոկոսից ավելին մասնակցել է եւ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Այնպես չէ, որ եթե մյուս մասն էլ մասնակցեր մեծ հաշվով հարաբերակցությունը կփոխվեր։ Այն, ինչ այսօր արտահայտված է՝ լրիվ արտահայտում է ժողովրդի տոկոսային վերաբերմունքը այսօրվա քաղաքական դաշտին»։