«Հրապարակ». Մտնել բառախաղերի մեջ, որ դիվիդենտ հավաքել, ես համարում եմ դավաճանություն

«Հրապարակ». Մտնել բառախաղերի մեջ, որ դիվիդենտ հավաքել, ես համարում եմ դավաճանություն

Դուխով ու բլբուլ կտրած ՔՊ-ական պատգամավորները երեկ բերանները ջուր էին առել՝ չէին ցանկանում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի` մեկ օր առաջ արած խայտառակ հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը 30 տարի կադաստրի վկայական չունի։ «Մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ մենք մեզ շատ սիրելի հայրենիքում 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք, ընդ որում՝ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել էր Փաշինյանը՝ ըստ էության, խմբագրելով հայոց պատմությունը եւ պնդելով, որ եթե հաջողվի Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա գուցե, իր բնորոշմամբ, այդ վկայականը ստանանք։ ՔՊ-ականները երեկ հայտնվել էին ոչ նախանձելի վիճակում եւ չգիտեին՝ ինչպես վերծանել Փաշինյանի մտքերը։ Մաթեւոս Ասատրյանը միակ ՔՊ-ականն էր, որ համարձակվեց մեկնաբանել Փաշինյանի մտքերը։ 

- Պարոն Ասատրյան, Դուք գիտեի՞ք, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի, մենք էլ, ստացվում է՝ քոչվոր ենք։

- Ամեն ասած որ ուղիղ իմաստով հասկանում եք, դա արդեն լավ չէ․ վարչապետի ասածը խորիմաստ պատասխան էր, որի պատասխանը միանշանակ է։ Այսինքն՝ այն տարածքները, որոնք մենք համարում ենք մեր հայրենիքը, որոնք կոչվում են նաեւ անկլավներ, այնտեղ ապրող ժողովուրդը վկայական ունե՞ն` թե՛ հողի, թե՛ գույքի․․․ ես ձեզ հարց եմ տալիս։

- Փաշինյանը շատ հստակ ասաց՝ Հայաստանը, որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել․ խոսքն անկլավների, մյուսի մասին չէ միայն։

- Չէ, մարդը գլոբալ առումով ասաց, այսինքն՝ հասկացողների համար շատ հստակ ու պարզ է, ու պետք չէ մտնել բառախաղերի մեջ։ Եթե հարցը վերաբերում է երկրին, մտնել բառախաղերի մեջ, որ դիվիդենտ հավաքել, ես համարում եմ դավաճանություն։

- Նիկոլ Փաշինյա՞նն է ձեզ ասել, որ իր այդ հայտարարությունը, այ, էս իմաստն ունի, խոսքն անկլավների մասին է, որ ինքն ուղղակի լավ չի ձեւակերպել։

- Նիկոլ Փաշինյանը մեզ ոչինչ չի ասել, ամեն մեկն իր տեսակետն ունի, եւ քաղաքական գործիչը նաեւ իր անձնական դատողությունը պետք է ունենա։ Ես զարմանում եմ այն գործիչների վրա, որոնք մեկնաբանում են տարբեր երեւույթներ, բայց այնպիսի տպավորություն է, որ իրենք չեն հասկանում, չգիտեն, թե ինչ է նշանակում։ Կան նաեւ մարդիկ, որոնք գիտակցում են, բայց իրենց դրել են… չասեմ ինչի տեղ։

- Հայաստանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն է, հիմա եթե Փաշինյանը դա հերքում է, մտահոգություն չունե՞ք, որ Ալիեւը տարածքային նոր պահանջներ կներկայացնի՝ ասելով, որ իր ուզած չափերով պետք է լինի մեր կադաստրի վկայականը, այսինքն՝ շատ ուղիղ իմաստով հասկանա Փաշինյանի հայտարարությունը, ոչ Ձեզ պես։

- Հիմա Ձեր հարցից հետո իմ մոտ տպավորություն է ձեւավորվում, որ Դուք էլ չեք գիտակցում՝ ինչ հարց եք տալիս։ Մենք էլ մեծ ցանկություններ ունենք, երազանքներ, որ, օրինակ, Արարատը մերն է։ ․․․Վարչապետը ճիշտ է ասում, որ Արագածն է մերը, բայց մենք սիրում ենք ամեն ինչը հեռվից սիրել: Այն, ինչը մերն է, չենք ուզում սիրել ու նկատել: Այն, ինչը մերն է, չենք նկատում, չենք սիրում։ Մենք մեր տարածքները չենք հանել վաճառքի, որ մի հատ էլ Ալիեւը նոր տարածքներ ուզի։ Ցանկացած սանտիմետրի համար պայքարել ենք ու պայքարելու ենք։

- Բայց Արցախը հանձնում ենք։

- Չենք հանձնում։ Արցախը միշտ է ճանաչված եղել Ադրբեջանի կազմում, պարզապես մենք չենք ուզել նկատել։ Բացեք, 91 թվականով նայեք կամ մեր նախորդ ղեկավարների հարցազրույցներն ու ասուլիսները նայեք։

- Բա որ դեռ նախկիններն են ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, հիմա դուք ինչո՞ւ եք նորից ճանաչում, ճանաչված է, էլի, կրկնակի ճանաչելու իմաստը ո՞րն է։

- Որովհետեւ այս դեպքում արդեն քո սուվերեն տարածքի հանդեպ թշնամին ունի պահանջներ, ասում է՝ եթե դու չես ճանաչում իմ տարածքային ամբողջականությունը, ես էլ քոնը չեմ ճանաչում եւ գնալու եմ ուժով վերցնեմ։

- Տեսա՞ք, որ նախկինները չեն ճանաչել, դուք եք դա անելու։

- Էն ժամանակ էլ է եղել, ուղղակի էն ժամանակ ինքը չի ունեցել այդ հնարավորությունը, մենք էլ ամբողջ ընթացքում մտածել ենք` հաղթած ենք, դուխ չեն անում մեզ հետ խոսել։

- Ո՞նց եք պատկերացնում 120 հազար արցախցու ճակատագիրը՝ նրանց հանձնելով Ադրբեջանին։ Հիմա որ ճանաչված չէ, Ադրբեջանն ինչ ուզում` անում է։

- Բա մենք հենց այդ հարցն ենք դրել, որ եթե Արցախի անվտանգության երաշխավորը չի լինելու այն պետությունը, որը մեզ համար ընդունելի է, եւ ընդունելի են նրա կողմից ներդրված մեխանիզմները, չենք ճանաչելու պահանջները։ Այսինքն, մենք էլ ենք պայման դրել, որ արցախցիների անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխավորը պետք է լինի ոչ թե Ադրբեջանը, այլ Մինսկի խմբի պետությունները։ Չի համաձայնի Ադրբեջանը` մենք էլ չենք ճանաչի։

- Այդ հարցը նախապայմա՞ն է լինելու։

- Նաեւ։

- Ուրիշ ի՞նչ նախապայմաններ են դրվելու։

- Մեր Հայաստանի սուվերենության ճանաչման։

- Նկատի ունեք 29.8 հազար քառակուսի կիլոմե՞տրը։

- Այո։

- Իսկ անկլավների հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։

- Հնարավոր է գնանք փոխզիջումների։