Ես ատում եմ Փաշինյանին

Ես ատում եմ Փաշինյանին

Հայ ընթերցողներիցս նրանք, ովքեր ջանասիրաբար այցելում են այս բլոգը՝ հայտնաբերելու, թե ինչ նոր գրոհ կարող են ներշնչել ինձ Հայաստանը, հայերը, հայ իրականությունը եւ Գ․2 կաթողիկոսը, նկատած կլինեն, որ մեկ տարուց ի վեր առաջվա եռանդս այլեւս չկա։ Գրիչս անգործության է մատնվել, իսկ նրա ցայտքերը հազվադեպ են արտանետվում։ Պետք է խոստովանեմ՝ գրական-ստեղծագործական դադարի մի ժամանակաշրջան եմ ապրում, դա առողջական վիճակիս վատ նախանշաններից է, իմանալով, որ սուր քննադատություններս միշտ եղել են մտավոր կարողության լավ զգացողության նշան, նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ մարմինն էր տառապում։

Այլեւս ոչինչ չկա, որ ատամիս տակ գցեմ։

Սարգսյանի եւ հատկապես Քոչարյանի օրոք ես գոնե հային խժռելու մի հնարավորություն ունեի՝ ատամ ցույց տալով հայկական անհեթեթությունների հասարակական շեղումներին, որ լացացնելու աստիճան ծիծաղ էր առաջացնում․․․ Բայց Փաշինյանի հարցում՝ ոչինչ։

Ատում եմ Փաշինյանին, քանի որ ինչ նա է անում, այնքան հարթ է, ինչպես նորածնի մաշկը։ Իսկ ես չեմ կարող կծել աշխարհի պես գեղեցիկ եւ կյանքի պես կենսախինդ մանկանը։ Ո՛չ, անկարող եմ։
Ատում եմ Փաշինյանին, քանի որ ոչինչ չի ընձեռում ինձ ո՛չ իր հայտարարություններով, ո՛չ գործողություններով, որ արթնացնեն պամֆլետագրիս բնազդները։ Սարգսյանի, Քոչարյանի դեպքում կարողանում էի։ Երբ նրանք ինչ-որ բան էին ձեռնարկում, հակադեմոկրատական էր։ Երբ ոչինչ չէին ձեռնարկում, նույնպես հակադեմոկրատական էր։ Օրինակ, Մարտի 1-ը սարքեցին, իսկ ետերկրաշարժի անտուն մարդկանց համար ոչինչ չարեցին։ Ես ամենախեղճերի մասին չեմ խոսում, ովքեր տապալվեցին փոշու մեջ, մինչդեռ նրանք սլանում էին իրենց 4x4-երի մեջ բազմած։

Այո, ատում եմ Փաշինյանին, որովհետեւ ինձ դանդաղ սպանում է՝ որքանով որ հեղափոխական մտքերը թեժացնում է։ Որպես գրող-գրաքննադատ՝ ես հոգեվարքի մեջ եմ․․․
Իրականում, եթե իմ ընթերցողը բավականին լավ է ճանաչում գործերս, տեղյակ է․ դեռ 2011 թվից կանխազգացել եմ, որ Փաշինյանը մի օր երկրի իշխանության գլուխ է կանգնելու։ (Հիմա, երբ նա հասել է դրան, տեղն է ինձ։) Նրանք, ովքեր միշտ ձեռք են առել ինձ, թե զրպարտում եմ Սարգսյանի կամ Քոչարյանի խայտառակ վարչակարգերը, իրականում իրենց նողկալիություններով նրանք հանցակիցներ էին, արժանին մատուցվեց նրանց։ Հիմա որձկում եմ հաճույքից, որովհետեւ կարող եմ վերեւից նայել ու խոսել, ինչպես միշտ եմ արել, այնինչ նրանք ինձ անտաշ քննադատի տեղ էին դնում։ Ճիշտ է, որ երբեմն գրական ժանրի մեջ ես գուշակի դերում եմ հանդես գալիս։

Ամեն դեպքում, ես ատում եմ այս Փաշինյանին, եթե նույնիսկ կանխատեսել եմ նրա գալը եւ շտապում էի՝ շտապեցնելով Սարգսյանի անկումը անդունդի խորքը։
Պետք է նշել, որ միշտ լավ դպրոց է անցել այդ Նիկոլը, որովհետեւ ոչ մի միտինգ, ոչ մի ցույց բաց չի թողել եւ զերծ չի մնացել ճաղերի ետեւում հայտնվելուց (մի բան, որ մեր հայ մտավորականները լռության են մատնել այս հանգամանքն այն ժամանակ, երբ ես այս բլոգում արտահայտվում էի ի պաշտպանություն նրա)։
Ուրեմն, այո, Փաշինյանը ճիշտ ուղու վրա դրեց Հայաստանը։
Սկսել ժողովրդավարական վստահությունից։ Քոչարյանին, Սարգսյանին, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանին հաջողվել էր հուսահատության մատնել հայերին, ովքեր ձգտում էին հասնել ժողովրդավարական երջանկության։ Իսկ ի՞նչ է ժողովրդավարական երջանկությունը՝ կհարցնեք ինձ։ Այս երջանկությունն սկսվում է սեփական երկրի եւ իր ժողովրդի հետ ներդաշնակելու զգացումից։ Դա հզոր զգացում է, որ քաղում է իր ներշնչանքը կառավարական գործողությունների թափանցիկությունից եւ դինամիզմից։
Ինչ վերաբերում է Հայաստանին, շատ հաճախ մոռանում ենք, որ հեղափոխական վերածնունդը դեռ մեկ տարեկան է, որ երկրի մեջ սեպ էր խրված, որ մի կողմից մշտապես պատերազմի մեջ է, մյուս կողմից՝ թշնամական վիճակում հայտնված։

Ամենախորամանկ հայերի մեջ, որ կարծում են՝ ապացուցում են իրենց խելամտությունը՝ թափելով ատելության մաղձը Փաշինյանի կառավարական որոշումների վրա, պետք է կարողանան նախ սովորել կողպեք դնել իրենց լեզուներին։ Քանի որ քաղաքացու ժողովրդավարական առաքինությունն է՝ նաեւ ուղեկցել ընտրված կառավարությանը նորմալ ձեւով, որը նույնպես չի խնայում ջանքերը մարդկանց երջանկությունը կերտելու համար։
Այո, հիրավի, Փաշինյանը քննադատելի է։ Միշտ առիթներ կան՝ քննադատելու քաղաքական որոշումները, երբ պետք է շիտակ խոսել բազմության առջեւ եւ ընդհանուրի շահերից ելնել։ Բայց այս փուլում, եւ հաշվի առնելով Հայաստանի իրավիճակը, քննադատներն են քննադատելի, քանի որ քննադատությունները խարխլում են վստահությունը եւ խորտակում են տրամադրվածությունն այն պահին, երբ այդ վստահությունն ու տրամադրվածությունը պետք է նպատակներից վեր կանգնած լինեն։ Այն հայերը, ովքեր մասնագիտացել են պառակտման եւ ինքնաոչնչացման հարցում, պետք է կարողանան հետեւել առաձգական շարժմանը, երբ այն ազգային ընդգրկում ունի, ինչպես դա կատարվում է այսօր Հայաստանում։
Այն ժամանակից ի վեր, ինչ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի, տաբուլա ռազայի ոչ մի քաղաքականություն չի իրագործվել նույնպիսի արմատականությամբ։ Իրականում յուրաքանչյուր հեղափոխություն պահանջում է վերադառնալ հիմքերին, այն ժամանակին, երբ իրականացել են խախտումներ, որոնք կապված են եղել կաշառակերության (կոռուպցիայի), խարդախության, հովանավորչության հետ, իսկ կարեւորների կողքով անցնում եմ։

Այսպիսով, Փաշինյանը ժամացույցի սլաքները ճիշտ ժամերի վրա դրեց՝ հարձակում գործելով հիմնականում համար մեկ չարիքի վրա, նկատի ունենալով կաշառակերությունը։ Շատ հաճախ մոռանում ենք, որ մարդիկ կաշառակերության պատճառով են մահանում, մանավանդ, երբ այն թափանցում է հանրային առողջության ոլորտ կամ մինչեւ իսկ բանակի մեջ։ Հավաստիապես ճանաչելով հայերին՝ շատ լավ գիտենք, որ մանր խաբեբաները միշտ փորձելու են սողոսկել ցանցի անցքերի միջով։ Բայց մի վարչակարգի, որտեղ կաշառակերությունն օրենք էր դարձել, եւ մի այլ վարչակարգի միջեւ, որ պայքար է մղում, պետք է գովաբանել այն մարդուն, ով գտնվում է պայքարի բարձունքին։

Բացի այդ, Փաշինյանը գիտի, որ հայ երիտասարդությանը պետք է դուրս բերել խավարամիտ ուսումից, արժեւորել այդ երիտասարդի ունակության առավելությունները։ Կողմնորոշումը դեպի նոր տեխնոլոգիաները կարողանալու է հայերին ուղեկցել՝ սահմանելու առաջին կարգի բեւեռացում, եւ աշխատատեղեր ստեղծել։ Այս երիտասարդությունը եռանդով է լեցուն եւ ընչաքաղց է նորագույն գիտելիքների հանդեպ։ Հատկանշական է հավաստել, որ անմիջապես, երբ խթանող միջավայրում է հայտնվում, հայ երիտասարդն ընդունակ է վեր խոյանալ լավագույնների միջից։ Ընդհանրապես, արտասահմանում են հայ երիտասարդները ցուցաբերում իրենց ունակությունների ծավալումը։ Ճանաչել եմ հայ երեխաների, որ ֆրանսերեն գրել, կարդալ չիմանալով հանդերձ, մի քանի տարի հետո դարձել են իրենց դասարանի լավագույն աշակերտները, հաղթահարել են այն խոչընդոտները, որ կանգնում են դեպի բարձրագույն դպրոցներ տանող ճանապարհներին։ Այժմվանից ինչո՞ւ չկերտել երկրի համար որակյալ այդպիսի միջավայր, նույնիսկ՝ որպեսզի երիտասարդները հանձնեն իրենց ողջ ունակությունները հօգուտ ազգի բարելավման։

Մինչդեռ սփյուռքը Քոչարյանի, Սարգսյանի աչքին կթան կով էր, իսկ Փաշինյանն այն պահում է Արցախի եւ Հայաստանի հետ միասին որպես հայոց ազգի երեք ճյուղեր։ Այդ ժամանակից ի վեր սփյուռքը հաշվի մեջ է, եւ եթե պետք է նկատի առնել նրան, սփյուռքը պիտի իր դերը կատարի այս եռամաս նվագախմբի մեջ։ Դա անցնում է փոխանակումների միջոցով, փոխադարձ եւ հիմնավորված վստահությամբ ու միասնության կամքով երկրի ապագայի համար, նաեւ ցեղասպանության ճանաչման համար։
Այո, ես ատում եմ Փաշինյանին, որովհետեւ խանգարում է ինձ գրել։
Բայց շատ հայտնի փաստ է․ պատվավոր մարդը զուսպ է լինում։

Դընի 
ԴՈՆԻԿՅԱՆ 
թարգմանությունը` 
Նվարդ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ