Վանքերի մակետները տեսնելով, մարդիկ ասում են՝«надо поехать в Армению»․ ВДНХ-ի հայկական տաղավարի բացումը սեպտեմբերի 21-ին

Վանքերի մակետները տեսնելով, մարդիկ ասում են՝«надо поехать в Армению»․ ВДНХ-ի հայկական տաղավարի բացումը սեպտեմբերի 21-ին

10 հայկական հնագույն վանքերի մակետներից հինգը՝ Տաթևի վանքի, Դադիվանքի, Ախթամար կղզու Առաքելոց Վանքի, Գառնու տաճարի, արդեն տեղադրված են Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Արմենիա» տաղավարում, որը օրերս նորացված մշակութային տեսքով է ներկայացել հայությանը: «Արմենիայի» բացումը նախատեսված է սեպտեմբերի 21-ին, Անկախության տոնի կապակցությամբ։

Վանքերի մակետները մեծ հետաքրքրություն են առաջացրել։ «Երբ այդ մակետները դրեցինք, համարյա բոլոր այցելուները առաջին հերթին դրանց էին մոտենում։ Սկզբում դեռ ապակյա փեղկեր չկային, վանքերի մանրապատկերներն ուղղակի ցելոֆանով էին պատված, և մարդիկ մատով ծակում էին ցելոֆանը ու հեռախոսի կամերաներով նկարում էին դրանք, ապա մոտենում էին մեզ ու խնդրում էին պատմել հայկական այս սրբավայրերի  մասին, ասում էին՝ «надо поехать в Армению», - ասում է Մոսկվայում գործող  «Մշակութային ու հումանիտար կապերի զարգացման և կառավարման կենտրոնի» ղեկավար Կարեն Խաչատրյանը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ և այս կենտրոնի մասնակցությամբ է վերակառուցվել ՎԴՆԽ-ի հայկական տաղավարը։ Երկու տարի առաջ «Հրապարակը» անդրադարձել էր «Արմենիա» տաղավարի անմխիթար վիճակին, հայերիս համար ոչ շահեկան համեմատություններ էինք կատարել նույն ВДНХ-ում գործող այլ երկրների, մասնավորապես Ադրբեջանի տաղավարի հետ, որն այն ժամանակ դեռ նոր էր բացվելու մեծ շուքով։ 

Այժմ մեր «Արմենիա» տաղավարը ոչ պակաս ժամանակակից, նաև ավելի կոնցեպտուալ տեսք ունի։ Կարեն Խաչատրյանը կապվեց մեզ հետ, ներկայացնելու համար կատարված աշխատանքը։ «Եղել է Մոսկվայի քաղաքագլուխ Սոբյանինի որոշումը, որ ազգային տաղավարները պետք  է մշակութային արժեք ներկայացնեն։ Մենք որոշեցինք, որ մեր տաղավարը պետք է դրդի գալ Հայաստան, ոչ թե լինի կրպակների կույտ, որտեղ կանացի ներքնազգեստի կողքին բաստուրմա է վաճառվում։ Տարածքն ազատեցինք «լարյոկներից», կոնցեպտն էլ այն է, որ պետք է լինի մարշրուտ ՀՀ անցյալից դեպի ներկան։ 

3

Վանքերի մակետները պատվիրեցինք, Մոսկվայի եկեղեցին մեզ նվիրեց նաև խաչքար։ Ազատ պատերի վրա 10 բարելյեֆ ենք տեղադրել՝ Արգիշտին իր սեպագրով, Սասունցի Դավթի, ընդհուպ մինչև Խորհրդային Հայաստանի զինանշանը։ Սա առաջին դահլիճն է, որը Հայաստանի գովազդն է, որպես տուրիստական կլաստեր» - պատմում է կենտրոնի ղեկավարը։ Երկրորդ դահլիճում նախկինում խայտառակ ոսկե վարագույրներով սրճարան էր, որն այժմ վերածված է պրեզենտացիոն դահլիճի։ Այստեղ մեր արտադրողների «պրոմո» ակցիաներն են կազմակերպելու, այլ միջոցառումներ։ Մի քանի աստիճան ներքև էլ կոնյակի թանգարան է ժամանակակից վիզուալ միջոցների օգտագործմամբ ու գիդով, դեգուստացիաներ, էքսկուրսներ են լինելու, բար է սարքած, սրճարան, վերնիսաժ՝ նկարներով և գորգերով, որտեղ նաև Հայաստանի հետ կապված կիրառական հուշանվերներ են վաճառվելու՝ ջազվե, բաժակներ, տիկնիկներ։ Նաև կա գեղեցիկ ոսկերչական սրահ հայ վարպետների գործերով։ «Արմենիա» տաղավարը վերակառուցվել է բացառապես բարեգործական միջոցներով: Հայկական տաղավարում գործում է խանութ, որտեղ մթերք է վաճառվում հայկական արտադրողից, լավաշի փուռ, թոնիրով ու պղնձե կահ-կարասիով, որից օգտվում են ВДНХ-ում աշխատող հազարավոր մարդիկ։ «Նրանք գիտեն, էդ ժամին լավաշ են տալու, ու նույնիսկ կանխավճար էին թողնում, որ իրենց լավաշ հասնի», - ասում է Կարեն Խաչատրյանը։ Ի դեպ, երբ պոկել են հին տաղավարի հատակի լինոլեումը, դրա տակ մոզաիկայից մանրահատակ են գտել, նուրբ աշխատանք, որը ցնցել է բոլորին։ Այդ մանրահատակը դեռ ռեստավրացիայի փուլում է։