Տեղի է ունեցել թափանցիկ քվեարկություն, բայց ոչ գիտակցված ընտրություն․ տեսանյութ

Տեղի է ունեցել թափանցիկ քվեարկություն, բայց ոչ գիտակցված ընտրություն․ տեսանյութ

«Այդ օրերին միանշանակ էր, որ «Իմ քայլը» պետք է ունենար 70 և ավելի տոկոս ձայն, դա անհերքելի էր, փաստ էր։ Բայց ինչքանո՞վ էր դա համապատասխանում ժողովրդավարական երկիր կառուցելու մեր քայլերին։ Արդյոք այդ ամենը կնպաստեր, որ մեր երկրում կայանար ժողովրդավարությունը։ Եթե որևէ ուժ ստանում է սահմանադրական օրենքները միանշանակորեն փոխելու հնարավորություն, ապա խոսել այդ երկրում ժողովրդավարության կայացման մասին, իհարկե, անիմաստ է։ Մենք առաջարկություն էինք ներկայացրել, որ որևէ կուսակցություն չստանա մինչև երկու երրորդ ձայներ, ինչպես նախատեսված էր, այլ այդ երկու- երրորդի շեմն իջեցնել մինչև երկու հինգերորդի, որպեսզի որևէ ուժ սահմանադրական օրենք ընդունելու և սահմանադրական օրենք փոխելու հնարավորություն չունենա»,- պատասխանելով այն պնդմանը, թե առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության էլ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցան ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ, ասաց դաշնակցական նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

ԲՀԿ-ական մեկ այլ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ նշեց, որ տեղի է ունեցել ազատ և թափանցիկ քվեարկություն, բայց ոչ ընտրություն․ «Խնդիրն այն է, որ նման հապշտապ ընտրություններ անցկացնելը, այն էլ քաղաքական կուսակցությունների կազմալուծման պարագայում, բերեց նրան, որ քաղաքացիները, իսկապես, գնացին, ազատ քվեարկեցին, բայց գիտակցված ընտրություն այդպես էլ չկատարեցին»։

Մանրամասն՝ տեսանյութում։