Իշխանական պատգամավորների ասածները կդառնան գործիք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին 

Իշխանական պատգամավորների ասածները կդառնան գործիք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին 

Զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

- Երեկ ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը՝ haqqin.az–ը հոդված էր հրապարակել, որ եթե Բերձորի հանձնվող գյուղերի բնակիչները դուրս չգան, ապա ադրբեջանական բանակը կարող է անցնել ռազմական գործողությունների: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հրապարակումը:

- Նախ նշեմ, որ haqqin.az–ը դա ադրբեջանական քարոզչական ամենաակտիվ աղբյուներից մեկն է, որ ծառայեցվում է հենց իշխանություններին և նրանց հրահանգով է աշխատում: Այդ հոդվածի հայտնվելը պատահական չեմ համարում, սա իհարկե նպատակ ունի ահաբեկել Բերձորի բնակիչներին, բայց նաև գործիք է հայկական կողմի ձեռքին՝ ցույց տալու ադրբեջանական «հանդուրժողականությունն ու խաղաղասիրությունը»: Բոլորս գիտենք, որ Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը շարունակ «համոզում է» միջազգային հանրությանը, թե որքան «անվտանգ» կլինեն Արցախում ապրող հայերը Ադրբեջանի կազմում: Նա միջազգային հանրությանն ուղղված իր տեքստերում խոսում է, որ Ադրբեջանը «բազմամշակութային» և «հանդուրժող» պետություն է: Մինչդեռ ակնհայտ իրականություն է, որ Ադրբեջանում պետական մակարդակով էթնիկ հայի դեմ ատելության քարոզ է տարվում: Ադրբեջանական քարոզչամեքենայի այս հրապարակումն էլ գալիս է փաստելու, որ հայը չի կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով և որևէ երաշխիքի դիմաց: Նյութում նշված է, որ եթե հայերը չլքեն իրենց տները, ապա դա «լեգիտին իրավունք կտա ադրբեջանակն կողմին գնալ հատուկ օպերացիայի իրագործմանը»: Ահա այսպիսի երաշխիքներ ենք ստանում Բաքվից: 

- Բայց մեր իշխանությունները շարունակում են խոսել զիջումների մասին, ավելին՝ իշխանական պատգամավորներից մեկը՝ Վիգեն Խչատրյանն էլ ասում է, որ դրանք մեր պատմական տարածքները չեն՝ «մենք կարող ենք պահանջել այն, ինչը մեզ է պատկանում»՝ Բերձորն ու Աղավնոն մեզ չեն պատկանում, ասել է նա: 

- Իշխանական պատգամավորների ասածները հերթական անգամ կդառնան գործիք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին: Այսօր ՀՀ իշխանությունները, որոնք հայտարարում են, որ պատրաստ են նշաձող իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում և հրաժարվում են ասել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում (թեև դա նշված է նրանց նախընտրական ծրագրում), որպեսզի բանակցելու բան լինի, իրականում ականներ են դնում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության պետականության տակ: Հրաժարվել կենսական իրավունքներից, անտեսել պետական ու անվտանգային շահը, դա նշանակում է հրաժարվել պետություն ունենալու կամքից: Ակնհայտ ճշմարտություն է, որ Ադրբեջանը նպատակ ունի դուրս բերել ռուս խաղաղապահներին, և ցանկացած պահի, երբ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից՝ մեր հայրենակիցները այնտեղ մնալու որևէ հնարավորություն չեն ունենա: Միաժամանակ չենք կարող հույսներս դնել միայն խաղաղապահների վրա, մեր անվտանգության համար մենք պետք է աշխատենք և պատրաստվենք: Այսօր Լաչինի գյուղերին են սպառնում, վաղը կսպառնան Սյունիքի և Տավուշի գյուղերին, քանի որ այդպիսին է Ադրբեջանի քաղաքականությունը: Հայկական կողմը պետք է կեղծ օրակարգերի և պարտվողականության քարոզի փոխարեն, այս պարզ փաստերը ներկայացնի միջազգային գործընկերներին և համառորեն պայքարի սեփական իրավունքների համար դիվանագիտական ճակատում: Դրան զուգահեռ պետք է պատրաստվել ինքնապաշտպանության, պետք է գնալ բանակի հզորացման ուղով: Սա է պետություն ունենալու երաշխիքը: Ցավոք, Փաշինյանը դա ունակ չէ անել՝ ոչ բավարար կամք ունի, ոչ ցանկություն, ոչ էլ կարողություն: Նա միայն նախկինների դեմ կարող է պայքարել, ուրիշ ոչինչ: Դրա համար էլ երկիրը շարունակ փակուղու մեջ է հայտնվում, և մենք հերթական զիջումներն ենք անում հակառակորդին: