Լոբբիստական շատ մեծ աշխատանք չենք անում. քաղաքագետը՝ Ռոդնինայի պահվածքի մասին

Լոբբիստական շատ մեծ աշխատանք չենք անում.  քաղաքագետը՝  Ռոդնինայի պահվածքի մասին

«Լոբբիստական աշխատանք տանելու եւ միջազգային հանրությանը ներկայացնելու համար շատ մեծ աշխատանք չենք անում, քանի որ լոբիզմով զբաղվելու համար շատ մեծ գումար է պահանջվում, եւ ցավոք սրտի, պրոֆեսիոնալիզմի առումով մենք թույլ ենք; Այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն 92թ-ի Խոջալուի դեպքերը ներկայացնում է հայերի կողմից ադրբեջանցիների ջարդ:

Օգտվելով դիվանագիտական բոլոր հնարավորություններից՝ նրանք այդ թեզը առաջ են տանում: Հենց վերջին օրինակը, երբ հայ ժողովրդի բարեկամ, խորհրդային միության հայտնի գեղասահորդուհի, ներկայիս ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, փետրվարի 28-ին Բաքվում գտնվելով, բացահայտ մեզ մեղադրում էր ադրբեջանցիներին կոտորելու համար եւ կոչ էր անում միջազգայնացնել, հանրայնացնել այն : Մենք ցավոք սրտի չհասկացանք, որ 20-րդ դարի վերջին եւ 21-ի սկզբին տեղեկատվական պատերազմում հաղթելը շատ մեծ դեր է խաղում »,- Գյումրու «Երկխոսության մեդիա» կենտրոնում կայացած քննարկմանը, անդրադառնալով 31 տարի առաջ տեղի ունեցած սումգայիթյան ողբերգությանը, նման կարծիք է հայտնում քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Քաղաքագետի խոսքերով , եթե նախկինում միայն մարտի դաշտում հաղթանակ տանելը բավարար էր ստատուս քվո ձեռք բերելու համար, հիմա տեղեկատվական դաշտում պարտություն կրելով՝ կարող է ամբողջ ձեռքբերումը զրոյացվել:

«Վառ օրինակը հարավսլավիական պատերազմն էր, երբ պետք էր ներկայացրեցին, թե ինչպես են սերբերը ոչնչացնում Բոսնիայի մահմեդականներին , եւ արդյունքում Սերբիան ենթարկվեց տարրական արտաքին ագրեսիային ու պարտություն կրեց: Նույնն արվում էր Իրաքում, Սիրիայում: Ընդամենը 2 շաբաթ առաջ ԲԲՍ-ին հայտնեց, որ Սիրիայում քիմիական զենքով ոչնչացումը, որ տարածվել էր տեսանյութերով, ֆեյքեր էին: Պետք է հասկանանք, որ պրոպագանդայի կամ քարոզչության բնագավառում ինչ-որ խնայում ենք, բումերանգով վերադառնում է մեզ»,-ավելացնում է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ օրերս լեգենդար մարզուհի Իրինա Ռոդնինան, որի անունն է կրում Երևանի գեղասահքի դպրոցը, ռուս պատգամավորների հետ վերջերս այցելելով Խոջալուի՝ այսպես կոչված, ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղիկներ էր դրել եւ հայտարարել, որ ռուս ժողովրդի 99 տոկոսը չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալուում։ Նա նաև կոչ էր արել, որպեսզի Խոջալուի մասին գրվեն գրքեր, նկարահանվեն ֆիլմեր, որ մարդիկ իմանան ճշմարտությունը։ Ռոդնինայի հայտարարություններին արձագանքեց նաև մեր ԱԳՆ-ն՝ հարցնելով, թե ինչ է նշանակում Խոջալուի հուշահամալիր այցը, իսկ ՌԴ-ն էլ Մարիայի Զախարովայի բերանով պատասխանեց, որ Դումայի հատուկ որոշում չի եղել, պատգամավորներն իրենք ինքնակազմակերպվել են։

Նշենք, որ կատարվածից հետո  ֆեյսբուքյան տիրույթում քննարկում է ընթանում Երևանի ավագանու որոշմանը ներկայացնել Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղահասահքի դպրոցը անվափոխելու հարցը։