Անկարան ու Թեհրանը Հարավային Կովկասում նոր համագործակցության ֆորմատի մասին են խոսում

Անկարան ու Թեհրանը Հարավային Կովկասում նոր համագործակցության ֆորմատի մասին են խոսում

Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Ինչպես եւ կարելի էր սպասել, հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրադրությունը եւ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ՝ Ղարաբաղյան իրադրությունը։

Ըստ այդմ, Թուրքիան առաջարկում է Հարավային Կովկասում համագործակցության նոր ֆորմատ ձեւավորել 3+3 սկզբունքով։ Հասկանալի է, որ ֆորմատում ներգրավված են լինելու Թուրքիան, Իրանը Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիական կարգավորման Աստանայի ֆորմատի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին։

Ըստ այդմ, առաջիկայում տեղի է ունենալու Թեհրանում եռակողմ հանդիպում՝ Աստանայի ֆորմատի երեք երաշխավորների միջեւ։ Իրանը, դատելով Զարիֆի խոսքերից, կարծես թե դրական է տրամադրված վեցակողմ համագործակցության նոր ֆորմատի ստեղծման ու գործարկմանը։ Գոնե Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ բոլոր հիմքերը կան նման համագործակցություն ձեւավորելու համար։

Ի դեպ, Վրաստանում, գոնե փորձագիտական մակարդակում, այս ֆորմատի հանդեպ առանձնակի հետաքրքրություն չկա։ Ռուսաստանն էլ կարծես չի շտապում այս հարցով կարծիք հայտնելու։ Առավել հետաքրքրվածները մնում են՝ Անկարան, Բաքուն եւ Թեհրանը։