«Հրապարակ». Մաքսային 54 ծառայող ՊԵԿ նախագահին մեղադրում են իրենց զրպարտելու մեջ

«Հրապարակ». Մաքսային 54 ծառայող ՊԵԿ նախագահին մեղադրում են իրենց զրպարտելու մեջ

Նախորդ շաբաթ մենք հարցազրույց էինք արել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ՝ մաքսային ոլորտում առկա հավանական կոռուպցիոն դրսեւորումների մասին։ Բադասյանը չէր բացառել, որ այս ոլորտում կոռուպցիա կարող է լինել։ «Հիմնականում ոչ խոշոր չափի կոռուպցիոն երեւույթների մասին է խոսքը, այսինքն՝ մաքսային ծառայողին շնորհակալություն հայտնելու դեպք կարող է լինել՝ ինչ-որ փոքր գումարով՝ 5 հազար կամ 10 հազար դրամի չափով, մաքսային տերմինալներում։

Էդպիսի տեղեկություններ պարբերաբար ստացվում են, բայց կարող եմ ասել, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում էականորեն թե՛ արձագանքները, թե՛ դեպքերը, թե՛ պատահարները նվազել են։ Այսինքն, էդպիսի երեւույթներ ունենք, եւ դա կապում եմ սովորույթի հետ՝ ավելի շատ։ Ցավոք սրտի, ժամանակին կոռուպցիոն երեւույթները բավականին ներդրված են եղել, եւ հիմա շատ դժվար է որոշ մարդկանց համար հրաժարվել դրանցից»,- ասել էր Բադասյանը: Նրա այս հայտարարությունը, պարզվում է, հարուցել է ՊԵԿ մաքսային ոլորտի աշխատակիցների զայրույթը, որոնք նամակ են գրել ՊԵԿ նախագահին՝ նրան մեղադրելով իրենց զրպարտելու մեջ, եւ պահանջել են կա՛մ հիմնավորել իր խոսքերը, կա՛մ` ներողություն խնդրել իրենցից։ Նամակը մաքսայինի 54 աշխատակից է ստորագրել եւ ուղարկել խմբագրություն։ Առաջինը ստորագրել է Թաթուլ Մարանյանը՝ ՊԵԿ Արարատյան մաքսատան-վարչության բացթողումային բաժնի պետը։

Մենք զրուցեցինք նրա հետ: «Երբ մենք այդ հոդվածին ծանոթացանք, մեզ համար վիրավորական է, եւ զրպարտանք ենք համարում դա, քանի որ հոդվածում կոնկրետ նշված է, որ այդ «շնորհակալություն» ասված 5-10 հազար դրամներն առայսօր շարունակվում են տերմինալներում։ Նման բան գոյություն չունի, եւ մենք դիմում ենք ներկայացրել այն մասին, որ եթե նման բան կա, ուրեմն թող բացահայտվի, եւ մեղավորը պատժվի։ Եթե չկա, ուրեմն թող էդ հոդվածը հերքվի։ Ամբողջ Երեւան քաղաքում գտնվող մաքսային տերմինալները մեր բաժինն է սպասարկում, մեր բաժնում ընդհանուր այս պահին 61 աշխատակից կա, որից երկուսը գտնվում են արձակուրդում, բոլոր մաքսային տերմինալների տեսչական կազմի վրդովմունքն է եղել, որի արդյունքում մենք՝ բոլորս, որոշում ենք կայացրել նման նամակով դիմել եւ պարզաբանում ստանալ»,-ասաց Թաթուլ Մարանյանը։

Մեր հարցին՝ կա՞ն աշխատակիցներ, որոնք չեն ցանկացել միանալ այս դիմումին, Մարանյանն ասաց․ «Մարդիկ կան, որ չեն միացել, դա արդեն իրենց որոշումն է, թե ով ինչ պատասխան կտա հետագայում»։ Հետաքրքրվեցինք` այսինքն, դուք բացառո՞ւմ եք մաքսային ոլորտում որեւէ կոռուպցիոն դրսեւորում՝ լինի դա 5 հազար դրամի, թե 5 հազար դոլարի տեսքով։
«Էսպես ասեմ․ ոչ մեկն էսօրվա դրությամբ չի կարող 100 տոկոսով որեւէ բան ասել, ես մի բան ուղղակի ասեմ՝ եթե կա նման հայտարարություն, պետք է դա ապացուցվի փաստերով։ Եթե կան փաստեր, ապա այդ փաստերը պետք է ի ցույց դրվեն, եւ եթե ինչ-որ մեկը կամ մի քանիսը նման արարք են թույլ տվել, նրանք պետք է պատասխան տան, որ չվերաբերի դա ամբողջ բաժնին»,- ասաց մեր զրուցակիցը։

Հնարավո՞ր է դատական կարգով ընթացք տաք ձեր նամակին` դիմեք, որ դատարանը պարտադրի հերքում կամ ներողություն։ Ասաց՝ դա հետո կերեւա։ «Մենք այս պահին նման քայլեր չենք ձեռնարկում, մտածում ենք՝ գուցե թյուրիմացություն է, կամ տարբեր կարծիքներ են հնչում, կարող է՝ մեկը լավ չի հասկացել կամ մեկը ճիշտ չի ընկալել, դրա համար նամակով դիմել ենք՝ խնդրելով պարզաբանում տրամադրել»։

Նախկինում չենք հիշում նման դեպք, որ ՊԵԿ աշխատակիցները ՊԵԿ նախագահի դեմ նման համարձակ քայլ ձեռնարկեն` պատիվ պահանջեն իրենց վիրավորելու համար, ուստի կարող է տպավորություն ստեղծվել, թե ինչ-որ ուղղորդում կա, օրինակ` մաքսային բլոկի ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի կողմից։ Մարանյանն ասաց․ «Չէ, ընդհանրապես ուղղորդում չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Էստեղ աշխատակիցները բոլորը չափահաս, հասուն մարդիկ են, գիտակցում են՝ որտեղ են աշխատում, որն է իրենց առջեւ դրված խնդիրը, եւ դա եղել է մեր բոլորի որոշումը, ում անունը որ դիմումում նշված է»։

Ահա այդ նամակը.

«Հարգելի պարոն Բադասյան
Մենք՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցներս, ծանոթացել ենք  «Հրապարակ»-ի՝ «Այո, կան նաեւ կոռուպցիոն դրսեւորումներ` մաքսային ծառայողին շնորհակալություն հայտնել 5-10 հազար դրամով» վերտառությամբ հարցազրույցի հետ։ Հարցազրույցը կատարվել է Ձեզ հետ, լրագրող Վահե Մակարյանի հարցին․ «ՊԵԿ-ում կոռուպցիոն դրսեւորումներն ինչի՞ հետեւանք են, եւ ինչպիսի՞ դրսեւորումներ նկատի ունեք», պատասխանել եք․ «Հիմնականում ոչ խոշոր չափի կոռուպցիոն երեւույթների մասին է խոսքը, այսինքն՝ մաքսային ծառայողի շնորհակալություն հայտնելու դեպք կարող է լինել՝ ինչ-որ փոքր գումարով՝ 5 հազար կամ 10 հազար դրամի չափով, մաքսային տերմինալներում...»։ Ձեր կողմից լրագրողին տրված պատասխանով ստացվում է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցներս, մեր լիազորությունների իրականացման համար, ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ստանում ենք 5.000-ից մինչեւ 10.000 ՀՀ դրամ գումարի չափով «շնորհակալություն»։ Միաժամանակ հարցազրույցում հայտնել եք, որ նշված տեղեկատվությունը պարբերաբար ստանում եք։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ձեր կողմից հրապարակային կատարված հայտարարությունը զրպարտում է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողներիս պատիվը, արժանապատվությունը եւ (կամ) գործարար համբավը, ուստի առաջարկում ենք հետեւյալը․
1. Ներկայացնել ստույգ փաստեր՝ մաքսային ծառայողների կողմից պարբերաբար կամ անգամ մեկ անգամ 5.000 ՀՀ դրամից մինչեւ 10.000 ՀՀ դրամ ստանալու վերաբերյալ։
2. Ձեր կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նշված խնդիրը լուծելու ուղղությամբ։
3. Կամ հրապարակային կարգով հերքել հարցազրույցում նշված՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների վերաբերյալ կատարած զրպարտությունը»։