Իշխող կուսակցությունը չի միացել ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությանը

Իշխող կուսակցությունը չի միացել ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությանը

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների վրա Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստանի 14 կուսակցություն հանդես եկավ հայտարարությամբ։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական կուսակցություններս, ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանի և Արցախի Հանրապետություններին՝ միջազգային ասպարեզում բացահայտելու և դատապարտելու թշնամու հերթական ագրեսիան»,- նշված էր հայտարարության մեջ։

Հայտարարությանը ստորագրած քաղաքական ուժերն են՝ «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում միավորում», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Լուսավոր Հայաստան», «Հայաստանի դեմոկրատական», «Հայաստանի Հանրապետական», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան» կուսակցությունները։

Հատկանշական է, որ հայտարարությանը չի միացել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այն իրադրությունում, երբ շարունակ խոսում են պատերազմական իրադրությունում միմյանց սատար կանգնելուց, աջակցելուց, քաղաքական տարաձայնությունները մի կողմն դնելուց, համախմբվելուց։
«Հրապարակի» հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դիմել են բոլոր կուսակցություններին, այդ թվում՝ նաև «Քաղաքացիական պայմանագրին»։ «Այս պահին եկեք այդ քաղաքական, ներքաղաքական հարցերը քննարկելու ժամանակը չէ, ամեն ինչին կանդրադառնանք, բայց հետո։ Իրենք հրապարակային ողջունել են, բայց չեն միացել»,- եզրափակեց ՀՅԴ գործիչը։

Մեր տեղեկություններով, Քաղպայմանագիրը պայման է դրել 14 կուսակցությունների առաջ՝ տեքստում գրել, կոչ անել, որ համախբվեն իշխանությունների շուրջ։ Նրանց առարկել են, որ այս պահին խնդիրը իշխանությունը չէ, այլ հայրենիքը, պետությունը եւ մեր անվտանգությունը, սակայն նրանց փաստարկները չեն լսվել։