Բաց նամակ հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարությանը

Բաց նամակ հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարությանը

Հավատն է հիմքը բոլոր առաքինությունների

և Արդարադատությունն է Պետության Հիմքը

Բաց նամակ հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարությանը

Փետրվարը, վերջապես, երկար սպասված ձյուն պարգևեց հայոց սարերին, և այնքան էլ չհավաքելով ջրի պաշարների համար անհրաժեշտ ծավալը՝ փակեց Հայաստանի և անգամ Երևանի ճանապարհները…

Վստահ եմ, սակայն, որ մեր “հպարտ” ժողովուրդը “դուխով” է մագլցում սառցապատ մայթերով և էլ ավելի “դուխով” է քշում ձնախառն փողոցներով՝ “թագավոր”-ն է (մեր փառահեղ, թեկուզ վաղեմի թագավորներից ներողություն ենք խնդրում այս բառն անպատշաճ օգտագործելու համար) այդպես կարգադրել: Մանավանդ, որ այժմյան իշխանություններին փողոց փակելը հոգեհարազատ է՝ լինի այն աղբամաններով թե այլ միջոցներով:

Իհարկե, կարելի է պատկերացնել, թե ինչպես է Հայկ Մարությանը, կամ, ինչպես հպարտ ժողովուրդն է փաղաքշական անվանում նրան՝ Հայկոն, բացականչում իր սիրելի արտահայտությունը, նայելով փողոցներին՝ «Ոնց եմ ես ձեզանից զզվում»: Սակայն նման պատկերացումները խիստ մտահոգիչ են, և կարող են տանել նույն ընդլայնված պատկերացումներին, քանզի կարծես թե նույն բացականչությամբ մեր ղեկավարությունն արձագանքում է ցանկացած երեւույթին, որը պահանջում է տքնաջան աշխատանք, այլ ոչ լոկ ֆեյսբուքյան լայքերի որս: Եվ այդ պատկերացումների ներքո սաստկանում է միտքը՝ թալանի իշխանությունները կրկեսով ենք փոխարինել. գուցե հենց այս պատճառով էլ Երևանի կրկեսը չի բացվում՝ նման մրցակցությանը չդիմանալու վախից…

Սակայն ճշտում մտցնենք՝ ղեկավարությանը մեղադրելու նպատակ չունենք ամենևին: Մեր կոչը ժողովրդին է ուղղված. իսկ եթե ղեկավարները դեռ չեն տարանջատում նրանց ժողովրդից, ինչպես նախկիններն էին անում, ապա նրանց էլ:

Մեր կազմակերպությունը վաղուց արդեն չի մասնակցում (և ոչ էլ հետաքրքրվում է) քաղաքական որևէ գործընթացներին: Ամեն մեկին՝ իրենը: Սակայն երբ հիշում ենք մեր նախկին ընդդիմադիր պայքարը՝ մի բան ենք հստակ նկատում՝ պայքարը միշտ պետք է լինի Հանուն, և ոչ զուտ Ընդդեմ: Սերժին մերժելը չէր կարող ինքնանպատակ լինել. նպատակը պետք է միշտ մնար Հայության և մեր Հայրենիքի զարգացումը:

Ժողովրդավարության հիմքում ընկած է ժողովրդի քաղաքացիական զգոնությունն ու քննադատությունը. հենց այս երկուսը կարող են լինել գրավականը, որ իշխանությունները ոչ թե «մերկ թագավոր», այլ իրական ու լավ ծառա լինեն: Justitia – Fundamentum Regnorum՝ Արդարադատությունն է պետության հիմքը, և սկսվում է այն ժողովրդի առողջ դատողություններից: Դրան հակառակ ի՞նչ ունենք այսօր. քծնանքը, որը տարածված էր թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժի օրոք, նոր թափ է ստացել ու նոր՝ արդեն թվայնացված մակարդակ, իսկ իշխանությունների ինքնափառաբանման և մեծամտության ծավալներն արդեն գերազանցեցին Հին Հայաստանը՝ ծովից ծով: Պետական բյուջեն ցուցադրական լցվում է ոչ թե տնտեսության զարգացմամբ, այլ համատարած կրճատումներով, և հայ ժողովրդի ստվար զանգվածը մղվում է աշխատազրկության կամ նախկինի պես դիմում արտագաղթի, սակայն իշխանությունների անգործության կամ սխալների վերաբերյալ ցանկացած բողոքը ներկայացվում է որպես սերժականների նենգարարություն, և ֆեյսբուքյան ոհմակները բաց են թողնվում…

Իհարկե, ըստ էության սխալների թվարկումն իմաստ էլ չունի, քանզի մեր երկրում ամեն ինչ թափանցիկ է, և բոլորն էլ ամեն ինչ գիտեն. մեկ բացառությամբ՝ դեռ այդպես էլ չգիտենք, թե “ովքեր են տերերը”: Իսկ այդ ամենի հետ մեկտեղ կյանքը շարունակում է թանկանալ, ապրելու միջոցների հայթայթման հնարավորությունն էլ՝ նվազել:

Ոմանք ասում են՝ դեռ քիչ ժամանակ է անցել, շուտով կլավանա: Եվ, գիտեք, այս հաստատման հետ մենք համամիտ ենք՝ թեկուզ այլ տեսանկյունից: Մեր ազգը հնագույն ազգերից մեկն է, և հին ժամանակներից ի վեր գնում է «անվեհեր՝ զարկերի տակ չար բախտի»… մենք հանդգնել ենք ապրել անգամ ամենածանր ժամանակներում՝ լոկ թերթելով պատմության էջերը: Պատմությունը չի հիշի ոչ Սերժին, ոչ Նիկոլին, բայց կհիշի մեր պայքարը, մեր արարումը: Թող Թումանյանը ների մեզ ուղղման համար, սակայն մեր բախտը չար չէ՝ մենք ենք չարացնում այն մեր տգիտությամբ, եսասիրությամբ, մեծամտությամբ, նախանձով, ինքնապավենությամբ… բայց մեզ Հավատն է պահում՝ բոլոր առաքինությունների հիմքը:

«Նոր Հայաստան» հ/կ

 նախագահ Էլեոնորա Մանանդյան