Նեոլիբերալիզմի հիմքում անպատասխանատվությունն է

Նեոլիբերալիզմի հիմքում անպատասխանատվությունն է

Ֆրանսիացի նշանավոր սոցիոլոգ եւ փիլիսոփա Պիեռ Բուրդիեն եւ գերմանացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասը 1999թ․-ին, նոր մարտահրավերներով լի նոր դարաշրջանի նախաշեմին, հանդիպեցին ու զրուցեցին նեոլիբերալիզմ (նորազատականություն) կոչվող երեւույթի ու դրա դրսեւորումների մասին։ Եվրոպական լրատվամիջոցներում «Անպատասխանատվությունը՝ որպես նորազատական համակարգի որոշիչ սկզբունք» վերտառությամբ հրապարակված այդ երկխոսությունը ներկայացնում ենք հատվածաբար։

Պիեռ Բուրդիե - Զգացողությունը, թե մենք կորցրել ենք Լուսավորականության ավանդույթը, պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհի ամբողջ ընկալումը շուռ է եկել այսօր գերիշխող նորազատական հայացքների պատճառով։ Ըստ իս՝ նորազատական հեղափոխութունն «աջակողմյան» հեղափոխություն է այն իմաստով, ինչպես պահպանողական հեղափոխության մասին խոսում էին 30-ական թվականներին Գերմանիայում։ Բավականին տարօրինակ բան է՝ հեղափոխություն, որը վերականգնում է անցյալը, վերադառնում է անցյալին եւ, չնայած դրան, իրեն ներկայացնում է որպես ինչ-որ առաջադեմ երեւույթ․ հետընթացն այժմ բնորոշվում է որպես առաջընթաց, իսկ նա, ով դեմ է հետընթացին, հանկարծ թվում է հետադիմական, մյուսներն էլ, ովքեր պայքարում են ահաբեկչության դեմ, բացահայտվում են որպես ահաբեկիչներ։ Ինձ թվում է՝ մենք երկուսս էլ ստիպված ենք դիմանալ այսպիսի ճակատագրի, կրել այն մեզ վրա․ մեզ անվանում են հնության մնացուկ՝ կյանքից ետ ընկած․․․

Գյունթեր Գրաս - ․․․դինոզավրեր։

Պիեռ Բուրդիե - Լիովին ճիշտ է, դինոզավրեր։ Ահա այն՝ «առաջադիմական» վերականգնման այդ շարժման ուժը։ Բայց նաեւ այն, ինչ Դուք ասում եք, եթե թույլ կտաք, դրա հետ առնչություն ունի։ Դուք ասում եք, որ մենք ուրախ չենք․ սակայն չէ՞ որ ժամանակներն էլ ուրախ չեն։ Չկա ոչինչ, ինչի համար կարելի էր ծիծաղել։

Գյունթեր Գրաս - Բայց ես չեմ պնդել, որ մենք ապրում ենք ուրախ ժամանակներում։ Ծիծաղը, քրքիջը դժոխքում՝ գրական միջոցներով ազատագրված, նույնպես բողոք է իրերի դրվածքի դեմ, որտեղ մենք ապրում ենք։ Բայց եկեք վերադառնանք այն խոսքին, որ Դուք ասում էիք պահպանողական հեղափոխության մասին, որն այսօր մատուցվում է որպես նորազատականություն։ Իրականում դա վերադարձ է 19-րդ դարի մանչեսթերյան ազատականության մեթոդներին, հավատ առ այն, որ պատմությունը կարելի է ետ շրջել։ Դրա համար կան պատճառներ։ 50-ական, 60-ական, նույնիսկ 70-ական թվականներին ողջ Եվրոպայով մեկ նախաձեռնվում էր հարաբերականորեն հաջող փորձ՝ կապիտալիզմը քաղաքակրթելու։ Ես սա բխեցնում եմ այն փաստից, որ թե՛ սոցիալիզմը, թե՛ կապիտալիզմը հանդիսանում են Լուսավորականության՝ հանճարեղորեն չստացված զավակները, այդ իսկ պատճառով դրանք միմյանց հանդեպ կատարում էին որոշակի վերահսկողական գործառույթներ։ Նույնիսկ կապիտալիզմը ենթակա է պատասխանատվության։ Մենք Գերմանիայում դա անվանում էինք սոցիալական շուկայական տնտեսություն, եւ բոլորը՝ ընդհուպ մինչեւ պահպանողական կուսակցություն, ընդհուպ մինչեւ քրիստոնեական դեմոկրատներ, համաձայն էին այն իրողության հետ, որ իրերի այնպիսի դրությունը, ինչպիսին Վեյմարյան հանրապետությունում էր, ոչ մի դեպքում չպիտի կրկնվի։ Այդ կոնսենսուսը, այդ հասարակական պայմանավորվածությունը խախտվեց։ Դա սկսվեց 80-ականներին։ Եվ այն պահին, երբ փլուզվեցին կոմունիստական համակարգերը, կապիտալիզմը, անվանվելով «նեոլիբերալիզմ» նոր խոսքով, երեւակայեց, թե իրեն կարող է պահել այնպես, ինչպես կամենում է՝ անվերահսկելի, քանզի այլեւս չկա ոչ մի հակակշիռ։ Հենց այս իրավիճակում էլ մենք հիմա հայտնվել ենք։ Նույնիսկ այն փոքրաթիվ պատասխանատու կապիտալիստները, ովքեր դեռեւս մնացել են, նախազգուշաբար բարձրացնում են մատը՝ նկատելով, թե գործիքները, որոնցից իրենք օգտվում են, դուրս են գալիս վերահսկողությունից։ Կապիտալիստական կամ իրեն նորազատական անվանող համակարգը կրկնում է կոմունիզմի վրիպումը՝ սահմանելով իր «հավատի դավանանքը», հավակնելով անսխալականության։ Նրանք ասում են՝ ազատ շուկան չունի այլընտրանք։ Այդօրինակ «հավատի դավանանք» կարելի էր սպասել Կաթոլիկների կենտրոնական կոմիտեից, իսկ նախկինում այդ մեղքը գործում էին կոմունիստները․․․

Պիեռ Բուրդիե - Ճիշտ է։ Սակայն նորազատականության ուժն այն է, որ, առնվազն Եվրոպայում, դա կյանքի է կոչվում այնպիսի մարդկանց կողմից, ովքեր իրենց անվանում են սոցիալիստներ։ Շրյոդերը, Բլերը կամ Ժոսպենը՝ սրանք բոլորն այն անձինք են, ովքեր սոցիալիզմին հղում են անում այն պատճառով, որ վարեն նորազատական քաղաքականություն։ Վերլուծությունն ու քննադատությունը դառնում են ծայրահեղ ծանր գործ, որովհետեւ, կրկնեմ, ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել։

Գյունթեր Գրաս - Տեղի է ունենում կապիտուլյացիա տնտեսության առաջ։ Հավանաբար, խնդիրը նաեւ այն է, որ սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցություններն իրենք էլ մասնակի հավատացին այն թեզին, որն ի հայտ եկավ տասը տարի առաջ, թե կոմունիզմի մայրամուտի հետ միասին անհետացավ նաեւ սոցիալիզմը, բացի այդ՝ նրանք կորցրին հավատը նաեւ եվրոպական աշխատավորական շարժման նկատմամբ (ներառյալ՝ արհմիությունները), որ գոյություն ունի շատ ավելի վաղ ժամանակներից, քան կոմունիզմը։ Իսկ նա, ով հրաժեշտ է տալիս սեփական ավանդույթին, պարտություն է կրում եւ հետո սկսում է հարմարվել իրեն որպես «բնության օրենք» ներկայացնող նորազատականության նախագծին։

Պիեռ Բուրդիե - Խնդիրներից մեկն էլ այն է, որ անհրաժեշտ է ոչ միայն առարկել իշխող կարծիքի դեմ, որը թվում է համընդունելի։ Որպեսզի հաջողությամբ պայքարես դրա դեմ, պետք է կարողանալ տարածել քննադատական հայացքներ, դարձնել դրանք հանրային։

Գյունթեր Գրաս - Սկսած «Թիթեղյա թմբուկից»՝ ես գրականության իմաստը տեսնում եմ հետեւյալի մեջ․ շարադրել պատմություններ մարդկանց անունից, ովքեր իրենք չեն ստեղծել պատմություններ, բայց ում հետ տեղի է ունեցել պատմություն, եւ նրանք դարձել են զոհեր, հանցագործներ, օպորտունիստներ, հանցակիցներ, հետապնդվողներ․․․ Այդ ընկալումն իմ մեջ ձեւավորվել է բավականին վաղ եւ հիմնված է գրական ավանդույթի վրա։

Պիեռ Բուրդիե - Պահանջվում է երեք հանգամանքների համընկնում, որպեսզի նրանք, ովքեր գրում են ճառեր, վեպեր՝ գրողները, արվեստի գործիչները, հետազոտողները, վերստին տիրապետեն իրենց արտադրության միջոցներին։ Ես լիովին գիտակցաբար եմ արտահայտվում մարքսիզմի՝ որոշակիորեն արխայիկ լեզվով։ Պարադոքսալ է, բայց այսօր տեսանելի է, որ մարդիկ, ովքեր գործ ունեն խոսքի հետ, ոգու հետ, այլեւս չեն տիրապետում իրենց արտադրության միջոցներին, օտարացած են, նույնիսկ որեւէ ազդեցություն չունեն դրանց վրա․ նրանք դիմում են փոքր հեռուստաընկերություններին, փնտրում են կողմնակի ճանապարհներ, հորինում են տարբեր հնարքներ․․․

Գյունթեր Գրաս - Բայց չբողոքենք։ Մենք միշտ եղել ենք փոքրամասնություն։ Եթե լավ ուսումնասիրես պատմական գործընթացը, զարմանք կհարուցի այն, թե որքան շատ բանի կարելի է հասնել՝ լինելով փոքրամասնություն։ Իհարկե, պետք է մշակել համապատասխան տակտիկա, որպեսզի լսելի լինես։ Ես, օրինակ, որպես քաղաքացի՝ ստիպված եմ խախտել գրողի գլխավոր օրենքը՝ երբեք չկրկնվել։ Քաղաքականության մեջ անհրաժեշտ է, գրեթե թութակի պես, մշտապես կրկնել մշակված ու ինքն իրեն արդարացրած թեզ, ինչը հոգնեցուցիչ է, քանզի ամբողջ ժամանակ լսում ես սեփական ձայնիդ արձագանքը։ Բայց, թերեւս, միայն այդպես կարելի է գտնել ունկնդիրներ այս բազմաձայն աշխարհում։

Պիեռ Բուրդիե - Այո, բայց ինչն է ինձ հատկապես հիացնում Ձեր ստեղծագործություններում, օրինակ, «Իմ հարյուրամյակում», դա հենց արտահայտչական ձեւերի որոնումն է, որոնց օգնությամբ կարելի է հաղորդել քննադատական, կարող ենք նույնիսկ ասել՝ հակակառավարական, ուղերձ լայն հանրությանը։ Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում կան կերպարվեստի ոլորտի մի քանի ներկայացուցիչներ, ովքեր այդ նույն բանն են անում․ իրենց գեղարվեստական վարպետությունը ծառայեցնում են հեռահար նպատակին, աշխարհով մեկ հաղորդվող արտահայտչականության հասնելու ձգտմանը։ Բայց ես կարծում եմ, որ այսօրվա իրավիճակը շատ է տարբերվում այն իրավիճակից, որն առկա էր Լուսավորականության դարաշրջանում։ Վերընթերցենք Դիդրոյին ու մյուսներին եւ կտեսնենք, որ «Հանրագիտարանն» այն ժամանակ պայքարի գործիք էր միստիցիզմի ու խավարամտության դեմ, ճնշման դեմ, առաջարկում էր հաղորդակցության նոր ձեւեր։ Ես կարծում եմ՝ մեր առաջ դրված է նմանօրինակ խնդիր։ Հույս ունեմ՝ ոչ ոք մեծամտություն չի համարի, եթե մենք ասենք, որ գտնվում ենք նույնպիսի վիճակում, ինչպիսի վիճակում նրանք էին այն ժամանակ․․․

Գյունթեր Գրաս - Եվ կրկին՝ լինելով փոքրամասնություն․․․

Պիեռ Բուրդիե - Այո, իհարկե։ Պարզապես այն ժամանակ հակադիր ուժերն անհամեմատ ավելի թույլ էին։ Այսօր մենք գործ ունենք հզոր անդրազգային մեդիամագնատների հետ, ովքեր ունեն հրեշավոր իշխանություն։ Նրանք են որոշում՝ ողջ թողնե՞ն «անկախ լրատվամիջոցների» այս կամ այն կղզյակը։ Դիտարկենք հրատարակչական գործը։ Տեսեք, որքան դժվար է այսօր հրատարակել բարդ, քննադատական ստեղծագործություն։ Ես կարծում եմ, որ մեզ իրականում պետք է Գրահրատարակիչների ինտերնացիոնալի պես մի բան։ Դուք կարող եք առարկել, թե յուրաքանչյուրը գործում է իր համար, թե յուրաքանչյուրը պիտի միայնակ պայքարի գրիչը ձեռքում կամ գրամեքենայի ետեւում, բայց ես չեմ կարծում, թե դա արդյունավետ կլինի։ Այդ իսկ պատճառով ես մեր խոսակցությունը համարում եմ շատ կարեւոր։ Մենք պիտի փորձենք գտնել հաղորդակցության նոր ձեւեր, մշակել նոր միջոց, որը հնարավորություն կտա մարդկանց հասցնել մեր ուղերձը։ Հնարավոր է, որ հեռուստատեսության գործիքը դառնալու փոխարեն՝ մենք կարողանանք բուն հեռուստատեսությունը դարձնել հաղորդակցության միջոց՝ մեր ասելիքի շահերով պայմանավորված։

Գյունթեր Գրաս - Այո, մանեւրների համար տարածությունը սահմանափակ է։ Եվ ահա թե ինչն է ինձ ամենաշատը զարմացնում․ ես երբեք չէի մտածի, թե մի օր կպահանջեմ պետության դերի ուժեղացում։ Մեզ մոտ՝ Գերմանիայում, այդ դերը միշտ եղել է չափից դուրս մեծ, հատկապես՝ այն հարցում, որը վերաբերում է «օրենքին»։ Եվ եղել են բավականաչափ պատճառներ՝ պետության ազդեցությունը ժողովրդավարական վերահսկողության տակ վերցնելու համար։ Իսկ հիմա մենք ընկել ենք մյուս ծայրահեղության մեջ։ Նորազատականությունը, չառաջնորդվելով, ընդ որում՝ գաղափարական որեւիցե ըմբռնումներով, ընդօրինակում է անարխիզմի պատկերացումն այն մասին, թե պետությունը պետք է ապամոնտաժել։ Նորազատականության մեջ՝ պետությունը ճամփեզր դուրս մղելու իր ձգտմանը զուգահեռ, ի հայտ է գալիս անարխիզմի մի նոր ձեւ․ «Կորչի՛ պետությունը։ Մենք ամեն ինչ վերցնում ենք մեզ վրա։ Մենք կկարողանանք»։ Եթե այսօր անհրաժեշտ է որեւէ բարեփոխում (ես խոսում եմ ընդամենը բարեփոխումների եւ ոչ թե հեղափոխական միջոցների մասին)՝ լինի դա Ֆրանսիայում, թե Գերմանիայում, ապա այն տեղից չի շարժվի, քանի դեռ արդյունաբերությունը, տնտեսությունը դրան հավանություն չեն տվել։ Պետությունն իշխանությունից այսկերպ զրկելու մասին անարխիստները կարող էին միայն երազել, բայց դա փաստ է։ Եվ ես, հավանաբար՝ Դուք նույնպես, այժմ զավեշտալի վիճակում եմ․ ես պիտի հոգ տանեմ այն մասին, որ պետությունն իր վրա վերստին վերցնի պատասխանատվություն եւ խաղա կարգավորող դեր։

Պիեռ Բուրդիե - Համաձայն եմ։ Հենց այս վերապտտումներն էլ ես նկատի ունեի։ Պարադոքսալ կերպով՝ մենք դառնում ենք պաշտպաններն այն բանի, ինչը, ըստ էության, հարկ չկար պաշտպանելու։ Կկարողանա՞նք, արդյոք, բավարարվել «ավելի շատ պետություն» պահանջով։ Որպեսզի չընկնենք պահպանողական հեղափոխության ծուղակը, մենք պետք է, ըստ իս, ասենք․ «Մեզ պետք է ուրիշ պետություն»։

Գյունթեր Գրաս - Նորազատականությունը, իհարկե, ցանկանում է յուրացնել պետության այն գործառույթները, որոնք իրեն հետաքրքիր են տնտեսական տեսանկյունից։ Եթե պետությունից խլում են իր կարգավորիչ դերը, այդժամ հասարակությունը պիտի պետության փոխարեն հոգ տանի սոցիալական ապահովության վերականգնման մասին։ Հասարակությունը պիտի դա անի, եթե պետությունը դրանից զրկվել է, եւ եթե, մյուս կողմից, տնտեսությունը չափից դուրս մեծ տեղ է զբաղեցնում եւ, այդպիսով, ցուցադրում է իր անպատրաստությունը՝ պատասխանատվություն կրել ինչ-որ բանի համար, եւ երբ տնտեսությունը փորձում են ենթարկել պատասխանատվության, այն փրկություն է փնտրում «գլոբալիզմի» մեջ, որտեղ դառնում է անձեռնմխելի։ Անպատասխանատվություն՝ ահա նորազատական համակարգի բնորոշիչ սկզբունքը։

Թարգմանությունը՝ Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ