Կապիտուլյացիա արձանագրած վարչապետը չի կարող «զրոյական կետից» սկսել վերականգնել երկիրը պատերազմից հետո․ Վիգեն Հակոբյան

Կապիտուլյացիա արձանագրած վարչապետը չի կարող «զրոյական կետից» սկսել վերականգնել երկիրը պատերազմից հետո․ Վիգեն Հակոբյան

Հայաստանում շարունակվում են կառավարության հրաժարականի պահանջով հանրահավաքները։ Վերջերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ ուղերձով, որով նշեց վարչապետի հրաժարականի, երկրի կառավարումն ազգային համաձայնության կառավարությանը հանձնելու, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Թեմայի շուրջ «Հրապարակը» խոսել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը, ընդդիմության հավաքները, ակցիաները որքանո՞վ են արդյունավետ, և ընդհանուր ի՞նչ գնահատական ունեք քաղաքական իրավիճակի վերաբերյալ։

-Գիտե՞ք, ընդդիմությունը, այսպես ասեմ, օգտագործում է իր հնարավոր գործիքակազմերից մեկը, ըստ էության՝ նպատակներից մեկը հանրային ճնշում գործադրելն է այսօրվա իշխանության վրա, անձամբ վարչապետի վրա, որպեսզի փորձեն ստիպել այսօրվա վարչախմբին հասկանալ, որ կա հանրային պահանջ, որպեսզի իշխանությունը փոխվի։ Այն իշխանությունը, այն վարչապետը, որը որ երկիրը հասցրել է կոլապսի (բառի բուն իմաստով) և արձանագրել է այդ կոլապսը, պարտությունը կապիտուլյացիայով, հանրային պահանջի միջոցով փորձեն ստիպել, որ գնա։ Որքանո՞վ է արդյունավետ․ գիտե՞ք, ընդհանուր առմամբ, դա գործընթաց է, որն աստիճանաբար կարող է ռեզոնանսային բնույթ կրել և ձնագնդի էֆեկտ տալ։

Կարծում եմ, որ այս պահին, իհարկե, ընդդիմությանը հաջողվում է կայունացնել զանգվածների քանակը և կայուն միջավայր ստեղծել, կայուն բողոքական միջավայր ստեղծել։ Ընդդիմությունը փորձում է աստիճանաբար բազմաբնույթ գործիքակազմի դիմել, փողոց էին փակել։ Ես կարծում եմ, որ նման ռեսուրս այդ քաղաքական կուսակցություններն ունեն, մասնավորապես այն քաղաքական ուժերը, որոնք նաև զանգվածային են և նաև մեծ փորձ ունեն։ Կարծում եմ՝ մոտակա օրերս շատ ավելի բազմազան է լինելու հենց ռեպերտուարը։

-Վանեցյանը խոսել էր վարչապետի իրենց թեկնածուների անունները հրապարակելու մասին։ Ըստ Ձեզ՝ ընդունելի թեկնածու ո՞վ է կարող լինել, եթե դիտարկում եք հանրահավաքներին մասնակցող կուսակցությունները։

-Ես անուններ չեմ ցանկանա տալ, առավել ևս, որ իրենք դեռ չեն տալիս, որովհետև ես այնպես եմ հասկանում, որ նման քննարկում, առնվազն վերջնական նման քննարկում չի եղել։ Բայց կարծում եմ՝ առնվազն երկու-երեք թեկնածու հարթակում երևացող քաղաքական ուժերում կան, բայց, ինչպես հայտնի է, այդ թեկնածուները կամ թեկնածուն կարող են լինել նաև կոնկրետ այս քաղաքական սպեկտրից դուրս։ Այնպիսի թեկնածու, որն, ըստ էության, կարող է լինել կոմպրոմիսային ֆիգուր։ Մարդ, որը որ կարող է կոնկրետ գործառույթներ իրականացնել։ 

-Այդ մարդը Կարեն Կարապետյա՞նն է։ Հենց իր հետ կապված էլ ցանկանում էի հարցնել։

-Ես դա չեմ բացառում, ես չեմ կարող դա բացառել, քանի որ իր անունն էլ է շրջանառվում ընդհանուր առմամբ։ Մամուլում է շրջանառվում հիմնականում։  Եվ մեկ-երկու թեկնածուի անուն էլ է շրջանառվում։ Նորից եմ ասում, ես չեմ բացառում, որ կարող է լինել այսօրվա քաղաքական սպեկտրից դուրս։ Կոմպրոմիսային ֆիգուր, որը պետք է կարողանա շատ օպերատիվ կերպով կարգավորել քաղաքական, տնտեսական կյանքը երկրում, կարգավորել բանակցային գործընթացը, այսինքն՝ նոր բանակցող լինի, որպեսզի կարողանա ոչ միայն փաստաթղթի շուրջ սկսել բանակցել, «ազատ ձեռքերով», առանց ինչ-որ բեքգրաունդի, առանց ինչ-որ պարտավորությունների՝ և՛ երևացող, և՛ չերևացող, այլ նաև կարողանա բանակցել Մինսկի խմբի շրջանակում Արցախի կարգավիճակի շուրջ։ Ինչպես մենք արդեն բոլորս գիտենք, գեոքաղաքական հիմնական ուժային կենտրոններն ընդունում են և արձանագրել են, որ Արցախի կարգավիճակը բանակցելու խնդիր է՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների։   

-Նախագահ Արմեն Սարգսյանը կարո՞ղ է լինել այդ թեկնածուն։

-Արմեն Սարգսյանն էլ որպես այդ կառավարության ժամանակավոր ղեկավար կարող է դիտարկվել, կարող է նայվել, և ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կարող է իրականացնել այդ գործառույթները բավականին լավ։ Բայց որքանով ես հասկանում եմ, որքանով գիտեմ, Սահմանադրությունը նման համատեղում չի նախատեսում, սա է խնդիրը։ Որքանով ես հարցրել եմ սահմանադրագետներին, իրավաբաններին, ինձ բացատրել են, որ նման բան չի նախատեսվում։ Ես ինքս մի քանի օր առաջ նախատեսել, առաջարկել եմ հարցազրույցներից մեկում, ինձ բացատրեցին, որ Սահմանադրությունը վարչապետ-նախագահ համատեղում չի նախատեսում․ կա՛մ այն ես, կա՛մ այն ես։

Հարցը Սահմանադրության շրջանակում է, Սահմանադրությունը, կարծես թե, բացառում է նման բան։ Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե կարող էր։ Եվ գուցե դա կարող էր ավելի ընկալելի տարբերակ լինել այս պահին։ Երբ իշխանությունն ինչպես միշտ շահարկում է «նախկին-ներկա» հակասությունները՝ փորձելով վախեցնել հանրությանը, թե «ռևանշ են ուզում անել նախկինները»՝ մատնանշելով մեկ-երկուսին, «տեսեք, թե ովքեր են անտեղ» և այլն, և այլն։ Մինչդեռ հարթակում այսօր կան մարդիկ, որոնք ավելի շուտ կապված են ներկաների հետ կամ իրենց քաղաքական կարիերայի սկիզբն ավելի շուտ կապված է ներկաների հետ։ Տարբեր մանիպուլյացիներով փորձում են բողոքական ալիքը հարթեցնել, նվազեցնել և այլն։ 

-Ըստ Ձեզ՝ միայն ազգային համաձայնության կառավարության կամ կոմպորմիսային վարչապետ ընտրելու տարբերակնե՞րն են կարող իրավիճակը շտկել, նաև բանակցային գործընթացում։

-Ես կարծում եմ, որ ամենաանցնցում տարբերակն է, համեմատաբար անցնցում տարբերակն է, որովհետև, այնուամենայնիվ, այս ֆոնը ճգնաժամային է, ինքը միանգամից չի հարթվելու։ Պարզ է, որ բոլորը միանգամից գոհ չեն լինելու, միշտ էլ լինելու են դժգոհներ։ Ինչքան էլ ասենք կոմպրոմիսային ինչ-որ թեկնածու, այնուամենայնիվ, հանրության բոլոր շերտերը կամ բոլոր անդամները չեն կարող մի րոպեի մեջ իրենց համար ընդունելի համարել։ Դա չէ հարցը, բայց դա համեմատաբար ամենաանցնցումն է, և ամենակարևորը՝ դա սահմանադրական ճանապարհ է։ Սահմանադրական ճանապարհ է, որը թույլ է տալիս, ըստ էության, առանց ավելորդ ցնցումների կոնկրետ, ինչպես հիմա մոդայիկ է ասել, ճանապարհային քարտեզի շրջանակում շատ կոնկրետ քայլերով գնալ առաջ։ Որովհետև այլ ճանապարհ, համենայնդեպս հստակ սահմանադրական, ավելի պարզ ճանապարհ, չկա։ Կա, բայց մյուս ճանապարհը հասարակական ճնշումն է, որը նույնպես հակասահմանադրական չէ, բայց ամեն դեպքում, կարծում եմ, դա ավելի ցնցումներով հղի ճանապարհ է։ Եվ ես կարծում եմ՝ հիմա նախևառաջ մեծ պատասխանատվություն է ընկնում այսօրվա դեռևս գործող վարչախմբի վրա, որը որ պետք է շատ հստակ հասկանա, որ կա հասարակական պահանջ, շատ հստակ հասարակական պահանջ և շատ տրամաբանական պահանջ, որովհետև պարտություն կրած վարչապետը, պարտություն արձանագրած, կապիտուլյացիա արձանագրած վարչապետը չի կարող «զրոյական կետից» սկսել վերականգնել երկիրը պատերազմից հետո։ Դա հակատրամաբանական է, դա հակաքաղաքական է, հակաբարոյական է, ես նույնիսկ կասեի։ Ես կարծում եմ՝ իշխանությունը պետք է հաշվի նստի իրողությունների հետ։ Կան իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել։