ԱԺ ճոխ կաբինետների համար սկսել են ծանոթ մեջ գցել

ԱԺ ճոխ կաբինետների համար սկսել են ծանոթ մեջ գցել

Հեղափոխականները, դեռ մանդատները չստացած, արդեն սկսել են տնավորվել Ազգային ժողովում։ Մեզ ասացին, որ «Իմ քայլը» դաշինքից ընտրված, բայց դեռ մանդատ չստացած որոշ դեմքեր արդեն սկսել են հետաքրքրվել, թե ԱԺ-ում ում կաբինետն է ամենալավն ու ընդարձակը, եւ սկսել են ծանոթ մեջ գցել, որ այդ կաբինետներն իրենցով անեն։ Հեռացող պատգամավորները հումորով են վերաբերվում այս մանկական քմահաճույքներին, որ դեռ ԱԺ չեկած՝ աչք են տնկել իրենց կաբինետների վրա։ Ի դեպ, այդ հարցը կարգավորվում է ԱԺ աշխատակազմի կողմից, ոչ թե ծանոթ-բարեկամների միջոցով, եւ այդ կաբինետները պատգամավորների սեփականությունը չեն, որ ում ուզեն, հետո ժառանգություն թողնեն։ Բայց նորերն այդքանը չգիտեն կամ էլ գիտեն, սակայն մտադիր են հին ձեւերով տեր դառնալ ճոխ կաբինետներին։ Հատկապես աչք են դրել Միհրան Պողոսյանի ու Մանվել Գրիգորյանի աշխատասենյակներին, որոնցից մեկը երեք, մյուսը՝ 4-սենյականոց բնակարաններ են հիշեցնում։ 

Թե՛ Պողոսյանը, թե՛ Գրիգորյանն իրենց «բնակարանները» կահավորել են ճոխ կահույքով եւ հազիվ թե դրանք նվեր թողնեն իրենց տապալած հեղափոխականներին։ Գոնե գույքը կհանեն, կտանեն։ Երկու սենյականոց կաբինետներ ունեին նաեւ Ռուստամ Մախմուդյանը, Սեյրան Սարոյանը, Շուշան Սարդարյանը, Արայիկ Գրիգորյանը եւ ոչ միայն, որոնց վրա եւս աչք են դրել «Իմ քայլի» պատգամավորացուները։ Բայց ԱԺ աշխատակազմը, հավանաբար, հեղափոխականների «մուրազը փորը կթողնի», քանզի որոշում ունեն՝ այդ բազմասենյականոց ապարտամենտները նորից կիսել՝ դարձնել մեկական սենյականոց, որ ե՛ւ հավասարությունը պահպանվի, ե՛ւ կարողանան թվով 27 ավել պատգամավորի տեղավորել։ Ի դեպ, ուշագրավ է, որ ՀՀԿ օլիգարխներից Աշոտ Արսենյանը՝ Քլոսը, ինչպես տեղեկացանք, Ազգային ժողովում աշխատասենյակ չուներ, քանզի համարել է, որ գալիս է միայն կոճակ սեղմելու եւ գնալու, ուստի իրեն կաբինետ պետք չէ։ Հարկ եղած դեպքում օգտվում էր Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի կաբինետից։ Մենք տեղեկացանք, որ պատգամավորներն արդեն կամաց-կամաց հավաքում են իրենց իրերն ու մտադիր չեն որեւէ բան թողնել նորերին։

Շուտով գզվռտոց կսկսվի նաեւ ծառայողական ավտոմեքենաների հարցում, հատկապես, որ ԱԺ աշխատակազմն այս տարի 5 լրիվ նոր Toyota Camry է գնել, որոնք դեռ որեւէ մեկին չէին տրամադրվել։ Եվ հիմա ով առաջինը հաջողեցնի տեր դառնալ այս նոր մեքենաներին, նա կհամարվի «դուխով» տղա կամ աղջիկ։