Ոստիկանությունը վնասակար է մարդու առողջության համար

Ոստիկանությունը վնասակար է մարդու առողջության համար
Հայաստանում մարդու իրավունքների վիճակը շարունակում է անմխիթար մնալ: Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց հանրության շրջանում լայն հնչեղոիթյուն ստացած մի քանի  խնդիրներից: «Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ մարդիկ ոստիկանություն են ընկնում եւ մահացած են դուրս գալիս: Կամ պետք է ցուցանակ խփենք ոստիկանության համապատասխան բաժինների կողքը, որ առողջության համար վնասակար է, մոտ չգաք կամ պետք է մարդիկ ինչ-որ միջոցներ ձեռնարկեն, որովհետեւ սա առաջին դեպքը չէ: Ղուլյանի գործն ենք հիշում, այս դեպքը: Պետք չե մեզ համոզել, որ սա իրոք ինքնասպանություն է եղել, եթե նույնիկս ինքնասպանություն էլ եղել է, միեւնույնն է, ոստիկանություն բերված մարդու նկատմամբ պետք է միջոցներ ձեռնարկեն, որ դա էլ չլիներ: Դա միանշանակ մեր կողմից դատապարտվում է»-հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանը ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղի ունեցածի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի ապրիլի 13-ին Ոստիկանության Չարենցավանի բաժնում գողության կասկածանքով բերման ենթարկված 24-ամյա երիտասարդ Վահան Խալաֆյանը,  օգտվելով ոստիկանների անուշադրությունից, խոհանոցային դանակով ինքնասպանություն էր գործել։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ.Հայրապետյանը: Արմեն Հարությունյանը նաեւ նշեց, որ անկախ վարկածներից,  այս դեպքի հետ կածված պատասխանատվության խնդիր պետք է դրվի: Շարունակելով քրեական թեմատիկան մարդու իրավունքների պաշտպանը Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի մերձակայքում ապրիլի 17-ին տեղի ունեցած հերթական ռազբորկան բնորոշեց որպես մեր երկրի «կրիմինոգեն վիճակի» արտացոլանք: «Այդ տեսակետից մենք խնդիրներ ունենք: Մեր քաղաքացիներն իրոք ռեալ իրավունք ունեն իրենց իրավունքները չպաշտպանված զգալ»՝ ասաց հավելելով, որ հատկապես ոստիկանությունն այս առումով հպարտանալու որեւէ առիթ չունի: