Ցինիզմն ամենուրեք է

Ցինիզմն ամենուրեք է
Այս օրերին, երբ ապրիլի 24-ն է մոտենում, ինձ, ինչպես եւ բոլորին, հուզում է Հայոց ցեղասպանության հարցը: Այդ հարցն իհարկե ինձ մշտապես է հուզում, բայց ապրիլի 24-ին բոլոր մտածումները, խոհերը ավելի ցայտուն են երեւում: 95 տարի անցավ, ուրախ եմ, որ մենք միշտ հիշում ենք, որովհետեւ հիշողությունը բարոյականություն է, բարոյականության չափանիշներից մեկն է իմ կարծիքով: Այն ժողովուրդները, որոնք չեն հիշում կամ փորձում են մոռանալ իրենց պատմությունը, բարոյական ժողովուրդներ չեն: Հիշում եք, Հիտլերն ասում էր՝ այսօր ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը: Դրանով անուղղակիորեն, ինքնաբերաբար, նախեւառաջ ինքը հիշեցրեց: Սովետական տարիներին, թերեւս, ապրիլի 23-ից հետո գալիս էր ապրիլի 25-ը, 24 չկար: Ցեղասպանության հարցը հիմնականում սփյուռքի ուսերին էր: Որքան էլ մեծ գործ արեցին, առանց Հայաստանի Հանրապետության ու պետական մասնակցության հնարավոր չէր այդ հարցի լուծումն ստանալ: Հիմա, փառք Աստծո, ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկն է, եւ ես ուրախ եմ դրա համար: Վերջերս մեր ռուսագիր թերթերից մեկում մի բան կարդացի, որն ինձ շատ զվարճացրեց: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի բաժնի ղեկավարին հարցրել էին, թե ինչո՞ւ են ադրբեջանական բանակում բռնաբարություններ տեղի ունենում: Պատասխանում էր. «Դե, մենք լավ ենք կերակրում մեր զինվորներին, դրա համար կարողանում են բռնաբարել, իսկ այ, հայկական բանակում վատ են կերակրում, դրա համար այդ երեւույթը այնտեղ չկա»: Սա անեկդոտ չէ, փաստ է: Ուզում եմ ասել, որ այս մակարդակի թշնամու հետ գործ ունենք: Նրանց ուժն էլ, ինձ թվում է, հենց այդ բթության, մոլեռանդության ու անպատկառության մեջ է, եւ նրանք այդ հարցում երբեմն մեզ հաղթում են: Մենք այդքան լկտի ու անպատկառ չենք կարողանում լինել, ինչպես իրենք են: Էլ չեմ ասում, որ Թուրքիայում թանգարան են բացել, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրքերին: Այդ անպատկառությունը վերջ չունի եւ արդյունքներ տալիս է: Բայց ի վերջո այդ ոսկորը մնալու է նրանց կոկորդին, նրանք չեն մարսելու: Քանի դեռ մեր ժողովուրդն ապրում է, ցեղասպանությունը չի մոռացվելու: Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում  աշխարհին վախեցնել պետք չէ: Հողերը, անեքսիա վճարելը եւ այլն, դրանք հաջորդ քայլը պետք է լինեն: Առայժմ միջազգային ճանաչումը շատ մեծ բան է, որովհետեւ աշխարհը մեզանով բոլորովին էլ հետաքրքրված չէ, եթե հետաքրքրված էլ է, ուրեմն շահեր ունի, հետաքրքրված է այն ժամանակ, երբ իրեն ձեռնտու է, իսկ եթե շահ չունի, Հայաստանն ի՞նչ է իրենց համար: Բարոյականության խնդիր, պատմական արդարության խնդիր աշխարհի համար, ցավոք, գոյություն չունի: Տեսանք, որ ԱՄՆ Կոնգրեսում բացահայտ բոլորը ասացին, որ ցեղասպանություն եղել է, բայց հիմա այդ մասին խոսելու ճիշտ ժամանակը չէ: Այդ ցինիզմն ամենուրեք է, իսկ եթե պետք լինի նրանց Թուրքիային պատժել, անկյուն կանգնեցնել, անպայման մատնացույց կանեն հայկական ցեղասպանության հարցը:

Պերճ ԶԵՅԹՈւՆՑՅԱՆ

գրող-հրապարակախոս