Ոչ թափանցիկ, ոչ բաց

Ոչ թափանցիկ, ոչ բաց
Այն, որ մեր իշխանությունը հաշվետու չէ հանրության առաջ եւ թափանցիկ ու բաց չի աշխատում, ակնհայտ ու ապացուցման ոչ ենթակա իրողություն է: Տեղեկատվությունը քողարկելը, ցանկալի լույսի տակ ներկայացնելը կամ սուտ խոսելը պետական կառույցներում ընդունված է: Եւ դա այնքան բնական է դարձել, որ հասարակությունը չի էլ զայրանում ու զարմանում: Ասենք, դուք պատկերացնո՞ւմ եք, որ Ֆրանսիայի կամ ԱՄՆ նախագահը մեկնի 10-օրյա հանգստի կամ բուժման, եւ հասարակությանը չտեղեկացնեն, թե որտեղ է գտնվում նա, ինչ է անում, ում է հանդիպում, ինչ խնդիրներ ունի: Արեւմտյան պետությունների քաղաքացիներն ուղղակի կռմբահարեն իրենց իշխանություններին, եթե նրանք փորձեն գաղտնի քայլեր անել, հասարակության աչքից հեռու: Կամ փորձեն գաղտնի պահել երկրի համար ճակատագրական հանդիպումների եւ բանակցությունների բովանդակությունը: Մինչդեռ մեզանում դա այնքան սովորական է, որ մենք ոչ միայն չենք զարմանում, չենք էլ հետաքրքրվում դրանով: Ասենք՝ որտե՞ղ էր գտնվում Սերժ Սարգսյանը վերջին օրերին, արդյո՞ք նա կարճատեւ հանգստի էր մեկնել: Եթե այո, ապա ի՞նչ իմաստ ուներ գաղտնի պահել երկրի ղեկավարի գտնվելու վայրը: Ինչո՞ւ այդ հանգստի ավարտին նա մեկնեց Մոսկվա, բայց չմեկնեց Բրյուսել, որտեղ պետք է հանդիպեր Բելգիայի եւ Եւրոպական Միության ղեկավարների հետ: Իսլանդական հրաբխի պատճառաբանությունը համոզիչ չէր, քանի որ արդեն չվերթների մեծ մասը վերականգնվել է: Եւ եթե Հովիկ Աբրահամյանը կարող էր հրաբխի թեժ օրերին մեկնել Լեհաստան, ապա երկրի նախագահի համար առավել եւս բարդություն չէր լինի Բրյուսել հասնելը: Եւ վերջապես, հասարակությունը հոգնել է այս կիսատ-պռատ, տրաֆարետային տեղեկատվությունից: Խոսքը ամերիկյան եւ մոսկովյան հանդիպումների մասին է: