Փակուղում հայտնվածի քայլեր

Փակուղում հայտնվածի քայլեր
Ես ուշադիր լսել եմ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, ծանոթ եմ նաեւ նրա հրամանագրին: Միանշանակ կասեմ, որ մանավանդ հրամանագիրը համարում եմ իռացիոնալ: Բացի մեկ-երկու հայրենասիրական հայտարարություններից, թե նախագահի ելույթում, թե դրան հաջորդած հրամանագրում որեւէ ռացիոնալ հատիկ չկա: Ավելին ասեմ, տեղի ունեցածը լրջորեն հարվածելու է Հայաստանի շահերին: Գուցե այս պահին դա տեսանելի չէ, բայց մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում  բոլորս կհամոզվենք, որ երեկվա թե ուղերձը, թե հրամանագիրը փակուղում հայտնված գործչի քայլեր էին: Հիմնավորեմ, թե ինչ վնասներ կկրի Հայաստանը: Նախ, այնպես ստացվեց, որ չնայած Թուրքիայի ապակառուցողական հայտարարություններին, առաջինը Հայաստանը դե ֆակտո կասեցրեց արձանագրային գործընթացը: Եթե Հայաստանը գործընթացից դուրս գալու մտադրություն չուներ, ամենեւին պարտադիր չէր, որ նախագահը համապատասխան հրամանագիր ստորագրեր այդ մասին: Սա նշանակում է, որ ցյուրիխյան գործընթացի հնարավոր տապալման  դեպքում պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի ուսերին: Երկրորդ,  իշխանությունն ասում է, թե այս քայլով Սերժ Սարգսյանը փորձել է չեզոքացնել այն վտանգները, որոնք տեսանելի էին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Բացարձակ անհեթեթ տեսակետ է, որովհետեւ անկախ ռեգիոնալ այլ նախագծերից, ԼՂ պրոցեսը եղել է երեկ, կլինի այսօր, կլինի վաղը, եւ այդ քայլով ուղղակիորեն հնարավոր չէ սառեցնել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Ավելին, եթե Հայաստանը որոշի  նաեւ Ղարաբաղի խնդրի կարգավորումը սառեցնել, պատերազմի վտանգը դառնում է առավել քան էական: Երրորդ, երեկվա ուղերձից եւ հրամանագրից հետո էապես տուժեցին հայ-թուրքական հարաբերությունները, որովհետեւ նախագահ Սարգսյանն, ըստ էության, խոսեց արձանագրային գործընթացի սառեցման մասին, բայց չխոսեց այն մեխանիզմների մասին, որոնք կօգնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը կամ չառաջարկեց քայլեր, որոնք այդ հարաբերություններում նոր փուլ կբացեն: Որպես ամփոփում ասեմ, որ Սերժ Սարգսյանը շատ մեծ շանս ուներ պատմական ֆիգուր դառնալու: Եթե նա խիզախություն ունենար եւ անկախ Թուրքիայի վարքագծից վավերացներ հայ-թուրքական արձանագրությունները կամ ՀՀ ԱԺ-ն  վավերացներ, Հայաստանը աշխարհին կապացուցեր, որ հարգում է իր երկկողմանի եւ միջազգային պարտավորությունները ու դրանով հանդերձ հուսալի գործընկեր է: Ցավոք, Հայաստանի իշխանությունն ընտրեց այլ ճանապարհ եւ հիմա, կարծում եմ, Հայաստանի իշխանությունն ավելի շատ ասոցացվում է տարածաշրջանում լարվածություն ստեղծողի, քան նախաձեռնող քաղաքականություն վարողի հետ: Պատճառը իշխանության որակն է: Ցավոք, Սերժ Սարգսյանի իշխանությունը չուներ անհրաժեշտ քաղաքական եւ մտավոր պոտենցիալ նման բարդ գործընթաց սպասարկելու համար: Իշխանությունն այս ընթացքում երկու էական բացթողում է ունեցել: Նախ, ակնհայտորեն ժխտել է իրողությունը, որը գոյություն ունի՝ ղարաբաղյան եւ հայ-թուրքական գործընթացները շաղկապված են: Անհրաժեշտ էր ոչ թե այդ փաստն անընդհատ հերքել, այլ ժողովրդին փաստարկված համոզել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի, որ Թուրքիան ԼՂ հարցում ավելի օբյեկտիվ դիրքորոշում ունենա: Երկրորդ, իշխանությունն անտեսեց այն քաղաքագիտական ճշմարտությունը, որ ներքին եւ արտաքին քաղաքականությունը փոխկապակցված են: Եթե արտաքին քաղաքականության  մեջ որդեգրում ես բաց սահմանների քաղաքականությունը, պարտավոր ես խրամատներ չփորել քո երկրի ներսում: Ահա այս երկու ակնհայտ բացթողումները հանգեցրին փակուղային իրավիճակի:



Սուրեն Սուրենյանց



«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ