ԵԽԽՎ նստաշրջանում

ԵԽԽՎ  նստաշրջանում
Երեկ Ստրասբուրգում մեկնարկած Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանի առաջին աշխատանքային օրը ելույթ են ունեցել մեր պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ Եւրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Դ. Հարությունյանի ելույթը վերաբերել է Նախարարների կոմիտեի աշխատակարգային հարցերին, մոնիտորինգների իրականացման կարգին: Իսկ Ն. Զոհրաբյանն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը Թուրքիայում անլեգալ բնակվող հայերին արտաքսելու մասին եւ նշել, որ դա ոչ միայն շանտաժ է, այլեւ ռասիզմի դրսեւորում: Նրա ելույթից հետո Շվեյցարիայի արտգործնախարարն անդրադարձել է ասվածին եւ ընդգծել, որ մտահոգիչ է, որ երկու երկրների հարաբերություններն այդքան լարված են, եւ նշել է, որ նախորդ շաբաթ հայկական կողմը “ահազանգ է հնչեցրել”, որին հարկավոր է լուրջ վերաբերվել: Խոսքը հայ-թուրքական արձանագրությունների կասեցման մասին է: Հայ պատվիրակների ելույթներից հետո թուրք եւ ադրբեջանցի պատվիրակները ռեպլիկներ եւ հարցեր են ուղղել, որտեղ խոսել են ադրբեջանական հողերի օկուպացիայի ու ղարաբաղյան խնդրի մասին, ինչին պատասխան է հնչել, որ այդ հարցերը պետք է կարգավորվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Երեկ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեւլութ Չավուշօղլուն պատրաստվում է մայիսի կեսերին այցելել Հայաստան: Հավանաբար խնդիր ունի ապացուցելու, որ իր ծագումը կապ չունի իր պարտականությունների կատարման հետ: Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվելու է կոնֆլիկտային ռեգիոններում կանանց ներգրավվածության հարցը, եւ Նաիրա Զոհրաբյանը կրկին հերթագրվել է ելույթի համար, նա պատրաստվում է խոսել Մարաղայում եւ այլ վայրերում հայ կանանց նկատմամբ կիրառված վայրագությունների մասին: