Վ.Օսկանյան. "Թուրքիան ակտիվ ներգրավված է Ղարաբաղի հարցում"

Վ.Օսկանյան. "Թուրքիան ակտիվ ներգրավված է Ղարաբաղի հարցում"
“Հենց սկզբից էլ պարզ էր, որ հնարավոր չէր երկար ձգել այս` ցանկալին իրականության տեղ ներկայացնելու գործընթացը, եւ իշխանությունները ստիպված էին լինելու ընդունել իրականությունը”,- երեկ իր հայտարարության մեջ ասել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ հավելելով. “Ինձ զարմացնում է երկու այլ բան: Նախ` իշխանություններն այսօր բաց տեքստով ասում են, որ մեկ տարի շարունակ իրենք հետեւել են, թե ինչպես է Թուրքիան իրենց առաջ նախապայմաններ դնում, ինչպես է շահարկում գործընթացն իր օգտին, եւ ոչ միայն հանդուրժել են դա, այլեւ շարունակաբար պնդել, որ նման բան չկա, որ այս ողջ գործընթացը մեծագույն հաջողություն է եւ աննախադեպ դիվանագիտական հաղթանակ: Երկրորդ` եթե այս իրավիճակից դուրս գալու կես տասնյակ հնարավոր ելք կար` ոչինչ չանելուց մինչեւ ստորագրության հետկանչը, իշխանությունն ընտրեց մեզ համար ամենաանբարենպաստ տարբերակը: Այժմ Թուրքիայի վրայից սահմանի բացման ամեն պարտավորություն հանված է` մինչեւ չլուծվի ղարաբաղյան խնդիրը, ինչը եւ Թուրքիայի ցանկությունն էր հենց սկզբից: Հայկական կողմն արեց այն, ինչն ամենացանկալին էր Թուրքիայի համար` չվավերացրեց արձանագրությունները, բայց եւ չհրաժարվեց դրանցից, Թուրքիային հնարավորություն տալով շարունակել ակտիվ ներգրավված մնալ ղարաբաղյան հարցում”: