Գարեգին Բ-ն՝ Բաքվում

Գարեգին Բ-ն՝ Բաքվում
Ապրիլի 26-27-ին Բաքվում ընթացող Կրոնապետների համաշխարհային գագաթաժողովին մասնակցում է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Գագաթաժողովը նվիրված է կրոնների եւ ավանդական արժեքների վրա համաշխարհայնացման ազդեցության խնդիրներին: Գարեգին Բ-ն “Գյուլիստան” պալատում՝ գագաթաժողովի պաշտոնական բացման ժամանակ ողջունել է այդ նախաձեռնությունը: Անդրադառնալով համաշխարհայնացման սպառնալիքներին, նա նշել է կրոնական եւ մշակութային ավանդական արժեքների համահարթեցման վտանգները: Կաթողիկոսն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, կարեւորելով խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը: “Գտնվելով Բաքվում, մենք այսօր փառք ու գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ շարունակվում են ջանքերը խաղաղ կարգավորման առաջնորդելու համար ղարաբաղյան հակամարտությունը: Այս ուղղությամբ հարկ է կարեւորությամբ ու գնահատանքով նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հետեւողական տարվող աշխատանքները: Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում նաեւ հարցի հանգուցալուծմանն ի խնդիր Ռուս ուղղափառ եկեղեցու ի սկզբանե ներդրած միջնորդական ջանքերին: Մեր երկրների իշխանությունները հանրապետությունների նախագահների բարձր մակարդակով նույնպես շարունակում են բանակցային գործընթացը”,- ասել է նա: Գարեգին Բ-ն անդրադարձել է նաեւ փակ սահմանների խնդրին. “Մենք աղոթում ենք տեսնելու այն գեղեցիկ օրը, երբ բաց կլինեն բոլոր փակ սահմանները տարածաշրջանում եւ ազատ` տեղաշարժը մարդկանց, ինչպես ժամանակին մենք առիթ ենք ունեցել այցելել Բաքու եւ կարճաժամկետ ծառայություն մատուցել հայկական եկեղեցում”: Կաթողիկոսը կրոնապետների հաջորդ գագաթաժողովը Հայաստանում` Մայր Աթոռում անցկացնելու հրավեր է հղել կազմակերպիչներին,  իսկ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին էլ հրավիրել է այցելել Էջմիածին: