Էլցանցի հսկիչն ընտրվեց, դպրոցի տնօրենը` ոչ

Էլցանցի հսկիչն ընտրվեց,  դպրոցի տնօրենը` ոչ
Երեկ Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքի Աղավնավանք, Խաչարձան, Հովք, ինչպես նաեւ թիվ 41 ընտրատարածքի Բերդավան եւ Զորական գյուղերում ՏԻՄ ղեկավարի եւ ավագանու ընտրություններ էին, որոնց ուսումնասիրությունը հետաքրքիր պատկեր է ցույց տալիս:  Բերդավան եւ Զորական համայնքներում ընտրվել են նոր` անկուսակցական ղեկավարներ, համապատասխանաբար` Վանյա Դամիրճյանը եւ Սուրեն Մարտիրոսյանը, որոնք լարված ընտրապայքարում հաղթել են իրենց ՀՀԿ-ական մրցակիցներին, փաստորեն, իրականացնելով յուրատեսակ “հեղաշրջում”: Նույն համայնքներում կայացած ավագանու ընտրություններում հաղթած անձանց գերակշռող մասը (ինը՝ տասնմեկ թեկնածուից) նույնպես անկուսակցական է, մեկական “ընտրյալներ” էլ ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից են:



Ի տարբերություն Դեբեդավանի եւ Զորականի, թիվ 41 ընտրատարածքի երեք համայնքներում ՀՀԿ-ն դիրքերը պահպանել է: Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք համայնքներում գործող  հանրապետական ղեկավարները վերընտրվել են: Առաջիկա չորս տարիներին կշարունակեն ղեկավարել Վարդուշ Ներսիսյանը, Գագիկ Շահնազարյանը եւ Յուրիկ Ցուգունյանը: Ի դեպ, Հովքի ղեկավար Յուրիկ Ցուգունյանի հետ ընտրապայքարի ոչ ոք չէր մտել: Նա գյուղապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր եւ հաղթողը: Վերոնշյալ երեք գյուղերի նորընտիր ավագանու կազմը նույնպես հիմնականում հանրապետական է:



Ուշադրության արժանի եւս մեկ փաստ. Խաչարձան համայնքում ավագանու հինգ տեղի համար պայքարող վեց թեկնածուների մեջ ամենաքիչ` 24 ձայն, ստացել է գյուղի դպրոցի տնօրեն Անժելա Հարությունյանը, որն ի դեպ՝ հանրապետական է: Ավելի շատ քվեներ հավաքելով ընտրվել են, ասենք, նույն դպրոցի ուսուցիչ Արարատ Բուդաղյանը (36 քվե) եւ Դիլիջան քաղաքի էլցանցի հսկիչ Ալբերտ Կարախանյանը (26 քվե), բայց ոչ դպրոցի տնօրենը: Ըստ մեր տեղեկությունների, Անժելա Հարությունյանն ունեցել է անձնական խնդիրներ եւ քարոզարշավին մասնակցելու ժամանակ չի ունեցել: Նույնիսկ եթե դա հաշվի առնենք,  ապա Ադրբեջանից գաղթած փախստականներով բնակեցված, 238 ընտրող ունեցող Խաչարձանում դպրոցի տնօրենի վերջին տեղում հայտնվելը տարօրինակ է թվում: Դրան մեկ այլ բացատրություն էլ կարելի է տալ: Առաջադրված վեց թեկնածուներից չորսը ՀՀԿ-ական է եւ, ամենայն հավանականությամբ, երեք թեկնածուները կարողացել են իրենց կողմը գրավել կուսակիցներին եւ ՀՀԿ համակիրներին, որի արդյունքում տուժել է չորրորդ հանրապետականը:



Ինչեւէ, ընտրությունները Տավուշի մարզում անցել են խաղաղ, առանց անձնական հարաբերություններ պարզելու:



Գեւորգ ԱԲԵԼՅԱՆ