Սոնա Ամատունու օրագիրը. 26.04.2010

Սոնա Ամատունու օրագիրը. 26.04.2010
Ամենաշատ տեղեկություն մարդու մասին տալիս են աչքերը: Ես սիրում եմ մարդկանց աչքերի մեջ նայել: Ասում են՝ աչքերը հոգու հայելին են: Տափակ ու ծեծված արտահայտություն է, Հասմիկ ջան, բայց ճշգրիտ: Ոչինչ մարդու մասին այնքան պերճախոս չի պատմում, որքան նրա աչքերը: Ահա՝ այս մեկի աչքերը սառն են ու անհաղորդ: Զգացմունքներից, խղճից զուրկ մարդ է, ավելի լավ է հետըգործ չունենաս: Այս մյուսի աչքերում խելքի նշույլ չկա: Մյուսի աչքերից կայծեր են թռչում, անմիջապես պարզ է, որ խորամանկ ու շահամոլ տիպ է: Իսկ սրա աչքերը շարունակ թաց են՝ արտասվախառն, հուզված: Լացը քթի ծայրին է՝ կասեր տատս: Նուրբ ու փխրուն հոգի ունի, ամեն փոքրիկ խոսքից կարող է վիրավորվել ու ողբալ: Սա իմ տեսակը չէ: Ես այս նրբիկ- քնքուշներին չեմ սիրում: Եւ թեեւ հուզվելու եւ արտասվելու ունակ եմ, բայց, ինչպես ասում են, հարյուր տարին մեկ: Անցած օրն օրինակ, Հասմիկ ջան, այդ հազվադեպ օրերից մեկն էր, եւ ես ինձ նեղություն չտվեցի այդ վիճակը թաքցնելու համար: Ի՞նչ կարիք կա կեղծելու, առանց այն էլ այնքան շատ ենք կեղծում, քաղաքավարության ու բարեկրթության զոհ գնում: Երբեմն մարմինդ ու հոգիդ ուղղակի ըմբոստանում են դրա դեմ: Բայց իմ անզուսպ պոռթկումն այնքան էլ անմեղ չէր, հետո ավելի ուշ հասկացա, որ իմ ներսում կատարվող փոթորիկն ուրիշի վզին եմ փաթաթել, իսկ մարդիկ, անգամ քեզ ամենահարազատ, մեղավոր չեն, որ դու նման պոռթկումներ ես ունենում: Չէ, չէ, ոչ մի կոնկրետ ու լուրջ պատճառ չկար այդ զեղումի համար, եթե չհաշվենք, որ ապրիլի 24-ն էր: Ավելի շուտ՝ այդ ամենը նման էր այն անոթին, որն ամիսներ շարունակ լցվում է՝ դանդաղ, կաթ-կաթ, եւ հույս չկա, որ երբեւէ կլցվի մինչեւ պռունկները, բայց մի գեղեցիկ օր, մի անմեղ վերջին կաթիլ լրացնում է աննշան պակասը, ու ջուրը սկսում է ափերից հորդել: Անոթը պարպվում է՝ աղմուկով, ինքնաբուխ, առանց նայելու, թե ուր է ծորում, ինչն է թրջում ու ավերում: Բուռն ու երկարատեւ զսպված զգացմունքները հենց ամենաանմեղ առիթով են պարպվում: Դա հենց այն պահն է, երբ թացը չորի հետ խառնվում է, հիշում ես հին ու մոռացված վերքերը, փորփրում քո ապահով ու խաղաղ ներկան եւ այնտեղ այնպիսի թերություններ գտնում, որ քեզ դժբախտ ես զգում, սկսում ես երեսով տալ եղած ու չեղած վիրավորանքները, լուն ուղտ սարքում, պահանջում, որ հաշիվ տան քեզ ու արդարանան քո առաջ: Հետո՝ օրեր անց, երբ արցունքները չորանում են, ու դրա թողած հետքերը վերանում, հասկանում ես, որ նման ջրհեղեղի պատճառ չկար: Իսկ եթե կար, ապա դա ընդամենը կյանքն է՝ իր բազում դրսեւորումներով հանդերձ: Միթե մարդը կարող է միշտ ուրախ լինել կամ միշտ տխուր, միշտ իրեն երջանիկ զգալ կամ դժբախտ: Անընդմեջ գոհ լինել կյանքից եւ երբեք դժգոհության պատճառներ չունենալ: Եթե անգամ կան նման մարդիկ, ապա նրանց կարելի է միայն կարեկցել, քանզի ամպրոպից հետո բացված արեւն ավելի ուժեղ է ջերմացնում, քան ամեն օր անխափան հայտնվողը: Քանզի միայն տխրություն ու տառապանք տեսած մարդիկ են ընդունակ իրապես գնահատել երջանկության եւ ուրախության պահերը:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ