Իրական պատմություն

Իրական պատմություն
Մոտեցա էդ Ձեւոյին.



- Ձեւո, էրկու բառ արի առանձին խոսանք:



-Ասա:



- Էս աղջիկը իմ հետ ա ուզում գա, արի էս օրն էլ թող իմ օրը լինի, քեզանից պակաս տանջված տղա չեմ....



- Ձեւ չկա, էս քածը նստելու ա ավտո, մեր հետ գա:



Իմ իրավիճակում գտնվող մարդու համար ճիշտ կլիներ թողնել-հեռանալ, բայց ես որոշեցի սրան ասել, թե ով եմ...



Մի պահ սա քարացած մնաց տեղը ու ուշադիր նայում էր վրես.



- Հա էլի, դու ես,- հետո շշուկով ավելացրեց,- ախպերս, էս աղջկան վեկալ գնա, բայց հանկարծ դրան չասես ով ես, էս հետիններս էլ թող չիմանան: Ուրիշ ինչո՞վ կարամ օգտակար լինեմ քեզ:



- Կարա՞ս զենք ճարես, փողը կտամ:



- Ի՞նչ ա պետք:



Ուզում էի ասել` յուրաքանչյուր ատրճանակ էլ կլինի, բայց ասեցի.



-Լյուբոյ պիստալետ էլ կլինի, մի 1000 դոլարի սահմաններում:



Ուշադիր նայեց վրաս ու հարցրեց.



-Ուզում ես քեզ ընդեղ ուղարկողին խփե՞ս:



- Չէ, ես մարդ խփող չեմ, ուղղակի ինքնապաշտպանության համար կարող ա պետք գա: Իմ ուզածը հանգիստ, նորմալ ապրելն ա, ուրիշ ոչինչ:



Իրականում, օրեր անց պետք է Վրաստանի սահմանն անցնեի, ու չէր խանգարի ձեռքումս մի զենք ունենալը. գիշերով անտառներով անցնելուց կարող է գազաններից պաշտպանվելու կարիք լինի:



Անիի հետ, նստած տաքսու հետեւի նստարանին, նրա ձեռքը ձեռքերիս մեջ սեղմած, գնում էինք դեպի  ”Օֆուռո” ճապոնական սաունան:



Չէ, զենքի պահով ես էդ Ձեւոյի հետ հանդիպման չեմ գնա: Քանի՜ դրա նման գողական, “լավ” տղերք եմ տեսել, որ ընկնում են այնտեղ ու կուռկուռի ձագ են դառնում: Դուրսը երկու կոպեկի համար մարդ են սպանում, իսկ իրանց ազատության համար փախուստի անուն հենց լսում են` վախից ծնկները թուլանում են: Քանի՜ դրանց նման “լավ” տղերք եմ տեսել, որ ունեւոր գոմիկների հետ սեղան են նստում` ինչ է փորները լցնեն ու նմանների հնարավորություններն օգտագործեն, եւ հակառակը` իսկական լավ տղերքին, որ իրանց “ճիշտ” հասկացողություններով չեն ապրում կամ ունեւոր չեն` գործ տվողի կամ նույնիսկ գոմիկի պիտակ են կպցնում: Մեկը կար, սենց ասած՝ “պալաժենի” էր նայում “գերեզմանոցում”, “աբշակի” համար փող էր հավաքում “մահացածներից”, բայց կեսը իրա պագոնավոր (ուսադիր կրող) շեֆին էր տալիս, կեսն էլ երակների մեջ էր լցնում: Փախուստի մասին էլ մի բառ լսեր` միանգամից զեկուցում էր:



Ճիշտ է, բոլորի մասին չի խոսքը, բայց քիչ չեն այնտեղ էդ գործ տվող ու գոմիկ “լավ” տղերքը: Իրականում սրանք “գերեզմանից” դուրս գալու ցանկություն էլ չունեն, քանի որ եթե ոչ գիտակցաբար, ապա ենթագիտակցորեն իրենք իրենց էլ են պատժում: Իմանալով, որ մեղավոր են իրենց արածների համար, ընդունում են պատիժը: Իսկ ի՞նչ անի նա, ով չի կարող համակերպվել նման պատժի հետ, զուտ այն պատճառով, որ մեղք չի գործել:



Ի՞նչ անի նա, ում մեջ մարդուն չի կարողանում սպանել այն համակարգը, որ հանդես է գալիս հասարակության անունից: Մարմինը սպանելով` չեն կարողանում հոգին սպանել:



Չեմ ցանկանում վատ եւ տհաճ բաների մասին մտածել, փողի մասին էլ չեմ ցանկանում լսել: Անիին  տալիս եմ իր ուզած գումարից էլ շատ, միայն թե փողից չխոսի, ապահովիչի անուն չտա... Առանց դրա... Գրկում եմ, սիրում եմ այս շատ երիտասարդ կնոջը, համբուրում եմ շրթունքները:



Արթնացա հյուրանոցում, արդեն կեսօր էր, Անին կողքս էր պառկած, իսկ ես մտածում էի Դիանկայի մասին: Բեռլինում դեռ ժամը 9-ն է, նա դեռ քնած կլինի, ուշ է սիրում արթնանալ:



Սուրբ Սարգիս եկեղեցի մտա. 5 տարի առաջ այս նույն վիճակում այստեղ նստած՝ Աստծո հետ էի խոսում: Նորապսակներ մտան եկեղեցի իրենց հարազատների հետ: Մնացի եկեղեցում ամբողջ արարողության ընթացքում: Այդ օրը, համարյա մինչեւ գիշերվա 12-ը Պրոսպեկտով բարձրանում էի մինչեւ Մատենադարան, հետո իջնում-հասնում ձկան խանութի մոտ կամ եկեղեցու մոտ կանգնում` նայում ձորը, ստադիոնի կողմը, կոնյակի-գինու գործարանի կողմը:



Մնացած օրերին հաճախ Աբովյանով էի ման գալիս, հրապարակում էի շրջում, իջնում կինո “Ռոսիայի” մոտ՝ կներեք, հիմա արդեն “Այրարատ” տոնավաճառ, եթե չեմ սխալվում: Երբ հոգնում էի, “Կոմայգում” էի նստում, ականջակալներով, Կլայդերմանի երաժշտությունը լսելով` նայում էի անցնող զույգերին:



Շուտով երազս պետք է վերջանար, բայց ես չգիտեի դրա մասին: Եւ մի 10 օր, ու ես կհայտնվեի Աֆրիկա մայրցամաքում: Հա, հա, մի զարմացեք: Իհարկե ցանկալի էր Եւրոպան կամ ԱՄՆ-ն, բայց Աֆրիկայում կան քաղաքակրթությունից հեռու վայրեր, որտեղ ապահով կլինեի, սակայն դա, անկասկած, ժամանակավոր էր լինելու:



Այնտեղ Երեւանը ու հայ աղջիկներին միայն երազումս կտեսնեի, ինչպես եւ հիմա... Ախր շատ լավն են մեր հայուհիները, նույնիսկ տաբատներով, չնայած որ շրջազգեստն ավելի կանացի է:



Մի պահ պատկերացրեցի, որ Երեւանում մարդ չկա, ուղղակի դատարկ քաղաքն է մնացել: Չէ, էն չի: Բայց դե, եթե մեկը մյուսի նկատմամբ անտարբեր լինի` կստացվի, որ մարդ չի մնացել... Նույն դատարկությունը կդառնա էլի... մյուս կողմից էլ, եթե երեւանցիները քաղաքում չլինեին, դա էլ էն չի... նկատի ունեմ` մարդիկ կան, բայց քաղաքն արդեն չկա...



Լավ, երեւակայությունս մի կողմ դնեմ ու հիանամ թե Երեւանով, թե իր բնակիչներով, քանի դեռ երազս չի ավարտվել:



Խանջյանով դուրս եկա Ամիրյան: Շատ եմ սիրում Ամիրյանով անցնել, բայց, այ քեզ բան` քաղաքի կենտրոնում էլ “գել ու շուն” կա... հասնում են մարդու վրա, որ հոշոտեն... ի՞նչ վատ բան եմ արել, ման եմ գալիս, էլի, իմ հարազատ քաղաքում: Հիշեցի երկրորդ գիշերը սարերում: Մութ գիշեր էր, քնելու մասին խոսք լինել չէր կարող: Պայուսակիցս մի կտոր բան հանեցի, որ ուտեմ: Մեկ էլ հանկարծ 4 հատ մեծ շներ հայտնվեցին, կատաղած աչքերով նայում էին վրաս ու գռմռում: Ամեն մեկի դեմը մի կտոր իմ ուտելիքից գցեցի: Եղածը մի բան չէր, միանգամից կուլ տվեցին, բայց կանգնած էլի նայում էին ձեռքիս: Հանգիստ սկսեցի հացս ուտել: Սրանք շրջվեցին ու գնացին: Մտածեցի, որ էս կատաղած շները որոշ երկու ոտանի արարածներից էլ խելացի են, գիտեն, որ մարդուց վերջինը վերցնել չի կարելի: Հանգիստ թողեք, էլի, էս ժողովրդին:



Քաղաքն էլ հանգիստ թողեք: Երեւանը մի սիրուն ծաղիկ ա: Ինչքան էլ ծաղկամանը զարդարեք, թանկարժեք քարեր կպցնեք` մեկ ա՝ կարեւորը ծաղիկն ա: Ծաղիկի մեջ կյանք կա, իսկ ամենաթանկարժեք քարը` մեկ ա քար ա մնում: Ինձ էլ թողեք հանգիստ գնամ, ծնողներիս, եղբորս գրկեմ, համբուրեմ, սիրածս աղջկան, բոլոր հարազատներիս, ընկերներիս: Ինձ որ սպանեք` ո՞վ ա շահում:



Թե՞ եւրոպաները պետք ա ստիպեն, որ մարդ դառնաք, քաղաքակիրթ լինեք... Մեզ մեր տան մեջ սովորեցնում են, թե ոնց ապրենք: Է՜, ճիշտ են անում: Ցավում եմ, բայց դե, որ ճիշտն ու սխալը իրարից չեք տարբերում... տո արի ու մի ասա. լավ էլ տարբերում եք, ուղղակի, կներեք, բայց պետք ա ասեմ` ձեզ էշի տեղ եք դրել: Նեղանում եք՝ նեղացեք: Ձեր գործն ա: Ես կորցնելու բան չունեմ:



Երբ  “գերեզմանում” էի, կաթողիկոսին մի նամակ գրեցի: Քահանա այցելեց ինձ ու ասաց. “Մինչեւ քո մոտ գալը գնացի նրա մոտ, ով որ քեզ այստեղ է ուղարկել` մահվան դուռը, բայց զրույց տեղի չունեցավ, նա հենց ինձ տեսավ քահանայի հագուստով, ասաց՝ ես ոչ Աստծուն եմ հավատում, ոչ էլ եկեղեցուն: Դե դա իրա իրավունքն ա, մենք իրան բան չենք կարող ասել: Իսկ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում (եւ այլն...): Մենք քեզ չենք կարող օգնել, որ “գերեզմանից” դուրս գաս”:



Դե էդ անհավատ մարդասպանը շուտով հասարակություն կվերադառնա, իսկ իմ երազը նորից վերջացավ, այս անգամ Ամիրյանի վրա: Շատ ափսոս: Լավ երազ էր:



Երկու խոսքով էլ այն մտքի մասին, որ ինձ հանգիստ չէր տալիս Գեղարդում, վանքի մոտ: Անշունչ տեղից, ոտքով եկա-հասա մինչեւ “հեթանոսական քաղաքակրթություն”: “Մերկ” եւ “քաղցած” էի: Հետո արդեն մեքենայով շարժվեցի դեպի “քրիստոնեական քաղաքակրթություն”: “Հագնված” եւ “կուշտ” էի: Այստեղ է վերջանում մեր` մարդկանց քաղաքակրթությունը: Առայժմ այստեղ ճանապարհն ավարտվում է ...



Բայց մարդիկ միշտ էլ իրենք են իրենց ձեռքերով նոր ճանապարհներ կառուցում... Պետք է շարունակենք ճանապարհը... դա է միակ ուղին, որ երբեք այլեւս հետ չվերադառնանք...



Մհեր Դավիթի



ԵՆՈՔՅԱՆ