Կատարյալ “երջանկության” համար մարտկոցն է պակասում

Կատարյալ “երջանկության” համար մարտկոցն է պակասում
Գարիկ եւ Թաթուլ Ջիլավյանները եղբայրներ են, ապրում են Տավուշի մարզի Կողբ գյուղում: Համապատասխանաբար 15 եւ 8 տարեկան են: Երկուսն էլ մանկուց տառապում են ողնուղեղի անբուժելի հիվանդությամբ, եւ նրանց օրն անցնում է սայլակին գամված: “Երկուսն էլ առողջ են ծնվել, նորմալ քաշով, մեկ տարեկանում կանգնում էին, քայլում, բայց հանկարծ երկուսի մոտ էլ սկսեց նկատվել նույն հիվանդությունը”,- ասում է Արեւիկ Պետրոսյանը` երեխաների մայրը: Միջանցքում, դաշնամուրի վրա Գարիկի մեկ տարեկան ժամանակվա լուսանկարն է, որտեղ երեխան առանց կողմնակի օգնության կանգնած է ոտքերի վրա: Այդ ժամանակ հիվանդության ոչ մի նշույլ չկար: Բայց Գարիկի մոտ աճուկային ճողվածք է առաջանում, նրան վիրահատում են, որից հետո առաջ է գալիս սայլակին գամող ոսկրային հիվանդությունը: “Սկզբում կարծում էինք, թե դա վիրահատության հետեւանք է,- պատմում է մայրը:- Բայց երբ Թաթուլի մոտ էլ այդ հիվանդությունն ի հայտ եկավ, բժիշկները մեզ ապացուցեցին, որ դա ժառանգական հիվանդություն է”: Այս տարիների ընթացքում հաշմանդամ երեխաները ծնողների միջոցներով բազմիցս հետազոտվել են տարբեր կլինիկաներում: 2008-ին նույնիսկ ընտանիքի ծախսով Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ մի հրեա բժիշկ: Նա 15 օր ապրել է Ջիլավյանների հարկի տակ, հետազոտել երեխաներին ու եզրակացրել, որ բժշկությունն այս դեպքում անզոր է: “Բուժվելու նպատակով ինձ դիմած այցելուներից, որոնց մոտ ոսկրային նույն հիվանդությունն է եղել, 2-3-ն են միայն բուժվել”,- ասել է բժիշկը: Այսքանից հետո Ջիլավյանները փորձում են գոնե երեխաների առօրյան հետաքրքիր դարձնել, հասարակությանն ինտեգրել: Գարիկն ու Թաթուլը լավ տրամաբանություն ունեն, դպրոցում լավ են սովորում: Երկուսի մոտ էլ գրեթե բացակայում է հաշմանդամ մարդկանց հատուկ ընկճվածությունը: Ավագ եղբայրը համակարգչային ծրագրեր է ուսումնասիրում, նրան օգնում են “Հույսի կամուրջ” ՀԿ Նոյեմբերյանի մասնագետները, եւ սովորածը փոխանցում Թաթուլին: “Լավ ընկերներ ունեմ, շատ լավ երեխեք են, ընկերասեր, ինձ միշտ օգնում են”,-ասում է Գարիկը, ավելացնելով, որ երբ ուզում է խաղալ իր հասակակիցների հետ, սայլակով կանգնում է տան դարպասների մոտ եւ սպասում, մինչեւ ընկերներից մեկնումեկն անցնի ճանապարհով: Այնուամենայնիվ, տղաներն ուշադրության կարիք ունեն: Կողբի թիվ 1 դպրոցում, որտեղ նրանք սովորում են, թեքահարթակներ չկան: Առաջին հարկում հայրն է ցեմենտ-բետոնով թեքահարթակ կառուցել` հանուն զավակների կրթության: Եթե երկուսի դասարաններն էլ տեղավորված են առաջին հարկում, ապա համակարգչային կաբինետը երկրորդ հարկում է, եւ դա եւս մի անգամ Գարիկին  հիշեցնում է իր հաշմանդամության մասին, որովհետեւ երկրորդ հարկ տանող ուղի սայլակի համար նախատեսված չէ: Սայլակն էլ սովորական չէ, այլ մարտկոցով, որն արդեն հնացել է, իսկ նորը չեն գտնում: “Սայլակները նվիրել են ՀՅԴ ամերիկյան գրասենյակից,- պատմում է երեխաների հայրը` Սասունը:-Սրանց մարտկոցները երեք տարի անխափան աշխատեցին”: Դրանից հետո երեխաներին համակարգիչ եւ Կանադայից բերված մարտկոցներ է նվիրել ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, բայց այս դեպքում էլ դրանք երկար չեն դիմացել: Այժմ դժվարացել է տղաների տեղաշարժը: “Դպրոցի ճանապարհի կեսը մարտկոցը դիմանում է, հետո քարքարոտ ճամփից նստում է, ու ստիպված մաման է հրելով տանում”,- ասում է առաջին դասարանցի Թաթուլը: “Հարցը գումարի մեջ չի,- ասում է անասնապահությամբ եւ խոզաբուծությամբ իր ընտանիքը պահող  Սասուն Ջիլավյանը:- Ես գումարի խնդիր չունեմ, այլ մարտկոց գտնելու եւ պատվիրելու”: Հաշմանդամ երեխաների հայրն ինտերնետում փնտրել է եւ պարզել, որ մարտկոցի տվյալ մակնիշից վաճառվում է Կանադայում, ԱՄՆ-ում, Ինդոնեզիայում եւ Մալայզիայում: Հարցին, թե ինչու կրկին պատգամավորին չի դիմում, Սասուն Ջիվալյանը պատասխանում է. “Ամոթ է, չեմ ուզում նեղություն տամ”: Երկու հաշմանդամ երեխաների հայրն օրեր առաջ դիմել էր նաեւ “Վիվասել-ՄՏՍ”-ին, եւ երբ նրանց հյուրն էի, զանգահարեցին ընկերությունից, հայտնելով, որ, ցավոք, չեն կարող ընդառաջել նրանց դիմումին եւ ապահովել մարտկոցով: Նման խնդրանքով Սասուն Ջիլավյանը դիմել է նաեւ պետական կառույցներին, հաշմանդամների գործերով պետական պատասխանատվություն կրող մարմինը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հետեւյալ պատասխանն է տվել. “Ձեր դիմումի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մարտկոցով սայլակներ չի ստանում”: Եւ ստորագրված է` “հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ  Ջ. Բաղդասարյան”: Սրանով նախարարությունը հարցը փակված է համարել, իր լուծելիք խնդիրը թողնելով հաշմանդամ երեխաների ծնողների ուսերին: Անհասկանալի է, թե ում է պետք այս նախարարությունը, եթե լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց խնդիրներով էլ չի զբաղվում:



Գեւորգ ԱԲԵԼՅԱՆ