Անավարտ երազ Մեծ եղեռնի մասին

Անավարտ երազ Մեծ եղեռնի մասին
Ապրիլի 24-ին չեմ սիրում Հ1 նայել: Նույն սուգ ու շիվան ձայները լսելու եւ անփոփոխ նախնադարյան ոճով սարքած ռեպորտաժները նայելու հավես չկա: Այդ օրը գրեթե բոլոր հաղորդումներում միեւնույն կադրերն են` երեխայի դիակից ճանճը քշողի, էն մյուս գլխաշորով կնոջ, որը տարեց է ու շերտավոր շորի մեջ զավակին փաթաթած տանում է, եղբայրական փոսում կողք կողքի ուղիղ պառկեցրած տղամարդկանց շալվարները եւ իհարկե՝ կակաչների խոշոր պլանը հուշարձանների ֆոնին: Բայց սգո ծեսը, Լուսինեի ձայնը, ճանճ քշողը արյանս մեջ են, եւ անկախ տրամադրությունից՝ ցեղասպանվածի համահայկական բնազդը ստիպում է վերցնել պուլտը եւ քվեարկել Հ1-ի օգտին: Սեւավոր ժողովրդի համայնապատկեր: Նկատե՞լ եք՝ Ծիծեռնակաբերդում, սուպերմարկետներում, “մարշրուտկի” մեջ մերոնց դեմքի արտահայտությունն անփոփոխ է` մտահոգ, ծանր ու լուրջ, “կոնկրետ”: Հուշարձանների ֆոնին մազապուրծ անցյալը վերհիշող սփյուռքահայերը մերոնցից տարբեր են` լավ են պահպանված, ձայնին հանդիսավոր արտահայտություն են տալիս: Ահա ծաղիկներ դնելու է մոտենում Սերժ Սարգսյանը: Նրա տիկնոջը` Ռիտա Սարգսյանին առաջին անգամ անժպիտ տեսա: Քոչարյանը  չերեւաց: Նրա ժամանակ բարձրաստիճան ղեկավարներին առանձին-առանձին խոսացնում էին, “ի՞նչ եք զգում այս օրը” հիմարագույն հարցն էին տալիս: Այժմ պաշտոնյաները շեշտված չեն: Ինկուբատորի ճտերի պես միատեսակ հանրապետականների շարքում միայն Սերժ Սարգսյանն է ընդգծված: Հովիկ Աբրահամյանը նախագահից մի 4-5 մարդ այն կողմ է: “Ուրեմն, լավ չեն”,- որոշեցին հետս Հ1 նայողները: Այս անգամ նկատեցի, որ մարդիկ ծաղիկների կրակոտ պատին իրենց փունջը դնում, հետո խաչակնքում են` իմ աթեիստ սերնդակիցներից շատերի համար զարմանալի ժեստ:



ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ



Այդ խաչն ինձ փոքր ժամանակ էլ զարմացրեց: 5-6 տարեկանում, երբ կարդալ չգիտեի եւ գրքերի նկարներն էի միայն նայում, Սովետական հանրագիտարանում գտա ցնցող ֆոտո` մերկ կանանց շարք խաչերի վրա: Սեւամազ հայուհիներն անտարբեր դեմքեր ունեին եւ փորի տակ տարօրինակ ու խիստ ամոթալի սեւ եռանկյունիներ: Զարմանալի էր այդպիսի նկար հանրագիտարանում տեսնելը: Ամաչում էի այն քննարկել հորս հետ, որը ցեղասպանության իմ առաջին ուսուցիչն էր: Այն ժամանակ Քրիստոսին դեռ չէի ճանաչում, բայց քրիստոսանման այդ կանանց նկարն անթույլատրելի ոտնձգություն էր իմ աղջկական էության, անծանոթ եռանկյունիների, նաեւ մշեցի Բավական տատիս հանդեպ, որին մի անգամ թաքուն տեսել էի բաղնիքում, ու որը լոռեցի մորս մասին ասել էր. “Հիսուս ու Քրիստոս, էս մեր խառս գեժ ա”: Ես անգիր էի արել հանրագիտարանի հատորն ու էջը, որտեղ ինձ ձգող ու վանող խամրած ֆոտոն էր: Եթե սենյակում մարդ չկար, արագ այն գտնում էի ու երկար զննում: Հունական լեգենդների գրքից իմ սիրած նկարները` թեւերը կտրած Աֆրոդիտեն, անմազ, մանկամարմին ծովահենները, Ձմեռ պապիկի նման Զեւսն ու նրանից չգիտես ինչու վախեցող Հերակլեսը ինձ ստերիլ ապուշներ թվացին խորհրդավոր, եղերական կանանց կողքին: Ամոթի սահմանը հատած հայուհիներն անլաց հանգչում են իրենց խաչերին` խաղաղ, արդեն անտարբեր, մահից հինգ պակաս: Նրանց անտարբերությունը ֆիզիկական ցավ է պատճառում, նյարդերը մերկացնող: Այդ ֆոտոն մարդու իրավունքների իմ առաջին դասն է եղել: Այն օրից, երբ դա տեսա, մահվան վախից էլ հզոր կատաղության նոպա եմ ապրում թույլին ֆիզիկական տանջանք եւ հոգեկան ցավ պատճառողի, արժանապատվությունը նվաստացնողի նկատմամբ:



ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԱՌՆԵՏԻՑ, ԲԱՅՑ ԹՈՒՐՔՆ ԱՌՆԵՏ ՉԷ



Մենք ընտանիքով` մայրս, հայրս, փոքրիկ քույրս, քնած ենք կիսամութ սենյակում: Մեկ էլ դրսում գոռում են. “Փախեք, թուրքերն էկան”: Վեր եմ թռչում տեղիցս, տան պահարանում ինչ-որ բան եմ փնտրում: Կարծես Մնացականի վերջին դստեր` Բավական տատիս արծաթե քամարը, որը երբեք չեմ տեսել, բայց հենց տեսնեմ` կճանաչեմ: Չեմ գտնում: Քամարը թողած, ափալ-թափալ ինձ դուրս եմ գցում տնից: Անկանոն վազող մարդիկ: Հորս եմ փնտրում: Գիտեմ, հետեւից յաթաղանը ձեռքներին մանիակներ են վազում: Հոգեկան հիվանդներ, որոնց դեմ անզոր եմ, եւ բոլոր փախչող խելոք ու բարի մարդիկ էլ են անզոր, որովհետեւ նրանք խելոք են ու բարի: Ուզում եմ վազել, բայց ոտքերս կպած են գետնին: Դրանց փոխարեն սիրտս է վազում: Վեր եմ թռչում քնից: Ժամանակ առ ժամանակ կրկնվող այս երազը, որին դատապարտված եմ փոքրուց եւ որով, երեւի, տղայիս էլ եմ վարակել, օրինաչափ եմ համարում: Բայց վերջերս սկսել եմ մտածել` տեսնես ումի՞ց եմ ժառանգել երբեք չավարտվող այս կինոն` իմ մշեցիներից ո՞ր մեկի կյանքն է այսպես ավարտվել: Կարապետ պապի՞ս, Բավական տատիս մորթված հարազատների՞, գուցե ճանճ քշող այն կնո՞ջ, որին հավերժացրել է եւրոպացու տեսախցիկը: Երեւի նա չի էլ հասցրել հետ նայել: Այդպես էլ չի տեսել իրեն սրի քաշող մանիակի դեմքը, չի հասցրել տեսնել ու չի հանգստանում: Գուցե իմ մշեցիներին պե՞տք չէր, որ ես նրանց կոտորածն ու վախը հետս քարշ տամ, երեւի հակառակն էր պետք` կանգ առնել, շրջվել, բռնել յաթաղանը բարձրացրած ձեռքը, նայել թուրք մանիակի աչքերի մեջ: Բայց ո՞վ է ի վիճակի հետ պտտել ուրիշի երազը եւ ո՞վ իրավունք ունի:



ՄԵՐ ՊՈՄՊԵՈՍԸ



“Ցեղասպանություն” առարկայի իմ առաջին դասախոսը` հայրս, գերադասում էր նարնջակարմիր “եղեռն” բառը: Մեր տունը Ծիծեռնակաբերդին կպած էր, եւ այնտեղ ինձ “ման գալու” տանելով, նա նախ տալիս  էր “ծովից ծովի” նկարագիրը, ապա թուրքերի հարձակումների մասին էր պատմում, վայրագության ու հերոսական դիմադրության, անապատի, արծաթե քամարի: Հետո հարցեր էր տալիս, որ տեսներ` լա՞վ հիշեցի իր ասածները, թե՞ ոչ: Ես միշտ վատ էի հիշում, ու նա ասում էր՝ “տուպոյ լակոտ”: Այդպես իմ “ման գալը” ցեղասպանություն էր դառնում: Արեւի տակ երկար քայլելով, հորս սարսափ պատմություններն ականջիս` ես ինձ եղերական թափորում իր ծնողի հետ քայլող աղջիկ էի երեւակայում, իսկ հորս՝ ոստիկանի դերում, որը չի թողնում, որ ես ջուր խմեմ, խաղամ առվակի հետ, ծամոն, սեմուշկա, մարոժնի ուտեմ կամ վազեմ-նստեմ նստարանին: Ուրախանում էի, երբ իմ “ման գալուն” գալիս-հասնում էր ցեղասպանվածների բարելիեֆին: Դա Ծիծեռնակաբերդի իմ ամենասիրած հուշարձանն է, թեեւ արդեն փչացել է: Փոքրիկ, “եղերապատ” ճերմակ քարի վրա ցեղասպանվողների գալարվող մարմիններ են` “Պոմպեոսի վերջին օրվա” ֆիգուրների նման: Այս մարմարե կոտորածն անարյուն է: Կատաղած աչքերով խելքը գցած թուրքը, բոլոր երեխաներին ու մամաներին սրի քաշող՝ այստեղ չկա, իսկ փախչող մարդիկ երկինք են հասել՝ հունական լեգենդների հերոսների պես, եւ տառապանքը ջինջ է, սփոփող` հրեշտակի տխրության նման: Այդ բարելիեֆի մոտ վերելքն ավարտվում է, եւ ճանապարհը թեքվում է դեպի հուշարձաններ: Ամեն տարի, ապրիլի 24-ին փոքրիկ աղջիկը, որն էի, նվնվոցը կտրում էր: Որովհետեւ երկար քայլելուց եւ առջեւում ոչինչ չտեսնելուց շատ հոգնած ու ձանձրացած էր լինում: Եղերական թափորի երեխաների պես ոտքերը ցավում էին, գլուխն արեւն էր խաշում, ծարաված էր լինում, եւ առջեւում էլ ոչ մի հետաքրքիր բան` միայն ինչ-որ մարդկանց մեջքեր ու կոշիկներ, մեկ էլ ոստիկաններ՝ ճամփեզրին շարված: Ու հենց աջից “Պոմպեոսի վերջին օրը” հայտնվում էր, հոգնածությունս անցնում էր, առջեւում երեւում էին հուշարձանները՝ ամպի մեջ խրվող, ճամփան ուղղվում էր, դրախտային ծաղիկներ էին հայտնվում, պսակներ, ու հայրս ասում էր` “Ըհը, հասանք”: Ահա ինչու եմ սիրում ճերմակ, փոքրիկ բարելիեֆը, կակաչներով ու դեպի երկինք սլացող զոհերով: Հորս այս մտքերը դուր չէին գա: Բայց մշո տերտերների ցեղի աթեիստ զավակը մնաց նախահամակարգչային եւ նախաբջջային դարաշրջանում եւ էլ չի կարող ինձ ասել՝ “տուպոյ լակոտ”: