Երբ չգիտեք ինչպես վարվել, Վարվեք օրենքով

Երբ չգիտեք ինչպես վարվել, Վարվեք օրենքով
Երեկ մենք պատահաբար նկատեցինք, որ ՀՀ ոստիկանությունը 20 օր ուշացումով նկատել է մեր ապրիլի 2-ի “Նշանածը պետպլանին վնաս չէ” հոդվածը եւ իր կայքում պատասխան զետեղել՝ “Հրապարակը խեղաթյուրել է իրականությունը” ենթավերնագրի տակ: Իսկ գրության վերնագիրն է՝ “Ինչպե՞ս կհրամայեիք վարվել”: Միանգամից ասենք, որ ոստիկանությունը պարտավոր է ամեն դեպքում օրենքով առաջնորդվել եւ “հրամայում ենք” հենց այդպես էլ վարվել՝ երբ չգիտեն ինչ անել: Սակայն անդրադառնանք պատասխանին, որտեղ գրված է. “Անդրադառնալով աղջիկ առեւանգելու փաստով հարուցված մի քրեական գործի, թերթը գրում է. “Արկադի Ղուկասյանն այս տարվա հունվարի 30-ին իր սիրած աղջկան՝ Անահիտ Խուրշուդյանին առաջարկել է նստել իր ավտոմեքենան եւ գնալ իրենց տուն։ Աղջիկը, բնականաբար, չի հրաժարվել, որովհետեւ վաղուց սիրահարներ են, դեռ 6-րդ դասարանից, եւ աղջիկը տղային սպասել է ամբողջ երկու տարի, մինչեւ բանակից գա, որ ամուսնանան։ Նշենք, որ մինչեւ բանակ գնալը նշանվել են։ Մեքենայի մեջ եղել են նաեւ տղայի ընկերները՝ Արտյոմ Նովիկովն ու Հրաչյա Աթոյանը։ Անահիտի մայրը տեղյակ չի եղել սիրահարների մտադրության մասին ու տեսնելով, որ աղջիկը տուն չի եկել, դիմել է ոստիկանություն։ Ապառիկ զոքանչություն է արել, մի խոսքով։ Այստեղից սկսվել է մի մեծ ողբերգություն։ Ոստիկաններին էլ մահանա է պետք, ձեւակերպել են առեւանգում, այն էլ՝ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասով...”։ Իսկ իրականում  այդ պահին մայրն աղջկա հետ է եղել։ Ոչ միայն մայրն է եղել այդտեղ, այլեւ աղջկա քույրը։ Ոչ միայն ներկա են եղել, այլեւ փորձել են միջամտել։ Մայրը՝ Մարիամ Խուրշուդյանը, նույնիսկ փորձել է աղջկա հետեւից մտնել մեքենա, սակայն Հ. Աթոյանը թույլ չի տվել, այդ պահին մեքենան կտրուկ պոկվել է տեղից, եւ մայրը հետեւի դռնից ընկել է փողոցում։



Սակայն սա դեռ ամբողջը չէ։ Այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների աչքի առջեւ։ Հունվարի 30-ին Սարյան փողոցում օպերատիվ ծառայություն կատարող ոստիկաններ Է. Պողոսյանը, Ա. Հայրապետյանը եւ Ս. Առաքելյանը ժամը 14:30-ի սահմաններում նկատել են, որ թիվ 22 շենքի դիմաց երեք կանանց մոտ կանգ է առել “ՎԱԶ-2109” մակնիշի կարմիր գույնի մի ավտոմեքենա, որի մեջ եղել են երեք երիտասարդներ։ Վարորդի կողքին նստած Հ. Աթոյանն իջել է, բացել մեքենայի աջ կողմի հետեւի դուռը, մյուսը՝ Ա. Ղուկասյանը, գրկել է կանանցից մեկին՝ Ա. Խուրշուդյանին, եւ նրա կամքին հակառակ մտցրել մեքենա։ Հ. Աթոյանը նստել է աղջկա կողքը (աղջիկը հայտնվել է երկու երիտասարդների միջեւ), իսկ երբ կանանցից մեկը (Մ. Խուրշուդյանը) փորձել է հետեւի դռնից մտնել մեքենա, Հ. Աթոյանը թույլ չի տվել։ Իսկ երրորդ երիտասարդը (Ա. Նովիկովը) հրել-գցել է միջամտել փորձող երրորդ կնոջը (Ք. Խուրշուդյանին) եւ մեքենան վարելով՝ արագորեն հեռացել (Մ. Խուրշուդյանն այդ պահին է ընկել)։ Կատարվածին ականատես ոստիկաններն իրենցից մեկին (Ա. Հայրապետյանին) պատկանող սեփական մեքենայով հետապնդել են առեւանգիչներին, Մաշտոց”Ամիրյան փողոցների խաչմերուկում հասել են նրանց, պահանջել կանգնել եւ ներկայացել են։ Սակայն նույնիսկ այդ ժամանակ Ա. Նովիկովը շարունակել է փախուստի փորձը եւ ճանապարհ բանալու համար իր մեքենայով հարվածել է ոստիկանների մեքենային, վնասել (վնասի չափը՝ 77.300 դրամ)։ Ահա իրականությունը։ Այս ամենի ընթացքում ինչպե՞ս պիտի վարվեին ոստիկանները։ Չհետապնդեի՞ն, չբռնեի՞ն, ոստիկանություն չտանեի՞ն, նյութեր չնախապատրաստեի՞ն, քրեական գործ չհարուցեի՞ն։ Մանավանդ որ եղել են դեպքին ականատես վկաներ։ Մանավանդ որ նյութերի նախապատրաստության ընթացքում Ա. Խուրշուդյանը հայտնել է, որ ինքը իր կամքին հակառակ է նստել ավտոմեքենա, իսկ Մ. Խուրշուդյանը հայտարարություն է տվել դստերն առեւանգելու մասին։ Ճիշտ է, հետագայում Ա. Խուրշուդյանը հրաժարվել է իր այս ցուցմունքից եւ հայտնել, որ իր կամքով է նստել մեքենան։ Մ. Խուրշուդյանն էլ գրավոր տեղեկացրել է, որ ինքը բողոք չունի։ Ա. Խուրշուդյանն էլ դիմումներ է հղել ՀՀ բարձրագույն իշխանություններին, խնդրելով կալանքից ազատել նշանածին եւ նրա երկու ընկերներին, նաեւ պատժել մեղավորներին (առաջ անցնելով ասենք, որ թեեւ առաջին ատյանի դատարանի որոշմամբ երեք երիտասարդների նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, սակայն վճռաբեկ բողոքից հետո այդ որոշումը փոխվել է, երեքն էլ գրավով ազատ են արձակվել)։ Սակայն կա եւս մի նուրբ հանգամանք, որին, այնուամենայնիվ, ստիպված ենք անդրադառնալ, որը կարող է ինչ”որ չափով լույս սփռել թե՛ կատարվածի, թե՛ դրան հաջորդած իրադարձությունների վրա։ Նյութերի նախապատրաստության ընթացքում Ա. Խուրշուդյանը հայտնել է, որ հունվարի 29-ին ինքը որոշել էր վերադարձնել նշանի մատանին, ինչի մասին իր հայրը հեռախոսով հայտնել է Ա. Ղուկասյանի հորը։ Սույն փաստը ճշտելու, ինչպես նաեւ պարզելու համար, թե արդյո՞ք հիշյալ երիտասարդները հեռախոսով պայմանավորվել են առգեւանգման վերաբերյալ, իրավապահները միջնորդություն են ներկայացրել դատարան, խնդրելով թույլ տալ ծանոթանալ այդ հեռախոսազանգերի վերծանումներին։ Այսպիսով, ակնհայտ է, որ տեղի է ունեցել սիրային ու ընտանեկան դրամա՝ իր ցավալի հետեւանքներով։ Ինչպե՞ս կհրամայեիք վարվել իրավապահներին։ Անկախ այն բանից, թե ով, երբ, ինչպես է ներկայացրել եղելությունն ու իրողությունը, չփորձեի՞ն պարզել իսկությունը”:



ՀԳ - Այս պատասխանը կարելի էր նաեւ չմեկնաբանել՝ այն իրավաբանությունից այնքան է հեռու, որ գրական-գեղարվեստական ժանրի ստեղծագործության է նմանվել։ Նախ, առեւանգման գործով տուժողի առկայությունը պարտադիր է, եւ երբ տուժողը հրաժարվում է բողոքել, ի՞նչ իրավունքով է նախաքննության մարմինը քրգործ հարուցում, քննություն կատարում: Մարդիկ վիճում են, հաշտվում են, տարաձայնություններ են ունենում, նշան են տալիս-հետ վերցնում, բայց այդ ամենը քրեաիրավական հարաբերությունների դաշտից դուրս է, եթե չկա տուժած անձ: Հատկապես զավեշտալի է գրության վերջաբանը, որտեղ խորհրդավոր տոնով ոստիկանները տեղեկացնում են “նուրբ հանգամանքի մասին”, որ նախորդ օրը Անահիտ Խորշուդյանը որոշել էր մատանին վերադարձնել: Այ-այ-այ, քրեական ինչպիսի կարեւոր ապացույց ենք մենք անտեսել: Հիմա ոստիկանությունը վերծանում է երիտասարդների հեռախոսազանգերը, որ աղջկան համոզի, որ իրեն այնուամենայնիվ առեւանգել են, տղային՝ որ ինքն այնուամենայնիվ առեւանգելու մտադրություն է ունեցել, եւ մեզ՝ որ գործ ունենք չարամիտ հանցագործի հետ, որի տեղը բանտում է: Ի դեպ, այս կեղծ մեղադրանքով ոստիկանությունը մի քանի ամիս երիտասարդ փեսացուին պահեց բանտում:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ