Դու արյուն մի տուր, Գալուստ Գրիգորիչ

Դու արյուն մի տուր, Գալուստ Գրիգորիչ
Երեկ ԱԺ-ում պատգամավորները մեծ հանդիսավորությամբ իրենց գեները փոխանցեցին “արյան բանկ”՝ արյուն հանձնեցին “Ոսկրածուծի դոնորների ռեեստրի” համար: Այնպես որ, այսուհետ ազգընտիրների գեները ապահով տեղ են՝ ռեեստրի համապատասխան “բանկում”: “Ոսկրածուծի դոնորների ռեեստրը” երեկ հյուրընկալվել էր ԱԺ-ում: Ու քանի որ նիստի օր էր, ԱԺ-ում էին բազմաթիվ լրագրողներ ու օպերատորներ, ուստի ամեն ինչ կատարվեց հանդիսավոր կերպով: Սակայն հարկ է նկատել, որ բարեգործության մասնակից պատգամավորների թիվը խիստ սահմանափակ էր: Բայց քանի որ բոլոր հեռուստաընկերությունները հանդիսավոր կերպով նկարեցին ու ցուցադրեցին ժողովրդի համար սեփական արյունը չխնայող ազգընտիրներին, թերեւս կազմակերպիչները ակցիան հաջողված համարեն: Ի դեպ, մեր դիտարկմանը, թե քիչ են պատգամավորները, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. “Ինչի՞ չեք սիրում պատգամավորներին, կգան, էլի, հենա 30 հոգի կանգնած են”: Թե ում ի նկատի ուներ պարոն Աբրահամյանը, անհասկանալի է, քանի որ հազիվ 7-8 պատգամավոր մասնակցեցին ակցիային: Ըստ այդմ՝ նախ պետք է ստուգվեն պատգամավորների գեները, եւ դրանց  համապատասխանության դեպքում պատգամավորները կարող են դոնոր դառնալ, եթե որեւէ վարակիչ հիվանդություն չունեն:



Առաջիններից խրոխտ քայլերով նախասրահում դրված սեղանին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, թերեւս փորձելով օրինակ ծառայել մյուսների համար: Այնուհետեւ լսվեց “էն կողմ գնացեք” բացականչությունը: Պարզվեց՝ Հովիկ Աբրահամյանն ավարտել է հերթական հանդիպումը աշակերտության հետ ու շտապում է մեկ այլ հանրօգուտ գործ կատարել՝ գալիս է իր արյունը հանձնելու: Ի դեպ, պարոն Աբրահամյանի հանդիպումներն աշակերտության հետ այնքան ինտենսիվ են, որ նա թերեւս սպառել է մայրաքաղաքի դպրոցները ու անցել մարզերի դպրոցականների հետ ճանաչողական կապերի հաստատմանը: Երեկ, օրինակ, ԱԺ-ում էին Գեղարքունիքի մարզի դպրոցականները:



Հեռուստատեսախցիկների առաջ մեծ հանդիսավորությամբ արյուն տալուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրինք, թե հատկապես իր ո՞ր գենն է ուզում փոխանցել մեր ժողովրդին: ԱԺ նախագահը “ի՞նչ եք ուզում ինձանից” ասելով՝ հեռացավ: Փոխարենը, մինչ ազգանվեր քայլ կատարելը, նույն հարցին ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խրոխտ պատասխանեց. “Ազգային, ազգային գենը, որ մեր ժողովուրդն ավելի ազգային դառնա”: Չգիտենք՝ մեր ժողովուրդը որքան կուրախանա Գալուստ Սահակյանի այս ազգանվեր քայլից, բայց ինքը՝ ՀՀԿ փոխնախագահը, բավական գոհ էր: Ի դեպ, երբ Գալուստ Սահակյանն էր պատրաստվում տեղավորվել աթոռին, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանը բացականչեց. “Դու արյուն մի տուր, Գրիգորիչ”: “Ինչի՞”,- հարց ուղղեց Գալուստ Գրիգորիչը ու դաշնակցական ընկերոջն ականջալուր չլինելով՝ ձեռքը մեկնեց: Դաշնակցական Արտյուշ Շահբազյանի խոսքով՝ ժողովրդին պետք է իր “դաշնակցական գենը, ազգային”: “Հիմա ազգային գենը ո՞ւմն է՝ Դաշնակցությա՞նը, թե՞ ՀՀԿ-ինը, Գալուստ Սահակյանն ասում է, որ ազգային գենն իրենն է”,- հարցրինք Շահբազյանին: “Ես ուրախ եմ, որ բոլորը կարեւորում են ազգայինը, ինչո՞ւ եք հակադրում”,- ի պատասխան ասաց Դաշնակցությունն արյան մեջ ներառած Արտյուշա Շահբազյանը: Շիրակ Թորոսյանը հայտարարեց, թե միջոցառումը գեների հետ կապ չունի. “Իմ գեները անցնում են իմ զավակներին, վաղը-մյուս օր կիմանաք”:



Դոնորն իր արյամբ ցողունային բջիջներ է փոխանցում հիվանդին: “Ոսկրածուծի դոնորների ռեեստրի” կենտրոնի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանին հարց ուղղեցինք, թե հնարավո՞ր է պատգամավորների արյան հետ որոշակի գենետիկ ինֆորմացիա փոխանցվի հիվանդներին, երեխաները մեր պատգամավորների նման դառնան, որոշ բնավորության գծեր ու վարքագիծ ձեռք բերեն: “Նման խնդիր չկա: Նման հարցեր չեն կարող լինել”,- հավաստեց Ավագյանը: Իսկ օրինակ, “ազգային գենը” հնարավո՞ր է փոխանցել՝ հետաքրքրվեցինք մենք: “Ցավոք, նման հնարավորություն չկա: Բժշկական տեսանկյունից նման հասկացություն չկա”,- բացատրեց տնօրենը: Ընդհանրապես, բժշկի համոզմամբ՝ շատ բան մեզ բաժանում է, եւ միակ միացնողը արյունն է, եւ կարեւոր է, որ բոլոր կուսակցությունները մասնակցեն նման ակցիաների: “Դա մեր ազգի միասնության միակ գրավականն է, որովհետեւ մնացած ամեն ինչ մեզ բաժանում է՝ եկեղեցին, կուսակցությունները, աչքերի գույնը, տարեկան եկամուտները: Եւ միակ բանը, որ ինձ եւ ձեզ միացնում է վստահորեն, դա մեր գեներն են”: