Ոստիկանների այց դատի օրը

Ոստիկանների այց դատի օրը
Երեկ Էրեբունի-Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերջապես սկսվեց 11-րդ հատուկ դպրոցի նախկին ուսուցչի՝ Լեւոն Ավագյանի դատը: Նա մեղադրվում է աշակերտների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Երեկ Ավագյանը խնդրեց հետաձգել նիստը, քանի որ հրաժարվում է փաստաբանից, ինչը բավարարվեց: Աղմկոտ այս դատավարությանը մարդիկ սպասում էին 2008 թվականի նոյեմբերից, երբ “Հայլուրով” տեսան Նուբարաշենի 11-րդ հատուկ դպրոցի շրջանավարտ Դ. Ա.-ի զրույցը ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ: Իմ պատրաստած այդ սյուժեում Դ.-ն պատմում էր, որ ուսուցիչ Ավագյանն իրեն եւ մյուս աշակերտուհիներին “ձեռ-մեռ” է գցում եւ այլ ստորացումների ենթարկում: Ուսուցիչը հերքեց սա, պատճառաբանելով, թե աղջիկը մտավոր թերզարգացած է եւ բուռն երեւակայություն ունի: Դ.-ի մայրը՝ Նաիրան նրան ծեծեց, ապա դպրոցի աշխատակիցների ուղեկցությամբ Դ.-ն գնաց Էրեբունու ոստիկանություն եւ գրեց, որ սուտ է խոսել: Հետագայում նա կրկին փոխեց է իր ցուցմունքը, բայց այդ ժամանակ քննությունը կավարտվեր, եթե չհայտնվեր երկրորդ վկան՝ Դ.-ի համադասարանցի Հասմիկ Սինանյանը, եւ չպատմեր ինձ, թե ինչպես է Լեւոն Ավագյանն իրեն էլ նույն ամոթալի “փորձությանը” ենթարկել: Հետագայում ես նոր զոհերի գտա, որոնք հասուն կանայք էին եւ համարձակվեցին “Հրապարակ” թերթում բարձրաձայնել տարիներ շարունակ երեխաների դեմ 11-րդ հատուկ դպրոցում կատարվող հանցագործությունների մասին: Տարօրինակ է, սակայն նրանք գործով դատակոչված չեն: Միակ դատակոչված վկան, որը մինչեւ վերջ պնդեց իրենը, որը չկոտրվեց, դիմացավ ծնողի, հայկական միջավայրի հոգեբանական ճնշմանը, Հասմիկ Սինանյանն է, Լեւոն Ավագյանի համար ամենաանցանկալի վկան: Երեկ այդ աղջիկը դատարանում պետք է ցուցմունք տար, բայց առավոտյան 09:30-ին ոստիկանները նրան տարան Նոր Նորքի բաժին: Հասմիկին բերման ենթարկելու պատճառը եղել է այն, որ շենքի բակից մեքենա են առեւանգել, եւ որ Հասմիկի ամուսինը՝ Հայկ Խաչատրյանը կասկածյալների թվում է: Գործ սարքելով վկային ճնշելու մեխանիզմը նոր չէ, բայց այս անգամ մեր ոստիկանները երեւակայությամբ տվեցին-անցան մտավոր թերզարգացածներին: “Չեմ կարող, իրավունք չունեմ պնդելու, որ դա տեղի է ունեցել Ավագյանի գործով աղջկա վրա ճնշում գործադրելու նկատառումով, մինչեւ որ համոզված չլինեմ”,- ասում է Հասմիկի փաստաբան Ավագ Լալայանը, որին, ի դեպ, երկար ժամանակ թույլ չեն տվել բարձրանալ իր պաշտպանյալի մոտ: Լալայանը վստահ է, որ Հասմիկին բաժնում երկար են պահել՝ 5 ժամ, ինչը օրենքի խախտում է: “Նրան չեն բացատրել, թե ինչի վերաբերյալ պետք է ցուցմունք տա, ժամանակին փաստաբան չեն տրամադրել, իսկ ինձ սպասեցրել են ներքեւում”: Ավագ Լալայանին անգամ փորձել են թյուրիմացության մեջ գցել, ասելով, որ Սինանյանը բաժնում չէ: Մարդու իրավունքների գրասենյակի արագ արձագանքման խմբի գալուց հետո միայն փաստաբան Ավագ Լալայանը կարողացավ հանդիպել իր պաշտպանյալին: “Ես համոզված եմ, որ սա ճնշում է վկայի վրա”,- ասում է Մարիամ Սուխուդյանը: Իսկ Հասմիկ Սինանյանն ավելի արտահայտիչ է ասում. “Արյունս քաշեցին”: Հասմիկի ամուսինը՝ Հայկ Խաչատրյանը մեզ ասաց, որ իրեն այնքան երկար են պահել բաժնում, որ “վատացել է”, եւ Շտապ օգնության մեքենան է իրեն հասցրել Նոր Նորքի հիվանդանոց: Նա ասում է, որ ոչ ինքը, ոչ Հասմիկը կապ չունեն առեւանգված մեքենայի պատմության հետ, ոչինչ չգիտեն այդ մասին եւ ոչինչ չեն պատրաստվում գրել: