Օրենք ստրիպտիզի մասին. Վարդան Բոստանջյանը դրա մեջ չկա

Օրենք ստրիպտիզի մասին. Վարդան Բոստանջյանը դրա մեջ չկա
Ձեռ առանք, ծիծաղեցինք, բայց  փաստ է, որ ԱԺ քառօրյայի օրակարգում է “Առեւտրի եւ ծառայությունների մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, այլ խոսքով` սթրիպտիզի մասին օրենքը: Չնայած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ այն դեռ քննարկման չէր դրել: Հիմնական զեկուցողն էլ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն է լինելու: Փոփոխությունը վերաբերում է “հեստապարային ծառայությանը”` սթրիպտիզին. առաջին անգամ Հայաստանում օրենքով ամրագրվում է, թե ինչ է սթրիպտիզ-հեստապարը. “Պարերով եւ կամ երաժշտությամբ ուղեկցվող բեմական էրոտիկ ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են”:



Օրինագծին դրական եզրակացություն տված ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանն օրինագծի իր աշխատանքային տարբերակի վրա բազմաթիվ գրառումներ է կատարել, փաստաթղթի   տակ ձեռագիր գրել է` “Օրենք անբարոյականության մասին”: Պատգամավորը, որին հարցրել էին, թե ինչ հիմնավորումներով է կառավարությունը խորհրդարան բերել օրենքի նախագիծը, վրդովված  ասաց. “Ես ընդհանրապես դրա մեջ ոչ կամ, ոչ էլ գոյություն ունեմ”: Վարդան Բոստանջյանն անընդհատ, իբրեւ համաձայնության նշան, գլուխն էր շարժում, երբ նկատեցինք, որ այս գումարման Ազգային ժողովի կողմից լրիվ օրինաչափ է նման օրինագծերի շրջանառությունը, քննարկումն ու ընդունումը,  հարազատ թեմա ու հարազատ միջավայր: “Այո, դրա համար առաջին հարցը, որ տվել եմ՝ ասել եմ, որ ես ողջունում եմ այս օրինագիծը, այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետությունում ավարտվել է նորմալ անձանց, նկատի ունեմ եւ իրավաբանական, եւ ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրը: Արդեն մենք էլ խնդիր չունենք, հիմա անցել ենք հիվանդ մարդկանց, հիվանդների իրավունքների պաշտպանությանը”,- եւս մեկ անգամ համաձայնեց Բոստանջյանը: Դաշնակցական Լիլիթ Գալստյանը, որ այս օրինագծի գոյության մասին իմանալով նախ զարմացավ, հետո երկար ժամանակ չէր հավատում, ասաց. “Սովորաբար մարդիկ պատվիրում են այն, ինչ իրենց ճաշակով է եւ քիմքին համապատասխան, եւ չեմ կարծում, որ այս իմաստով պատահականություններ են լինում”: Հետո  արդեն հավատալով, որ մեր կառավարությունը կարող է նման օրենքներ բերել, կրկնեց Վարդան Բոստանջյանին. “Ես գտնում եմ, որ մեր քաղաքական-հասարակական կյանքի երեւույթները անհրաժեշտաբար պիտի օրենսդրական կարգավորման առարկա դառնան, բայց մյուս կողմից էլ կարծում եմ, որ խելամիտ իշխանությունը, որն այդքան խնդիրների բեռ ունի, երբ որ մեր երկիրը կքած  է սոցիալական, տնտեսական, մարդու իրավունքների ու անհամար խնդիրների տակ, պետք է առաջնահերթություններ  ունենա”: “Նման բան ասողների կրթական ցենզն ու մակարդակը բավարար չի, Ազգային ժողովը զբաղվել է, զբաղվում է եւ զբաղվելու է օրենսդրական գործունեությամբ, որը վերաբերելու է հասարակական գործունեության բոլոր հարաբերություններին, այդ թվում եւ սթրիպտիզին, եւ կազինոյին”,- կառավարությանը պաշտպանեց թունելի Հակոբ Հակոբյանը:



Հեստապարի մասնակից չի կարող լինել 18 տարին չլրացած, ինչպես նաեւ վեներական եւ այլ վարակիչ հիվանդություններով տառապող անձը, եւ հեստապարի մասնակիցները պարտավոր են եռամսյակը մեկ անցնել պարտադիր բժշկական զննություն, չնայած օրինագծով արգելվում է հաճախորդի եւ հեստապարի մասնակցի միջեւ ֆիզիկական շփումը, ինչպես նաեւ “հաճախորդի մասնակցությունը հեստապարին”: Ավելին` հաճախորդի եւ հեստապարի մասնակցի հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան երկու մետր: Հաջորդը.  արգելվում է զենքով, պայթուցիկ նյութերով կամ ոչ սթափ վիճակում անձանց մուտքը հեստապարային կազմակերպություն: Կարելի է մտածել, թե խանութ կամ բանկ կարելի է մտնել զենքով ու պայթուցիկ նյութերով:  Օրենքի հեղինակները նաեւ արգելում են հեստապարային ծառայությունը վարչական շենքերում, բժշկական օբյեկտներում, դպրոցներում, մանկապարտեզներում: