Հայաստանը Սերբիա է դառնում

Հայաստանը Սերբիա է դառնում
Ես կարծում եմ, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից հայկական կողմը մեկ նպատակ ուներ՝ աշխարհին ներկայացնել, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է, այնտեղ ժողովրդավարական ընտրություններ են կայանում, կայացած քաղաքացիական հասարակություն կա, ինչը մեծ մասամբ հենց այդպես էլ կա: Բայց, ցավոք սրտի, համաշխարհային քաղաքական էլիտան հիմա չի ուզում այդ հարցի քննարկումն անցկացնել: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը միջազգային հանրությունը հիմա փորձում է ետին պլան մղել եւ առաջնահերթ դիտարկել ազատագրված տարածքների խնդիրը: Սրա հետ է կապված թե Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության հայտարարությունը, թե համանախագահների հայտարարությունը, թե ԵԽԽՎ  որոշումները: Սա որեւէ կապ չունի ադրբեջանական լոբբինգի հետ, այլ արդեն ձեւավորված ընդհանուր տեսակետ է, որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ համատեղ ազատագրված տարածքների ինչ-որ մի մասը կամ ընդհանրապես ամբողջապես ինչ-որ ժամանակացույցով հանձնի, եւ դրանից հետո որոշակի ձեւով քննարկվի ԼՂՀ կարգավիճակի խնդիրը, բացվեն սահմանները՝ թե ադրբեջանահայկական, թե  հայ-թուրքական, եւ սկսվի, այսպես կոչված, խաղաղարար ուժերի տեղակայում, եւ դրանից հետո համընդհանուր կովկասյան խաղաղության պակտը մտցվի գործածության մեջ: Այսինքն, Հարավային Կովկասն ավելի հանգիստ տարածք կդառնա, որտեղ հնարավոր կլինի իրագործել ներդրումային ծրագրեր, տնտեսական եւ առեւտրային նոր հարաբերություններ ստեղծել: Սա այն է, ինչ մեզ ներկայացվում է: Իրականում մենք կարող ենք արձանագրել, որ դա Սերժ Սարգսյանի, այդ թվում նաեւ Հայաստանի արտաքին գերատեսչության, Հայաստանի դիվանագիտական կորպուսի՝ իմ կարծիքով անմիտ եւ անհեռատես քաղաքականության արդյունքն է նաեւ, որ այսօր միջազգային հանրությունը կոնսոլիդացված մեր դեմ է դուրս գալիս, եւ ներկայացվում է առաջին հայացքից մեզ համար շատ դրական ծրագիր: Լավ զարգացման ուղի, այն, ինչը որ վերը նշեցի, այնինչ դուրս է գալիս, որ Հայաստանը, ինչպես արդեն բազմիցս պատիվ եմ ունեցել ասել, ուղղակի դառնում է Սերբիա, այսինքն մատաղացու: Մենք հանձնում ենք ամեն ինչ, տեղը ունենում ենք ԼՂՀ կարգավիճակի հետ կապված ինչ-որ սին, անհասկանալի առաջարկներ, որ մինչեւ վերջ ոչ ոք հանրությանը չի ներկայացնում: Մենք չգիտենք դա ինչ է, հանրաքվե քանի՞ տարի հետո, ի՞նչ կարգավիճակով, ովքե՞ր են այդ  հանրաքվեին մասնակցելեւ եւ այլն: Մենք ունենում ենք նաեւ Կարսի պայմանագրով ճանաչված թուրք-հայկական սահման, ցեղասպանության գործընթացի միանշանակ համընդհանուր կասեցում, որովհետեւ մենք պիտի թուրքերի հետ վերջիվերջո պարզենք ինչ է եղել (իրենց կարծիքով), եւ սրան գումարվում է նաեւ, որ մենք ընդհանրապես տարածաշրջանային զարգացման մեջ դառնում ենք երկրորդական-երրորդական, չորրորդական երկիր, որը, եթե զարգացումներն ընթանան այնպես, ինչպես գնում են, ցավոք,  նաեւ պիտի խնդիրներ ունենա Իրան-Հայաստան հարաբերություններում, որովհետեւ միջազգային հանրությունը հիմա հակված է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, Վրաստանում վիճակը մինչեւ վերջ չի կայունանում: Այսինքն, ունենում ենք "խաղաղություն" մեր երկու հարեւանների հետ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք հայկական գործոնի նկատմամբ բարեկամական չեն տրամադրված, իսկ մյուս երկու հարեւանները, որոնց հետ մինչ այսօր բավականաչափ լավ հարաբերություններ ենք ունեցել, ունեն այլ պրոբլեմներ, եւ Հայաստանն ինչ-որ մասով ինտեգրվում է ադրբեջանա-թուրքական այդ ընդհանուր կիսալուսնի մեջ: