Կոալիցիոն օրինագիծն ունիկալ է

Կոալիցիոն օրինագիծն ունիկալ է
Որ Ազգային ժողովն իր գոյության ընթացքում մշտապես  եղել է  իշխանության եւ նրա հետ սերտաճած տնտեսական էլիտայի լոբբինգով օրենսդիր մարմնում հայտնված օրինագծերի դակիչ մարմին, նորություն չէ: Բայց եթե նախկինում, ասենք՝ օղի, գինի, ծխախոտ արտադրողների,  ներկրողների համար կենսական անհրաժեշտության օրինագծերը  ԱԺ-ում հայտնվում էին դեպքից դեպք, հիմա այնպիսի տպավորություն է, որ իշխանության տարբեր թեւերը արագ-արագ եւ ամեն մեկն  առանձին փորձում է  հարցեր լուծել: Այս առումով քաղաքական  օրենքներից  իր նշանակությամբ անգերազանցելի է ԶԼՄ-ների մասին կոալիցիոն չարաբաստիկ  նախագիծը, որով փորձելու են անհնազանդ թերթերի բերանը փակել: Սա եզակի օրինագիծ է, քանի որ ներկայացված է հեղինակային  խմբի կողմից. Ռուբեն Գեւորգյան, Հովհաննես Մարգարյան եւ Հովհաննես  Սահակյան եռյակը կոալիցիոն մեկական ուժ են ներկայացնում, որի իմաստն այն է, որ պատասխանատվությունը հավասարաչափ կիսվի, եւ մենք՝ լրագրողներս որեւէ առանձին ուժի դեմ չֆիքսվենք: Այս եռյակը երբեք համատեղ  որեւէ այլ օրինագիծ չի երկնել: Ավելին՝ եռյակից մեկը՝ Ռուբեն Գեւորգյանը, բացի այս օրինագծից այլ օրենսդրական նախաձեռնությամբ երբեւէ հանդես չի եկել: Ի դեպ, մեզ չհաջողվեց խոսել անձամբ Ռուբեն Գեւորգյանի հետ, քանի որ վերջինս մեր հարցի բովանդակությանը ծանոթանալուց հետո դարձավ խորը անհասանելի: Առհասարակ, մեր պրպտումների արդյունքում պարզեցինք, որ կոալիցիոն նախագծերը եզակի են: Դրանցից ամենագլխավորը 2005 թվականի տխրահռչակ սահմանադրական փոփոխություններն էին, այսինքն՝ ներկա Սահմանադրությունը: Մնացած դեպքերում կոալիցիան սովորաբար համատեղ ստորագրում է  հիմնականում պոպուլիստական բնույթի նախագծերի տակ, երբ   փառքի դափնիները պետք է երեքի մեջ կիսել: Այդպիսիներից է  պատերազմի վետերաններին ավանդները հրատապության կարգով փոխհատուցելու մասին օրինագիծը: Բայց, չգիտես ինչու, "Կենսապահովման նվազագույն զամբյուղի" եւ "Կենսապահովման նվազագույն բյուջեի մասին" օրենքներում փոփոխությունների նախագիծը, որն  ի դեպ՝ վերջին անգամ ստորագրված կոալիցիոն հուշագրում ամրագրված  պահանջներ են, ներկայացնում է ոչ թե կոալիցիան, այլ մի դեպքում խորհրդարանի անկախ պատգամավորներից մեկը,  մյուս դեպքում՝ Դաշնակցությունը: Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարությունը համառորեն բացասական եզրակացության է արժանացնում իր իսկ ստորագրած պարտավորությունը: Նույն այդ կառավարությունը, չգիտես ինչու,  չի մերժում ակնհայտ ձախ ուղղվածության մեկ այլ՝ "Շքեղության հարկի" մասին Վիկտոր Դալլաքյանի նախագիծը, չնայած պարզ է, որ երբեք այս նախագծին ընթացք չի տա, որքան էլ պատգամավորին առաջարկի համատեղ աշխատել լուծումների վրա: