Արտահերթ ընտրությունների պահանջ

Արտահերթ ընտրությունների պահանջ
Հայ ազգային կոնգրեսը երեկ Գյումրիում բավական մարդաշատ հանրահավաք է անցկացրել: Հանրահավաքին մասնակցել են Կոնգրեսի բոլոր ներկայացուցիչները, բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, որն այս օրերին գտնվոմ է Միացյալ Նահանգներում: "Մենք պահանջում ենք նոր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Մինչեւ այս հարցը չլուծվի, երկիրը դուրս չի գա ճգնաժամից",- Գյումրիի Թատերական հրապարակում հայտարարել է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Իշխանություն-ընդդիմություն լավագույն երկխոսությունը Ստեփան Դեմիրճյանը համարում է արդար եւ ազատ ընտրությունների անցկացումը: "Երկրում օրինականության, արդարության հաստատումը կնպաստի նաեւ արտաքին մարտահրավերների դիմակայմանը",- ըստ "Ա1+"-ի՝ ասել է Դեմիրճյանը, վստահեցնելով, որ իրենց պայքարն ավարտվելու է հաղթանակով: "Հանրապետություն" կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գյումրեցիներին հավաստցրել է, որ իշխանափոխությունը սարերի հետեւում չէ. "Այսօր իշխանության են առյուծ սիրողներ, առյուծ սպանողներ, առյուծ պահողներ: Բայց այդ մարդիկ դժբախտ մարդիկ են: Այսօր Հայաստանում չեք գտնի մի մարդ, որն ասի, թե Ռոբերտ Քոչարյանի ընկերն է: Այդ մարդիկ մեղք են եւ դրանից իրենց չարությունը թափում են մեր ժողովրդի գլխին: Ինչ էլ անի Սերժ Սարգսյանը, փաստն այն է, որ նա իշխանության է եկել 10 զոհերի գնով":

Գյումրիում կազմակերպված Կոնգրեսի հանրահավաքին ներկա են եղել նաեւ մարտի 1-ի 10 զոհերի հարազատները: "Ամեն մեկի հայրենիքը սկսվում է նրա տան շեմից, եւ այդ շեմից պետք է սկսել հայրենիքի պաշտպանությունը: Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տան շեմը Ղարաբաղում է: Հանուն Ղարաբաղի մինչեւ սեպտեմբեր ՀՀ-ում անցկացրեք արտահերթ նախագահի ընտրություններ: Դա Կոնգրեսի վերջին խորհուրդն էր իշխանություններին",- հայտարարել է Կոնգրեսի ներկայացուցիչը:

Կոնգրեսի հանրահավաքում երկրում տիրող տնտեսական իրավիճակին անդրադարձել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: "Դուք պետք է հասկանաք, որ բացառվում է, որ երկրի նախագահը լինի երկրի ամենահարուստ մարդը եւ այդ երկիրը երկիր լինի: Քաղաքականության մեջ չի աշխատում "աչքը կուշտ է" սկզբունքը, այլ աշխատում է այլ սկզբունք` ախորժակն ուտելու ընթացքում է բացվում",- նշել է Բագրատյանը:

Գյումրեցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել Հայ ազգային կոնգրեսի անդամներին: "Այսօր բոլորն են վատ ապրում մեր երկրում, սակայն Գյումրիում իրավիճակն ավելի ծանր է: Աշխատանք չունենք, երեխաները ամբողջ օրը աղբանոցներից հաց են հավաքում: Հպարտ գյումրեցուց այսօր ոչինչ չի մնացել",- "Ա1+"-ին ասել է հանրահավաքի մասնակից, Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ավետիսյանը: Գյումրեցի Գայանե Խաչատրյանի կարծիքով` իրենք այսօր արդարության կարիք ունեն. "Մեր երեխաներն ապագա չունեն: Մեր թոշակը միայն լույսին ու գազին չի բավարարում: Թող ասեն` ինչո՞ւ բարձրացրեցին գազի գինը: Իշխանավորները գալիս են Գյումրի, նրանց մոտենալ թույլ չեն տալիս, որ մեր դժգոհությունն արտահայտենք": Հանրահավաքի մասնակից գյումրեցի թոշակառուներն ասել են, թե իրենց թոշակը պատրաստ են տալ Սերժ Սարգսյանին, եթե նա պատասխանի հարցին՝ ո՞նց ապրեն թոշակով համատարած թանկացումների պարագայում: