"ՀԱՅՓՈՍՏ"՝ իրական պատմություննե՞ր, թե՞ նոր "փոստեր"

"ՀԱՅՓՈՍՏ"՝ իրական պատմություննե՞ր, թե՞ նոր "փոստեր"
Ֆրանսիական ազգային փոստային օպերատորը՝ "Լա պոստը", օրերս պայմանագիր է կնքել "Հայփոստ" եւ "Հայփոստ թրաստ մենեջմենթ" ընկերությունների հետ՝  Հայաստանի փոստային ծառայություններն արդիականացնելու մասին: "Հայփոստի" չինովնիկներն այս գործընկերությունը միայն լավագույն հեռանկարների ներքո են նկարագրում՝ որ "Հայփոստն" առաջատար է դառնալու տարածաշրջանում, ունենալու է ժամանակակից սուրհանդակային եւ այլ ծառայություններ, դառնալու է արդյունավետ, տեխնիկայով հագեցած օպերատոր, որպիսինին Հայաստանը ոչ տեսել է, ոչ պատկերացնում է: Այս հրաշքը մեզ մատուցելու են ֆրանսիացի բանիմաց էքսպերտները, որոնց ծառայությունների գինը, սակայն, չի հրապարակվում եւ "Հայփոստ թրաստ մենեջմենթի" ֆինանսական գաղտնիքներից մեկն է: Այդ N գումարը հայաստանցիներն իրենց գրպանից են վճարում "Հայփոստի" հավատարմագրային կառավարիչ, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Չնայած դրան, նրանք իրավունք չունեն իրենց քիթը խոթել հավատարմագրման կառավարման ֆինանսական խոհանոցի մեջ եւ անգամ հասարակ հարցերի պատասխաններ ստանալ: Օրինակ, թե որքան աշխատավարձ է ստանում "Հայփոստի" տնօրենը: Մինչդեռ "Հայփոստի" խոհանոցը վաղուց գաղտնիք չէ: Եւ ոչ միայն Հայաստանում: Ընկերությունը ռուսական հայտնի կայք-էջերի սեւ ցուցակում է, որպես Էռնեկյանի հույսին հանձնված երկրորդ խոշոր բիզնես, որում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 50 տոկոս փայատեր է: Իհարկե, "Հայփոստն" իր "փոստերով" այնքան հայտնի չէ, որքան հայկական ռադիոն, բայց վերջին շրջանում ընկերության գործունեությունից տուժած մոտ 200 քաղաքացիները, որոնցից մոտ տասը դատի են տվել ընկերությանը, ոչ պակաս զվարճալի տեղեկություններ են տրամադրում: Նրանք պատմում են, որ 2006 թվականին, երբ ՀՀ կառավարությունը "Հայփոստի" կառավարման իրավունքը 5 տարով փոխանցեց հոլանդական "Հայփոստ թրաստ մենեջմենթ" ընկերությանը, Հայաստան ժամանեցին  հոլանդացի մասնագետներ, որոնք զբաղված էին փոստային ծառայությունների համար ծրագրեր գրելով: Խումբը Երեւանում աշխատեց մոտ երկու տարի: Սակայն սա նստակյաց աշխատանք չէր: Նույն մասնագետները նմանատիպ ծառայություններ էին մատուցում նաեւ Ադրբեջանում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում: Նրանք հաճախ թռչում էին նաեւ ՌԴ, եւ բացառված չէ, որ իրենց հետ նշված երկրներ էր "թռչում" ՀՀ փոստային առաքումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Նրանց գործունեությունը թանկ նստեց մեր հարկատուների վրա: Միայն թարգմանչի 1 ժամվա ծառայությունների համար դուրս էր գրվում 200 եւրո: Հոլանդացիները ստանում էին ամսական 600 հազար դրամ "Հայփոստի" բյուջեից, որպես աշխատավարձ, գումարած հավելավճարներ զարգացման ծրագրերի մշակման համար, որոնք առանձին վճարումներ էին ենթադրում՝ չհաշված տրանսպորտային, բնակության եւ այլ ծախսերը: Հոլանդացի մասնագետների համար Երեւանի կենտրոնում թանկարժեք բնակարաններ էին վարձվում՝ ամիսը 1500 եւրոյի սահմաններում: Զարգացման ծրագրերի մշակման համար նախատեսված էր 5 տարում ծախսել 3 մլն. եւրո: Բայց նշված գումարն այդքան չդիմացավ: Սպառվեց շատ արագ՝ 2008 թվականի հոկտեմբերին, երբ "Հայփոստի" գլխավոր տնօրեն Հանս Բոոնը գնաց Հայաստանից, այդ փողից մոտ 2 մլն. 900 հազար եւրոն արդեն ծախսվել էր: Ի դեպ, զարգացման ծրագրերի արարումից հետո անհետացան 25 մլն. դրամի գույք՝ համակարգիչներ, նոթբուք, աթոռներ եւ այլն: Ընդ որում, հավատարմագրային կառավարմանն անցնելու շրջանում այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը խոստանում էր, որ հոլանդացիների աշխատանքի արդյունքում Հայաստանում 18 նոր ծառայություններ կստեղծվեն: "Նրանք ասում են, որ փոստը զարգացնում են, բայց ոչ մի ծրագիր չունեն: Ես տեսել եմ նրանց ծրագրերը: Օրինակ, Ա4 ֆորմատի վրա գրված է՝ "Բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը": Սա համարել են ծրագրի դրույթ: Բայց թե ինչպես են բարձրացնում, սրա ուղղությամբ ոչ մի նշում",- ասում է նախկին աշխատակիցներից մեկը, որը երկար դատական վեճի է բռնված "Հայփոստի" հետ եւ չի ցանկանում հայտնել իր անունը: Մեկ այլ աշխատակցուհի՝ մարզային բաժանմունքից, որը եւս չի նշում իր անունը, վախենալով կորցնել աշխատանքը, դժգոհում է աշխատանքի անմարդկային պայմաններից եւ չափից դուրս ցածր աշխատավարձից. "44 հազար եմ ստանում ամիսը՝ փոստային օպերատորի լարված աշխատանքի համար: Ցամաք հացով ենք ապրում: Մի հատ կոշիկ չենք կարողանում առնենք, սրա-նրա շորերն ենք հագնում: Շրջապատի մեջ դուրս գալուց՝ ուրախության կամ տխրության, մարդ ամաչում է: Երեխաս սոված գնում է դասի: Իրենք վերեւներում նստած տաք ու լուսավոր տեղ, իսկ մենք ցրտում նստած ճորտի աշխատավարձով իրենց եկամուտն ենք ապահովում": Մարզային օպերատորը պատմում էր, որ երկու-երեք տարում իրենց աշխատավարձը չի փոխվել: "Հենց բողոքում ենք, ասում են՝ դիմում գրեք, ազատվեք": Մինչդեռ թե ինչ ֆինանսական խրախճանք է տիրում "Հայփոստի" վերեւներում, հասարակ մարզային օպերատորը կամ 35-37 հազար դրամ ստացող փոստատարը չեն էլ պատկերացնում: Ըստ որոշ աղբյուրների, "Հայփոստ" ՓԲԸ գլխավոր տնօրենի  պաշտոնակատար Արման Խաչատրյանը  2008 թվականից մինչ օրս սեփական աշխատավարձը 600 հազար դրամից հասցրել է մոտ 7 մլն.-ի: Բոլոր հարցերը ընկերությունում որոշում է "Հայփոստ թրաստ մենեջմենթի" գլխավոր տնօրեն Խուան Պաբլոն, որն Էռնեկյանի աջ ձեռքն է եւ ժամանակին հարցեր էր կարգավորում նաեւ "Զվարթնոց" օդանավակայանում, իսկ մինչ այդ՝ "Կոնվերս բանկում": Թիմը աստղաբաշխական թվեր է ստանում, որոնք բացահայտման ենթակա չեն: "Դա ընկերության կոմերցիոն գաղտնիքն է",- ասում է "Հայփոստ" ՓԲԸ մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, վստահեցնելով, որ իր ղեկավարի՝ Արման Խաչատրյանի իրական աշխատավարձը 7 մլն. դրամից մի քանի անգամ ցածր է: Նա վստահեցնում է, որ "Հայփոստի" ներսում տիրող անառողջ բարքերի, սոցիալական անարդարության եւ ֆինանսական չարաշահումների մասին լուրերը հին աշխատողների նեղացածության հետեւանքով են ծնվում, եւ որ իրականում "Հայփոստը" Էռնեկյանի թիմի գալուց հետո աննախադեպ եկամուտներ է արձանագրել: "2009-ին մոտ 1,2 մլրդ. դրամի շահույթ է եղել, ինչը շատ լուրջ ձեռքբերում է նախորդ տարիների համեմատ: Բացի դա, այս երկու տարում մոտ 40 փոստային բաժանմունք ոտքից գլուխ վերականգնել ենք",- ասում է խոսնակը: Իսկ թե "Հայփոստի" եկամուտների որ մասն են կազմում կառավարման ծախսերը, նա խոստացավ հայտնել առաջիկայում: