Մինչեվ նախարարները կժամանեին

Մինչեվ նախարարները կժամանեին
Մինչ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը կժամանեին զինակոչիկների կենտրոնական հավաքակայան, մենք լրագրողներով պարապ չէինք կանգնել՝ լուսանկարում ու հարցազրույցներ էինք վերցնում տղաներից: Տաղավարներում խումբ-խումբ հավաքված տղաների մի մասը խուսափում էր տեսախցիկներից, մի քանիսը փորձում էին կադրի մեջ ընկնել, մյուսներն անտարբեր էին: Լրագրողներից մեկը մոտեցավ պատի տակ՝ նստարաններին նստած տղաներին եւ հարցրեց՝ գիտե՞ն արդյոք, թե ինչ է սպասվում իրենց, ուր են գնում: "Բանակ",-կարճ-կոնկրետ եւ սրամիտ պատասխան տվեց տղաներից մեկը: Ամենաուրախը գյումրեցիներն էին: Հենց որ լրագրողները մոտեցան, ուրախ հռհռոցով արագ ազատեցին տաղավարը, տեսախցիկի առջեւ մենակ ու անպաշտպան թողնելով լղար տղային, որ հավանաբար նրանց միջի ամենագրագետն ու ամենախելոքն էր, բայց, ինչպես պարզվեց, ոչ ամենաճարտարը: Համաքաղաքացիները կադրից դուրս հռհռում էին ու գյումրեցի տղային քաջալերող խոսքեր ասում: "Գյումրվա պատիվը բարձր կպահես": "Մենք գնում ենք բանակը վերափոխելու",-հայտարարեց գյումրեցի տղան ու լռվեց: "Ո՞նց եք վերափոխելու",- հարցրեց Հ2-ի լրագրողը: "Մեր տրամադրությամբ":



ԱՌԱՋԻՆ

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ




Տաղավարների երկայնքով շարված են զինակոչիկների առաջին "տուլիկները": Գրեթե բոլոր զինակոչիկները իրենց մազերը կարճ  կտրել էին: Բանակում մազ կտրելը լուրջ խնդիր է, եւ ոչ միայն այն պատճառով, որ մազ կտրելու համար զինվորին կոնկրետ ժամանակ են տալիս, ասենք՝ վաշտի հրամանատարն ասում է. "Մի ժամից մազով մարդ տեսա՝ քամակը պճղովի դեղձ կսարքեմ", իսկ վաշտում, երբեմն նաեւ գումարտակում ընդամենը մեկ մազ կտրող մեքենա է լինում, եւ զինվորները ստիպված են լինում հերթ կանգնել: Այլեւ այն պատճառով, որ շատերի համար "ավել-սավոկի" հետ առաջին հանդիպումը մազ կտրելուց հետո է լինում. բանակում սովորություն կա՝ յուրաքանչյուրը խուզվելուց հետո իր մազերը հավաքում է, բայց "լավերն" առանց հերթի են իրենց մազերը կտրում եւ չեն  էլ հավաքում: Մազ կտրելը բանակի առաջին փորձություններից է, եւ զինակոչիկներից շատերն այդ փորձությունից խուսափելու համար են իրենց մազերը կտրում նախքան հավաքակայան գալը: Շատ փորձություններ ու փորձանքներ կան մեր բանակում, բայց ամենադժվարը եւ ամենավճռորոշը առաջին մեկ ամիսն է, երբ զինվորի ոտքը պիտի սովորի զինվորական ճտքակոշիկներին ու պիտի հարվի, երբ բուժկետում պառկելու ազատ մահճակալ չպիտի լինի, երբ սպաներն ամեն կերպ պիտի փորձեն կոտրել զինվորին, ջնջել նրա անհատականությունը, երբ պիտի առանձնանան գործ չանող "լավերը", արժանապատվորեն ծառայողները եւ թույլերը, որոնց "լավերը" եւ սպաները կարող են ճնշել:



ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵԿԱՆ



Նախարարները եկան եւ շրջեցին գրեթե բոլոր բուժսենյակներով, հարցեր տվեցին ստուգող բժիշկներին: Առաջին բաժանմունքում ասացին, որ զինակոչիկների առողջական վիճակը բարելավվել է, որ զինկոմիսարիատներից հիվանդներին չեն ուղարկում իրենց մոտ, եւ առողջապահության նախարարը մնացած բաժանմունքներում բժիշկներին ուղղված հարցն այսպես էր ձեւակերպում. "Ճի՞շտ է, որ նախորդ տարիների հետ համեմատած զինակոչիկների առողջական վիճակը լավացել է": Բժիշկները պատասխանում էին, որ՝ այո, ճիշտ է: Պաշտպանության նախարարը մոտենում էր զինվորներին, շատերին ձեռքով բարեւում էր եւ նրանցից էր հարցնում, թե պատրա՞ստ են ծառայությանը, ի՞նչ խնդիր ունեն: Հարցվածներից որեւէ մեկը առողջական խնդիր չուներ: Շրջայցի ավարտից հետո նախարարները, հավաքակայանի մատուռի ստվերի տակ կանգնած, կարճ հարցազրույց տվին լրագրողներին, ապա մտան մատուռ եւ մոմ վառեցին: Մոմավառությունից հետո նախարարները դրսում հանդիպեցին զինակոչիկների ծնողների եւ հարազատների հետ, որոնք սպասում էին, որ մի անգամ էլ տեսնեն իրենց սիրելի երեխաներին ու իմանան, թե որ զրրամասն են ընկել: Սեյրան Օհանյանը հարցրեց, թե ինչ մտահոգող հարցեր, խնդիրներ ունեն: "Ասեք, քանի այստեղ եմ, ասեք",-ասաց նախարարը: Քեֆը լավ-լավ մի մարալիկցի պապիկ միայն համարձակվեց խնդրանքով դիմել նախարարին: Նրա խնդրածը մեծ բան չէր՝ երկու րոպեով տեսնել թոռանը: Նախարարը ժպտալով հարցրեց, թե որտեղ է խմել: Պապը ստեց, ասաց, որ խմած չի: Նախարարը կատակեց, որ մինչեւ չխոստովանի որտեղ է խմել, թոռան մոտ չի թողնի: Պապը խոստովանեց, որ այդտեղ՝ հավաքակայանի պատի տակ էլ խմել է: Օհանյանն իր կողքի կանգնած սպային հրահանգեց, որ մարալիկցի պապին թոռան մոտ տանեն: Նախարարները գնացին, պապը ներս մտավ, թոռանը տեսավ, դուրս եկավ ու անդադար օրհնում էր Սեյրան Օհանյանին: Նրանից իմացանք, որ թոռը գիշերը հավաքակայանում է անցկացրել, եւ ինքն էլ դրսում հավաքակայանի պատի տակ խմելով է գիշերը լուսացրել:



ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՄԻՋՈՑ



Մեզ՝ լրագրողներիս հավաքակայան բերած ավտոբուսի մեջ նստած, սպասում էինք ԱԼՄ-ի լրագրողին եւ կին օպերատորին, որոնք նախարարների գնալուց հետո մտել էին հավաքակայան եւ նկարահանումներ էին անում: Հոգնած, հազար գործի տեր լրագրողները տրտնջում էին ու ԱԼՄ-ի անձնակազմին մեղադրում պրոֆեսիոնալ չլինելու մեջ: "Թող էն ժամանակ նկարեին, թող էն ժամանակ զինվորներից հարցազրույց վերցնեին",-ասում էին լրագրողները, չհասկանալով, որ իրականում պրոֆեսիոնալն ԱԼՄ-ի անձնակազմն է, որ հավաքակայանի տարածքն ու զինվորներին նախարարների գնալուց հետո է նկարում: