Այ եթե Քարամյանները մնային...

Այ եթե Քարամյանները մնային...
Մայիսի 22-ին ավարտվեց Ռումինիայի ֆուտբոլի առաջնությունը: Բուխարեստի "Ստյաուան", որտեղ հանդես են գալիս Քարամյան եղբայրները, վերջին տուրում 2:0 հաշվով առավելության հասավ Արջեշի "Կուրտեայի" նկատմամբ եւ զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:

Թիմի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան մտադիր է իր պայմանագիրը խզելու նպատակով հանդիպել ակումբի ղեկավարության հետ:

Իսկ Քարամյան եղբայրները եւս մեկ անգամ նշել են, որ կցանկանան իրենց կարիերան շարունակել Ռումինիայի ամենատիտղոսակիր ակումբում. "Քարամյաններն իրենց չեն սպառել,-ասել է եղբայրներից Արմանը:-Մենք այլ առաջարկ ունենք, սակայն կցանկանայինք մնալ "Ստյաուայում"": Հիշեցնենք, որ բուխարեստյան թիմի սեփականատեր Ջիջի Բեկալին մրցաշրջանի ընթացքում անընդհատ խոսում էր թիմում սպասվող մեծ փոփոխությունների մասին, սակայն Ռումինիայի առաջնության ավարտից հետո ռումինացի մեծահարուստն այդքան էլ հակված չէ կադրային "վիրահատությունների": Բեկալին ռումինական ԶԼՄ-ներին հայտնել է, որ "Ստյաուայի" գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի հրաժարականը դեռ չի ընդունել, եւ չի բացառվում, որ մասնագետը մնա իր պաշտոնում: "Ստոյկիցան մեզ միացավ բավական ծանր պահի, եւ ես երբեք չեմ մոռանա դա։ Նա լավ մարզիչ է, սակայն չկարողացավ կարգավորել հանդերձարանում առկա խնդիրները։ Երբ նա գլխավորում էր "Ստյաուան", ես ասացի, որ հանդերձարանում բարդ է լինելու։ Նա փորձեց, սակայն խաղացողները ոչ միշտ էին ենթարկվում նրան",-ասել է Բեկալին: "Ստյաուայի" սեփականատերը տեղեկացրել է, որ թիմը ղեկավարելու առաջարկ է արել Ռումինիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Պիցուրկեին, որը ժամանակին նույնպես աշխատել է մայրաքաղաքային թիմում։ Եթե Պիցուրկեն հրաժարվի վերադառնալ "Ստյաուա", ապա Ստոյկիցան կշարունակի աշխատանքը։ Ստոյկիցայի մնալու դեպքում չի բացառվում, որ "Ստյաուայի" հետ պայմանագիրը երկարաձգեն Արման եւ Արտավազդ Քարամյանները, որոնք մայիսի 31-ից պետք է ազատ խաղացողի կարգավիճակ ստանան: Նրանք հենց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստոյկիցայի նախաձեռնությամբ էին հայտնվել Բուխարեստում: