Պատվանդանները փայլում էին

Պատվանդանները փայլում էին
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ բացվել են Օպերայի տարածքի տակ գտնվող ավտոկայանատեղին եւ Ազատության հրապարակը: Փոխվել էին հրապարակում դրված Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանների պատվանդանները: Նոր փայլուն սալիկով պատված պատվանդաններն ավելի շատ Հյուսիսային պողոտայի նորակառույց էլիտար շենքերին էին համահունչ, քան Օպերայի շենքին: Էլիտար պատվանդանների վրա դրված արձանները խնամված էին եւ փայլում էին՝ իրենց մոտ հրավիրելով զբոսաշրջիկներին: Արձանների շուրջ հավաքված զբոսաշրջիկներից զատ, երկու ՀՀ քաղաքացի էլ կային՝ մի կին ու մի տարեց տղամարդ: Կինն անչափ ուրախ էր, որ վերջապես արձաններն իրենց տեղն են գրավել, եւ նոր պատվանդաններն էլ հավանում էր: Տարեց տղամարդը մի քանի անգամ կրկնեց նույն նախադասությունը. "Ազատության հրապարակը բացեցին, մնաց ազատ երկիր դառնա":   Մեքենաների նորաբաց կայանատեղիում ընդամենը երկու-երեք ավտոմեքենա էր կանգնած, այնինչ կայանատեղին կարող է մինչեւ հինգ հարյուր մեքենա տեղավորել: Կայանման առաջին տասը րոպեն անվճար է, այնուհետեւ յուրաքանչյուր ժամի համար վարորդները 200 դրամ պիտի վճարեն: Քաղաքապետարանի աշխատակիցները եւ ոստիկանները քննարկում էին Հյուսիսային պողոտան նշագրված անցումով Ազատության հրապարակին միացնելու հարցը: Այդ պահին մեծ արագությամբ մի քանի թանկարժեք մեքենաներ անցան: Աշխատակիցներից մեկը նկատեց, որ վարորդները շատ արագ են մեքենա վարում, եւ դա վտանգավոր կլինի: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ասաց, որ միեւնույն է՝ մարդիկ ուղիղ գծով անցնում են, եւ հարցը կարելի է լուծել ճանապարհի վրա խոչընդոտ դնելով: Այս վերջին վտանգավոր միջոցառումով, փաստորեն, ամբողջանում է Օպերայից սկսվող Հյուսիսային պողոտայի գաղափարը:

Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք հետայսու Ազատության հրապարակում հանրահավաքներ արտոնվելո՞ւ են, եւ հրապարակի տակ գտնվող կայանատեղին հանրահավաքը չարտոնելու պատճառ կարո՞ղ է լինել, թե՞ ոչ: Քաղաքապետարանից մեզ պատասխանեցին, որ այդպիսի խնդիր դեռ չի առաջացել, եւ պետք է դա ճշտեն գլխավոր ճարտարապետից: