Ավագանիներն ընդդեմ օրինազանց քաղաքապետի

Ավագանիներն ընդդեմ օրինազանց քաղաքապետի
Իջեւան քաղաքի ավագանու արդեն նախկին անդամներ (քաղաքապետի որոշմամբ նրանց լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են) Վարդան եւ Վահե Ղալումյաններն ու Սուրեն Մանուչարյանն իրենց փաստաբան Նաիրա Խաչատրյանի հետ երեկ "Հայելի" ակումբ էին եկել՝ պատմելու Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի անօրինությունների ու դրանց դեմ իրենց մղած պայքարի մասին: Հայաստանի ՏԻՄ պատմության մեջ թերեւս առաջին անգամ ավագանին դուրս է եկել քաղաքապետի դեմ, անգամ նրան անվստահություն է հայտնել: "2008թ.-ին ընտրվելուց հետո ավագանին փորձեց օրենքով վերապահված իր լիազորությունները կյանքի կոչել, եւ էդ  ճանապարհին հանդիպեցինք քաղաքապետի դիմադրությանը... Քաղաքապետի գործունեությունն ամբողջությամբ պետք է հրապարակային լինի, էդ ամեն ինչը մթագնված ու փակ է նույնիսկ ավագանու անդամների համար: Որեւիցե ինֆորմացիա, ֆինանսական որեւէ փաստաթուղթ նայելու հնարավորություն մենք չունեինք",-Իջեւանի քաղաքապետ-ավագանի հակամարտության նախապատմությունն է պատմում Վահե Ղալումյանը:

Նրա խոսքով, քաղաքում ապօրինաբար բազմաթիվ կանաչ գոտիներ ու տարածքներ են օտարվել՝ շուկայականից անհամեմատ ցածր գներով՝ եւ հիմնականում քաղաքապետարանի անձնակազմին ու քաղաքապետի մտերիմներին: Ավագանիները հոկտեմբերի 2-ին դիմել են Տավուշի մարզպետարան եւ կառավարություն, իսկ  հոկտեմբերի 6-ին՝ հրավիրել նիստ քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշում կայացնելու: Ավագանու 13 անդամներից 8-ը կողմ է քվեարկել, քաղաքապետարանի որեւէ ներկայացուցիչ չի մասնակցել նիստին: Որոշումը, որն ուղարկել են կառավարություն, անպատասխան է մնացել: Մամուլից ավագանիներն իմացել են, որ որոշումը չի քննարկվել, որովհետեւ կից չեն ներկայացրել այն հիմքերը, թե ինչու են անվստահություն հայտնում Վարուժան Ներսիսյանին: Քաղաքապետն իհարկե ձեռքերը ծալած չի նստել եւ անհապաղ միջոցառումներ է ձեռնարկել՝ անհնազանդ ավագանիներից (5 հոգի) ազատվելու համար: Ըստ ավագանիների, անհնազանդների լիազորությունները Վարուժան Ներսիսյանը վաղաժամ դադարեցված է ճանաչել` ավագանու նիստերի կեսից ավելիին անհարգելի բացակայելու պատճառաբանությամբ, այն դեպքում, երբ ավագանիները ՏԻՄ օրենքով սահմանված կարգով ընդհանրապես չեն տեղեկացվել նիստերի անցկացման  մասին (քաղաքում ցուցավահանակներ չեն տեղադրվել, ավագանիները չեն ծանուցվել եւ այլն):  Բացի այս, ավագանու նիստից 7 օր առաջ նիստի օրակարգը պետք է տրամադրվի ավագանիներին, ինչը եւս չի արվել: Ապօրինաբար լիազորություններից զրկված ավագանիները դիմել են վարչական դատարան: Դատարանում, փաստաբան Նաիրա Խաչատրյանի խոսքով, քաղաքապետը ներկայացրել է կեղծ ապացույցներ, օրինակ, երբ փաստաբանը հարցում է ուղարկել Իջեւանի ոստիկանությանը՝ քաղաքում ավագանու նիստերի մասին իրազեկող վահանակների տեղադրման մասին, ոստիկանությունից ստացվել է պատասխան, որ վահանակներ չեն տեղադրվել, եւ պատասխանը ստորագրել է ոստիկանապետը: Ժամանակ խնդրելով՝ հաջորդ օրը քաղաքապետի շահերի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել նույն ոստիկանապետի ստորագրությամբ մեկ այլ փաստաթուղթ՝ հակառակ բովանդակությամբ, որ տեղադրված են: Քաղաքապետի շահերից բխող "ապացույցներ" է ներկայացրել նաեւ Վարուժան Ներսիսյանի ազգականներից մեկին պատկանող "Իջեւան" ստուդիան: Մի խոսքով, վարչական դատարանը ավագանիների լիազորությունները վերականգնելու մասին հայցը մերժել է: Ավագանիները որոշումը բողոքարկելու են: Նրանք  բերեցին նաեւ իրենց քաղաքապետի աշխատանքից մի օրինակ: Վարուժան Ներսիսյանը, ըստ Ղալումյան եղբայրների, 1 մլն. 200 հազար դրամ է հատկացրել համայնքային բյուջեից շենքերի տանիքները նորոգելու համար, սակայն ավագանիներն այդ գործն արել են 300 հազար դրամով: "Քաղաքապետին նման բաները դուր չեն գալիս, մտածում ա՝ ավագանիներին ոնց ցրի, որպեսզի կարողանա բյուջեն մենմենակ տնօրինի կամ էլ  ոնց ուզի ծախսի",-ասում է Վարդան Ղալումյանը: Ավագանիների խոսքով, Իջեւանում իրենց էլ են լավ ճանաչում, քաղաքապետին էլ, որն արդեն 11 տարի է՝ իշխանության գլխին է: Ընդհանուր առմամբ, դատական տարբեր ատյաններում ավագանու անդամների կողմից Իջեւանի քաղաքապետի դեմ հարուցված 6 դատական գործ կա, 3-ը՝ ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու եւ մյուսը՝ բյուջեն հաստատելու մասին որոշման դեմ (բյուջեն հաստատվել է ավագանու 13 անդամներից ընդամենը 3-ի մասնակցությամբ):  2-ը վերաբերում է ավագանիների կողմից փաստաթղթեր պահանջելուն, մասնավորապես ավագանու նիստերի որոշումներն ու արձանագրությունները ներկայացնելուն, որոնք քաղաքապետը հրաժարվում է ներկայացնել անգամ դատարանի վճռի պարագայում:  Արձանագրությունները նրանք ԴԱՀԿ ծառայության միջոցով են ակնկալում ստանալ: Ավագանիների պատմածից բոլորովին տարբեր իրավիճակ ներկայացրեց Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: "Ավագանու այս նախկին անդամները ընդամենը անձնական խնդիրներ են հետապնդում, նրանց հետեւին կանգնած են որոշակի ուժեր, որոնց պատվերն են նրանք կատարում, եւ դեռեւս 2004թ.-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ներկայությամբ նախկին պատգամավոր  Արծրուն Ղալումյանն իրեն դրսեւորել էր ոչ կոռեկտ եւ անվայել, որի  համար բոլորի ներկայությամբ իմ կողմից համարժեք պատասխան էր ստացել, եւ մինչ օրս նա ոչ մի կերպ չի համակերպվում դրա հետ՝ գործիք դարձնելով համայնքի ավագանու իր հետ խնամի-բարեկամ մի քանի ավագանիներին: Հովանավորվելով դատախազության եւ ոստիկանության գլխավոր քննչական վարչության որոշ աշխատակիցների կողմից, ձգտում է խոչընդոտելով կազմալուծել համայնքի գործունեությունը",-ստեղծված խառնաշփոթն այսպես մեկնաբանեց Իջեւանի քաղաքապետը: Նրա խոսքով, արդեն երկու տարի է՝ նախկին պատգամավորն իր հորեղբոր որդիներ Վարդան եւ Վահե Ղալումյանների հետ ամեն ինչ անում է քաղաքում խնդիրներ ստեղծելու համար: Ըստ Ներսիսյանի, քանի որ վճռաբեկ դատարանը նրանց բողոքը վարույթ չի ընդունել՝ արդեն անցնելու են դեմագոգիայի: